ՌԴ-ն ու ԱՄՆ-ն որ գոտում են թողնում Հարավային Կովկասը
Վերլուծություն
Ինչպես քանիցս նշելու առիթ ունեցել ենք, ներկայիս ռուս-ամերիկյան բանակցություններում Ուկրաինայի թեմա առանձնապես չի էլ շոշափվում: Ուկրաինայի մասով վաղուց են ամեն ինչ պայմանավորվել-վերջացրել, եւ հիմա, ընդամենը, այդ պայմանավորվածությունները փողային տեսքով դրվելու են Կիեւի առաջ ստորագրման, իսկ Եվրոպան պասիվ դիտորդի դերում ընդամենը հետեւելու է այդ ամենին:
ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԷԻՆ ԼԱՎՐՈՎԻ ԱՅՑԵՐԸ ԱՆԿԱՐԱ ԵՎ ԹԵՀՐԱՆ
Այսպիսով, ռուս-ամերիկյան բանակցությունները բոլորովին այլ ուղղվածությամբ են: Հիմնական խնդիր էր Իրանը, բայց շատ նման է, որ այս հարցում եւս արդեն կան պայմանավորվածությունների հիմնական կոնտուրները, եւ մնում է այդ ամենին որոշակի դետալային տեսք հաղորդել: Հաշվի առնելով, որ ներկա պահին արդեն օրակարգ են բերվում միանգամայն այլ հարցեր: Այդ մասին Մակրոնի հետ հանդիպմանը նաեւ Թրամփը փակագծեր բացեց, թե՝ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը քննարկում են «խոշոր տնտեսական նախագծերը»: Իսկ «խոշոր տնտեսական նախագծերը», նկատի առնենք, չեն կարող առաջ գալ, եթե դրանց հիմքում դրված չեն աշխարհաքաղաքական պայմանավորվածություններ:
Մեզ համար, իհարկե, այս պահին առաջնային է մնում հենց Իրան-Մերձավոր Արեւելք ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, հաշվի առնելով, որ այդ ամենն ուղղակիորեն վերաբերում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանին: Այսինքն, այդ գլոբալ պայմանավորվածություններում ի՞նչ դեր է հատկացվում Հարավային Կովկասին, ի՞նչ հիմնական աշխարհաքաղաքական մթնոլորտ է դա ենթադրում: Այդ մասին բավականին հետաքրքիր ակնարկներ նկատվեցին արտգործնախարար Լավրովի՝ Անկարա այցի համատեքստում: Եվ որոնք, թերեւս, կզգացվեն երեկ Իրան կատարած այցի դետալներից: Նաեւ նկատենք, այն, որ այս երկու այցն անմիջապես նախորդում է Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան երկրորդ բանակցային փուլին, նշանակում է մեկ բան՝ պետք է Անկարայի եւ Թեհրանի հետ որոշակի դետալներ հստակեցնել, որ դրանց հիման վրա հնարավոր լինի ամերիկացիների հետ պայմանավորվածություններին ամբողջական տեսք տալ:
ԹՈՒՐՔԻԱ
Այսպիսով, ի՞նչ ի ցույց դրեց Լավրովը Անկարայում: Նախ, ըստ պաշտոնական աղբյուրների՝ նա Ֆիդանին ներկայացրել է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների որոշակի դետալներ: Այդ թվում, կապված Ուկրաինայի եւ, այսինքն, ենթադրելի է, թե ինչ լուծումներ են այնտեղ սահմանված: Ապա նաեւ՝ Մերձավոր Արեւելքի հետ կապված, որի համատեքստում, չմոռանանք, նաեւ կովկասյան ուղղությունն է: Բանակցություններին հաջորդած Լավրովի տեղեկացմամբ՝ «Մենք դիտարկել ենք Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարները… Հատուկ ուշադրություն է դարձվել կողմերի միջեւ վստահության ամրապնդման, ենթակառուցվածքների եւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման, տնտեսական գործունեության ակտիվացման, դրանց թվում՝ «3+3» միջազգային խորհրդատվական հարթակի (Հարավային Կովկասի երեք երկրներ եւ նրանց երեք հարեւաններ՝ Ռուսաստան, Թուրքիա եւ Իրան) շրջանակում բազմակողմ համաձայնագրերի հիման վրա»: Այսինքն, խոսքը գործնական մոտեցումների մասին է, թե Մոսկվան առաջիկայում ինչպես է տեսնում կովկասյան հարթակում հարաբերությունների ձեւավորումը: Ու նկատենք. եթե ներկա խառը փուլում հարցը տեղափոխվում է դետալային հարթություն, ապա դա եւս խոսում է, որ գլոբալ պայմանավորվածություններ կան: Ի դեպ, այստեղ հաշվի առնենք, որ Թրամփի թիմից կովկասյան ուղղության մասին այդպես էլ որեւէ ռեալ հայտարարություն դեռ չի հնչեցվել: Այն տպավորությունն է, որ այս ուղղությունն առհասարակ Թրամփին հետաքրքիր չէ, եւ հենց դա էլ իր հերթին է ակնարկում, թե հիշատակված գլոբալ պայմանավորվածություններն ինչ բնույթի են:
Իսկ այն, որ հաջորդեց բանակցություններ նաեւ Էրդողանի եւ նրա «հարց լուծող» որոշակի պաշտոնյաների հետ, նաեւ խոսում է այն մասին, որ հիմա Թուրքիան է, որ պետք է վերջնականապես կողմնորոշվի՝ շարունակո՞ւմ է բրիտանացիների խաղերն այս տարածաշրջանում առաջ տանելու իր կուրսը, թե՞ պետք է փորձի հարմարվել նոր իրողություններին, որոնք, ի դեպ, նաեւ տնտեսական տեսանկյունից կարող են միանգամայն խոստումնալից լինել:
Առավել եւս, որ սիրիական ուղղությամբ Թուրքիայի համար նոր բարդություններ են ուրվագծվում: Այսպես, The Wall Street Journal-ի պնդմամբ, Թրամփի վարչակազմը դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմացման Բայդենի ծրագիրը: Այսինքն, սիրիական ղեկավարները Վաշինգտոնի համար մնում են ահաբեկչական խմբավորման կարգավիճակում, ինչքան էլ որ Էրդողանը փորձում է նրանց քաղաքակիրթ տեսք տալ: Ու հիմա պարզվում է, որ թրամփյան ԱՄՆ-ն չի ընդունում թուրքական այդ ծրագիրը, եւ դեռ հարց է, թե ինչ պատկերացումներ կան Վաշինգտոնում Սիրիայի ապագայի հետ կապված: Այդ թվում, Թրամփի համար օրակարգայի՞ն է Քուրդիստանի ստեղծումը, որը նաեւ Իսրայելի մեծագույն ցանկություններից է: Եթե այդպես է, ուրեմն Թուրքիան լուրջ խնդիրներ ունի եւ հատկապես այս պահին հազիվ թե ցանկանա մերժել Մոսկվայի առաջարկները:
Ճիշտ է, միեւնույն ժամանակ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն որոշել է փակել Հունաստանում գտնվող Ալեքսանդրուպոլիի ռազմաբազան: Ու թեեւ տարբեր աղբյուրներ փորձեցին դա ներկայացնել, որպես Էրդողանի օգտին քայլ, թե դրանով Թրամփը կթուլացնի Հունաստանին, սակայն դա այդպես չէ: Հունաստանում կան այլ ամերիկյան բազաներ, որոնք Թուրքիայի համար զսպօղակն են: Իսկ Ալեքսանդրուպոլիի ռազմաբազան ոչ թե հակաթուրքական ուղղվածության էր, այլ դրա դերը դեպի Ուկրաինա ամերիկյան ռազմական օգնության տեղափոխման մեջ էր: Եվ այդ բազան փակելն ընդամենը Զելենսկուն ճնշող, այլ ոչ թե Էրդողանի օգտին միջոցառում է:
Թե ինչ ուղղությամբ կկողմնորոշվի Էրդողանը, դա էլ կտեսնենք արդեն այս շաբաթ: Աբխազիայում նախագահական ընտրություններ են, որտեղ Անկարան փորձում է Մոսկվայի հետ կռիվ տալ՝ այդ չճանաչված հանրապետության ղեկավար սարքելով իր խամաճիկին: Կփորձի՞ այդ ծրագիրը մինչեւ վերջ խաղարկել, թե՞ կնահանջի, դա կարեւոր ինդիկատոր կդառնա ռուս-թուրքական հետագա հարաբերությունների հարցով:
ԻՐԱՆ
Ինչ վերաբերում է Իրանին, ապա դեռ մինչ Լավրովի մեկնելն արդեն կային խոսակցություններ, թե հիմնականում ինչի մասին է խոսքը լինելու: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ. «Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում դնել փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։ Սպասվում է մտքերի փոխանակում մի շարք արդի միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցում, մերձավորարեւելյան կարգավորման, Կասպիական հիմնախնդրի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ»:
Իսկ ահա իրանական միանգամայն տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ հիմնական շեշտը հենց միջուկային ծրագիրն է եւ այդ համատեքստում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցը: Այսինքն, Մոսկվան պետք է կարողանա երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու որեւէ ցանկություն չունի, բայց նաեւ, որ նման սպառնալիքներից Թեհրանին կապահովագրի ռուսական «միջուկային հովանոցը»: Այս բանաձեւի միջոցով, ըստ ամենայնի, ԱՄՆ-ը կհրաժարվի ռուս-իրանական տնտեսական գործակցությանը միջամտելուց, կհանվեն պատժամիջոցները եւ այլն: Բայց նաեւ Թրամփը կկարողանա ներկայանալ` որպես իրանական միջուկային խնդրին լուծում տված լիդեր: Սա ընդհանուր կոնտուրն է, բայց անգամ իրանական աղբյուրն է կարծում, որ ձեռնտու տարբերակ է եւ կարող է ընդհուպ իրանա-իսրայելյան տասնամյակների հակամարտությունը որոշակի բալանսավորված վիճակի հասցնել:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ
Ինչ վերաբերում է բուն Հարավային Կովկասին, ապա այստեղ մասնավորապես Վրաստանը դեռ սպասողական վիճակում է: Բնական է, սպասում է ռուս-ամերիկյան գործընթացների արդյունքներին, որից հետո, անկասկած, շատ արագ կգործի:
Ալիեւը նույնպես այս օրերին ակնհայտորեն մտել է սպասողական փուլ: Որոշ համեմատաբար «մանր-մունր» հայտարարություններ հայաստանյան ուղղությամբ, իհարկե, հնչեցնում է, բայց դա էլ, թերեւս, ընդհանուր տեմպը պահելու համար:
Ընդ որում, այստեղ պետք է նաեւ չմոռանալ, որ Ալիեւը մի շարք կտրուկ հակառուսական քայլերով հասցրեց աչքի ընկնել, այդ թվում՝ ինքնաթիռի աղետի թեմայով, ապա՝ «Ռուսական տան» փակման եւ Sputnik Ադրբեջանի լուծարման տեսքով, ինչի թիկունքում պարզ տեսանելի էր նաեւ Էրդողանի եւ Բրիտանիայի ականջները: Բայց մյուս կողմից, Բաքուն փակեց նաեւ BBC-ի գրասենյակը, որը բավականին մռայլ ընդունեցին Բրիտանիայում:
Թե այս ամենով ինչ է ուզում Ալիեւը հասկացնել, իր խնդիրն է: Բայց ահա, Մոսկվայից նա ստացավ «բարի խորհուրդ»: Այն է՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց. «Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության կարեւորությունը: Կցանկանայի հուսալ, որ ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարեւորության ըմբռնմամբ՝ մեր հարաբերությունների ամբողջ համալիրի առումով»: Եվ այն, որ ճիշտ պահին Ալիեւը կնետվի հաղթող կողմի գիրկը, դա հաստատ է:
Ինչ վերաբերվում է Նիկոլին, ապա նա դեռ Եվրոպա է «գնում», Սահմանադրություն է «փոխում», Հայաստանի չորրորդ հանրապետություն է «ստեղծում», ինչի մասին ժամանակին խոսում էր բրիտանական կամակատար Արմեն Սարգսյանը: Բայց աշխարհում իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ Բրիտանիան, իր MI-6-ով եւ մնացած բաներով հանդերձ, մեծ հավանականությամբ՝ վերջնականապես է զրկվելու իր աշխարհաքաղաքական դիրքերից: Այսինքն, Զելենսկու օրինակը հաստատ Նիկոլի համար կարող է ծանր դաս դառնալ…
https://iravunk.com/sim/?p=306453&l=am/