«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս23)
Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն
Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին
(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am, https://iravunk.com/?p=305355&l=am, https://iravunk.com/?p=305432&l=am, https://iravunk.com/?p=305500&l=am, https://iravunk.com/?p=305546&l=am, https://iravunk.com/?p=305636&l=am, https://iravunk.com/?p=305728&l=am, https://iravunk.com/?p=305812&l=am, https://iravunk.com/?p=305928&l=am» https://iravunk.com/?p=306020&l=am, https://iravunk.com/?p=306072&l=am, https://iravunk.com/?p=306169&l=am» https://iravunk.com/?p=306243&l=am, https://iravunk.com/?p=306343&l=am)
Այսպիսով այն, որ Փարիզ-Քի Ուեսթ բանակցային գործընթացի հիմնական փաստաթուղթը` «Փարիզյան սկզբունքները», գործնականում «Մեղրիի տարբերակի» կամ ՙԳոբլի պլանի՚ «մոդեռնիզացված» տարատեսակներից մեկն էր, թերեւս եւ ոչ մի կասկածի տեղիք չի տալիս:
ՄԵՂՐԻՆ ՏԱԼՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Իհարկե, այդ «մոդեռնիզացիան» անհրաժեշտություն էր` ամենաշատը Հայաստանի, ավելի կոնկրետ` այդ գործընթացում մեր երկիրը ներկայացնողների համար: Իմաստն էլ դժվար չէ կռահել. «Մեղրիի տարբերակն» այն տեսքով, որն ուներ 1999թ. վերջերին ու 2000թ. սկզբներին, Հայաստանում առաջ տանելն գործնականում անհնար էր, թեկուզեւ, արդեն Ռոբերտ Քոչարյանն ուներ գրեթե բացարձակ իշխանութնուն:
Նախ` այն պատճառով, որ չնայած Վազգեն Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի ֆիզիկական ոչնչացման փաստին, Հայաստանում կար բավականին լուրջ ընդդիմադիր հատված: Ընդ որում` քաղաքական ընդդիմությունից զատ, այդ դաշտում էր տեղափոխվել ինչպես ժամանակին Վ. Սարգսյանի կողմից համախմբած, այնպես էլ` այդ համախմբումից դուրս մնացած ազատամարտիկների բացարձակ մեծամասնությունը:
Բացի այդ, ազատամարտիկների այն մյուս հատվածը, որը տեղավորվել էր պետական ուժային կառույցներում, եթե քաղաքական տեսանկյունից համեմատաբար լոյալ վերաբերմունք ունեին դեռ ամենեւին էլ իր հզորության գագաթնակետին չհասած Ռ. Քոչարյանի նկատմամբ, սակայն չկար եւ ոչ մի երաշխիք, որ «Մեղրիի տարբերակն» առաջ տանելու պարագայում այդ լոյալությունը միանգամից չէր վերածվելու ծայրահեղ թշնամության: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանում դեռ թարմ էր ազատամարտում հաղթանակի կշիռը, եւ հնարավոր չէր տարածել գաղափարը, թե ինչու պետք է ինչ-որ բան տալ այն ամենից, որը մեր վերահսկողության տակ էր անցել արյան գնով:
Եվ, երկրորդ գործոնը. սկսած 2000թ.-ից, այսինքն` այն բանից, ինչ սկսվեց Պուտինի ժամանակաշրջանը, արդեն այնքան էլ անվտանգ չէր բացահայտորեն առաջ տանել այնպիսի աշխարհաքաղաքական ծրագրեր, որոնք ուղղակիորեն հարվածում էին Ռուսաստանի անվտանգությանը: Համենայնդեպս` Հայաստանի իշխանությունները նման ռիսկի գնալու հնարավորությունից զրկված էին, ինչը ապացուցեց 2000թ.-ի ընթացքում ՌԴ-ի կողմից մեր երկրի նկատմամբ կիրառված մի քանի խոշոր տնտեսական ճնշումները:
Բայց նաեւ նկատենք, որ Ռ. Քոչարյանը զրկված էր նաեւ Արեւմուտքին կտրուկ դեմ գնալու հնարավորությունից, կոնկրետ դեպքում` Հեյդար Ալիեւի հետ դեմ առ դեմ ձեւաչափով գործընթացի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններից: Գործընթաց, որը, հիշեցնում ենք, սկիզբ էր առել ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի աշխատասենյակում: Այսինքն` պետք էր մի տարբերակ, որը մի կողմից` ըստ էության համահունչ լիներ այդ գործընթացի տակ տրված «Գոբլի պլան» կոչվող գլոբալ գաղափարախոսությանը, մյուս կողմից էլ, կոպիտ ասած, ռուսները խոսելու տեղ չունենային: Իսկ այն, ինչ ենթադրաբար դրված էր «Փարիզյան սկզբունքների» հիմքում, հենց դա էր. խոշոր հաշվով հնարավորություն էր ստեղծվում ձեւավորել Հայաստանի հարավով անցնող արեւելք-արեւմուտք միջանցք, ինչը «Գոբլի պլանի» հիմնական նպատակն էր: Մյուս կողմից էլ` ռուսները պարզապես բացահայտորեն բողոքելու հնարավորություն չէին ունենում. պարզապես բողոքի դեպքում կբախվեին այն համաշխարհային մեղադրանքների հետ, թե ինչ եք ուզում, մարդիկ խաղաղության պայմանավորվածություն են ձեռք բերել, ճանապարհներն են բացում, որն էլ Ղարաբաղի հարցում «Մինսկի խմբի», այսինքն` նաեւ ձեր` Ռուսաստանի հիմնական առաքելությունն է:
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏ ԷՐ ԱՐՑԱԽԸ «ՀԱՆՁՆԵԼ»
Սակայն, փաստն այն է, որ Քի Ուեսթում ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին: Թե ինչքանով էր դրանում առկա Ռուսաստանի ստվերային դերակատարությունը, դժվար է ասել: Բայց այն, որ Քի Ուեսթը տապալվեց` ոչ թե հայաստանյան, այլ` ադրբեջանական իշխանությունների պատճառով, դա էլ դժվար չէ տեսնել: Ինչո՞ւ...
Այստեղ արդեն վերադառնանք Թոմաս դե Վաալի «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջեւ» գրքին, ըստ որի` հենց Հ. Ալիեւն էր Քի Ուեսթի վերջնական տարբերակն առաջ քաշողը. «Քի Ուեսթում բանակցային ճեղքումը գրեթե տեղի ունեցավ, երբ Ալիեւն առաջարկեց կարեւորագույն զիջումներ ամենազգայուն` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում՚, միայն թե իրականացվեր ՙԱդրբեջանը Նախիջեւանին կապող միջանցքի վերահսկողությունը միջազգային խաղաղարարների կողմից եւ փախստականների Շուշի վերադառնալու իրավունքը»:
Ինչո՞ւ Ալիեւը գնաց նման արմատական քայլի: Թոմաս դե Վաալն այդ քայլի պատճառը փորձում է մեկնաբանել այսպես. «Ինչպես բացատրեց արեւմտյան դիվանագետներից մեկը, Ալիեւը հետեւյալ սկզբունքն ուներ` «ամեն ինչ, կամ ոչինչ»: Նա ցանկանում էր կա´մ ամբողջությամբ վերադարձնել Ղարաբաղը, կա´մ ամբողջությամբ դրանից հրաժարվել»: Ամենաքիչը, ինչը կցանկանար Ադրբեջանի նախագահը, իր կազմում անհանգիստ, հայերով բնակեցված տարածաշրջան ունենալն էր: Ուրեմն, լավ չէ՞ առհասարակ դրանից ազատվել, բայց հայերից այլ հարցերում զիջումներ ստանալ»: Նաեւ հաշվի առնելով, որ պատրաստվում էր իշխանությունը որդուն փոխանցել, եւ ավելի հարմար կլիներ կանխավ նրան ազատել արցախյան գլխացավանքից:
Մյուս կողմից էլ` խորհրդային ԿԳԲ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիեւը, հազիվ թե, միայն այսքանը հաշվարկած լիներ: Գոնե մոտավորապես պատկերացնելու համար, թե իրականում ինչ կարող էր լինել այդ «ծեր աղվեսի» մտքին, փորձենք տեսնել այն հեռանկարները, որոնք սպասվում էին, եթե Քի Ուեսթի պայմանավորվածությունները վերածվեին խաղաղության պայմանագրի:
Աշխարհագրական առումով` իրավիճակը կլիներ հետեւյալը. նախկին ԼՂԻՄ-ը փաստացի միանում էր Հայաստանին Լաչինի մի քանի կիլոմետրանոց նեղլիկ միջանցքով: Ռազմավարական տեսանկյունից դա շատ խոցելի էր, քանի որ ոչ ոք չէր կարող երաշխավորել, որ խաղաղության պայմանագրից մեկ կամ տաս տարի անց Ադրբեջանը չէր մտածի շտկումներ իրականացներ տարածաշրջանում եւ կրկին պատերազմ սկսեր: Այդ դեպքում Լաչինի այդ նեղլիկ միջանցքը երկկողմանի հարվածով փակելը կարող էր հաշված ժամերի խնդիր լիներ: Հաջորդը. նման պայմանավորվածությունը ենթադրում էր մնացած բոլոր ազատագրված տարածքների վերադարձ: Խոսքը նաեւ Քելբաջարի մասին էր, որտեղ ձեւավորվում են Ղարաբաղի խմելու ջրի հիմնական պաշարները:
Այս ամենից զատ` Մեղրիի միջանցքի գործարկումը, թերեւս, ենթադրում էր, որ այս ուղղությամբ կանցնեին արեւելքից դեպի Թուրքիա գնացող խոշոր էներգետիկ եւ առեւտրային հոսքեր: Ինչ եկամուտներ դա կապահովեր Հայաստանի համար, կարելի է փորձել հաշվարկել: Սակայն, արդյունքում ձեւավորվում էր մի իրավիճակ, երբ Հայաստանի ողջ տնտեսությունը, այսինքն` տնտեսական անվտանգությունը, դառնում էր հենց այդ` ադրբեջանական էներգետիկայից կախված: Իսկ դրան զուգահեռ սպասվող ադրբեջանաթուրքական տնտեսական ինտերվենցիայի արդյունքում, հազիվ թե, հայաստանյան որեւէ տնտեսական օբյեկտ մնար որեւէ հայի սեփականության տակ:
Եվ, վերջապես, «փախստականների Շուշի վերադառնալու իրավունք» ասվածն այս իրավիճակում, ըստ էության, նշանակում էր, որ ընդամենը մեկ-երկու տասնամյակ անց թուրքական տարրը վերստին սկսելու էր արագ տեմպերով տարածվել ոչ միայն Ղարաբաղում, այլ` Հայաստանի մնացած հատվածներում եւս: Իսկ տնտեսական ինտերվենցիան կտրուկ սրելու էր այդ գործընթացը: Երբ սրան ավելացնում ենք հայերի ծնելիության նման ցածր մակարդակը, ինչպես նաեւ արտագաղթելու նկատմամբ մեծ հակումը, դժվար չէ ենթադրել, թե ընդամենը մեկ-երկու տասնամյակում մեր երկրի դեմոգրաֆիկ պատկերն ինչ խորքային փոփոխությունների կենթարկվեր: Այսինքն` մոտավորապես այն, ինչ Քի Ուեսթից երկու-երեք տարի անց սկսվեց Վրաստանում: Թե տնտեսական եւ էներգետիկ ինտերվենցիայի արդյունքում այսօր այդ երկիրն ինչ չափով է կավածության մեջ հայտնվել Ադրբեջանից եւ Թուրքիայից, վկայում են Բաքվում նախագահ Սահակաշվիլու կողմից բազմիցս հնչեցված հավատարմության երդումները: Այն, որ դա վերածվել է դեմոգրաֆիկ ինտերվենցիայի, ապացուցում են այն տասնյակ հազարավոր թուրքերը, որոնք հասցրել են գրանցում ստանալ Աջարիայում եւ այդ տարածաշրջանում գրեթե ամեն ինչ իրենց սեփականության տակ առնել: Ընդհուպ մինչեւ այն, որ Թբիլիսիի մերձակայքում քաղաք հիմնելու եւ դա չինական թուրքերով` ույղուրներով բնակեցնելու ծրագրեր են իրականացվում, վկայում է այն մասին, թե Թուրքիան ինչ լուրջ գործնական մոտեցումներ ունի տարածաշրջանի մակարդակով դեմոգրաֆիկ հեղափոխություն իրականացնելու հարցում:
Եվ այդ ամենը հասցրել են անել, երբ Ռուսաստանը բավականին հզորություն է հասցրել ձեռք բերել, անմիջապես Վրաստանի հարեւանն է ու փորձում է ինչ-որ կերպ դիմագրավել այդ գործընթացներին: Այս առումով միգուցե ինչ-որ ժամանակ շարքային վրացիներն էլ կգիտակցեն, որ 2008թ. օսեթական պատերազմում իրենք ոչ թե պարտվել, այլ իրականում հաղթել են` իրենց երկիրը թուրքական այդ գլոբալ ինտերվենցիայի պաշտպանելու հնարավորություն ստանալով:
Իսկ Հայաստանի պարագայում, հազիվ, թե այդ շանսը լիներ: Աշխարհ ասվածը դժվար թե մատը մատին տար` թուրք-ադրբեջանական ինտերվենցիայի դեմն առնելու: Ռուսաստանը միջամտելու հնարավորություն պարզապես չէր ունենա, իսկ Արեւմուտքին, խոշոր հաշվով, մեկ բան էր պետք` էներգետիկ հոսքեր, որոնք շատ ավելի ապահով կլինեին, եթե խողովակաշարերը Կասպից ծովից մինչեւ Թուրքիա հասնեին դեմոգրաֆիկ առումով միատարր տարածաշրջանով:
Արդյունքում` պատերազմում հսկայական կորուստներ կրած եւ պարտված Ադրբեջանը իրական հնարավորություն էր ստանում խաղաղության միջոցով գրավել ոչ միայն Ղարաբաղը, այլ` Հայաստանն էլ հետը: Հենց այս հնարավորությունը հաշվի առնելով է, որ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո Թուրքիան ամեն ջանք գործադրում, հորդորում էր Էլչիբեյին` Ղարաբաղում պատերազմ չսկսել եւ առավելագույն զիջումների գնով անգամ հաշտվել հայերի հետ: Մոտավորապես նույն գաղափարախոսությամբ էր Հեյդար Ալիեւն առաջնորդվում, երբ դեռ ընդամենը Նախիջեւանի ղեկավարն էր:
(Շարունակելի)
https://iravunk.com/sim/?p=306455&l=am/