Ինչ էր պատմում մարշալ Բաղրամյանը հայրենի Արցախի մասին, որն էր նրա առաջին կենացը, եւ ինչպես էր վերաբերվում թոռներին
ՏեսանյութերՀայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին ընդառաջ՝ ՀՀ վետերանների միավորման շենքում կայացավ ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի մարտական փառքի կենտրոն-թանգարանի պաշտոնական բացումը: Թանգարանի բացումը սպասված էր, հերոսական պայքարի ու հաղթանակների հիշողություններն արթնացնելը՝ մեր օրերում անհրաժեշտ: Կենտրոն-թանգարանի բացման կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց լեգենդար մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին եւ Հայրենական պատերազմի 102-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին:
Մեծ բովանդակությամբ փոքրիկ թանգարանում ներկայացված են մարշալի կյանքի տարբեր փուլերի դրվագներն արտացոլող անձնական իրեր, պարգեւներ, լուսանկարներ: Հայաստանի վետերանների միավորման նախագահ, գնդապետ ՍԻՄՈՆ ԵՍԱՅԱՆԸ համարում է, որ հայ մեծանուն մարշալին նվիրված թանգարանային կենտրոն ստեղծելն իրենց պարտքն էր, քանի որ բացելով Հովհաննես Բաղրամյանի անվան մարտական փառքի թանգարանը՝ նաեւ հարգանքի տուրք են մատուցում հարյուր հազարավոր հայ մարտիկներին, որոնք ուս ուսի մարտնչել են մյուս ժողովուրդների կողքին:
«ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ՈՐ ԱՅՍՊԻՍԻ ՇՐՋԱԴԱՐՁ ԿԼԻՆԻ»
Մարշալի թոռը՝ ԻՎԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ, իր ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով թանգարանի ստեղծման նախաձեռնողներին՝ ընդգծեց, որ հիմա կարելի է արդեն համարձակորեն ասել, որ նաեւ Երեւանում կա Բաղրամյանին նվիրված թանգարան:
— Պարոն Բաղրամյան, ի՞նչ եք նվիրել նորաբաց թանգարանին՝ որպես մասունք Ձեր պապիկից:
— Նվիրեցի Ռուսաստանում լույս տեսած իմ հիշողությունների վերջին հրատարակությունը՝ մարշալ Բաղրամյանի մասին եւ պապիս անձնական ժամացույցը:
— Ինչպե՞ս էին Բաղրամյանների ընտանիքում նշում Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը:
— Մեր ընտանիքում միշտ նշվել են Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը եւ փետրվարի 23-ը՝ որպես Հայրենյաց պաշտպանի օրը: Այժմ փետրվարի 23-ը հիշարժան կդառնա նաեւ նրանով, որ այսօրը Երեւանում տեղի ունեցավ մարշալ Բաղրամյանի թանգարանի բացումը:Հատուկ ավանդույթներ չունենք օրվա հետ կապված, բայց հիշում եմ, որ մայիսի 9-ին անպայման պապիկիս ծառայակիցներն էին գալիս հյուր, պատմում էին իրենց անցած ճանապարհի մասին հիշողություններ: Իսկ առաջին կենացը միշտ մեր հաղթանակի մասին էր:
— Հետաքրքիր է՝ ինչո՞վ է զբաղվում Բաղրամյան կրտսերը:
— Ես աշխատում եմ մարշալ Բաղրամյանի անվան դպրոցի թանգարանում: Էքսկուրսիաներ եմ անցկացնում դպրոցականների, բանակայինների համար, ունենում ենք նաեւ այլ այցելուներ: Դպրոցի այդ թանգարանը Մոսկվայի 15 լավագույն դպրոցական թանգարանների շարքում է:
— Ի՞նչ հիշողություններ ունեք Ձեր պապի՝ մարշալ Բաղրամյանի հետ կապված, որի մասին այս պահին կբարձրաձայնեք:
— Իմ բախտը բերել է, որ մինչեւ 6 տարեկան դառնալս ինձ դաստիարակել է տատիկս ու պապիկս: Մենք Ռիգայում էինք, իսկ հայրս եւ մայրս Մոսկվայում էին աշխատում: Նրանց մոտ միայն արձակուրդներին կամ տոն օրերին էինք գնում: Բարի էր պապիկս, երբեք ձայնը չէր բարձրացնում։ Եթե ես կամ քույրս որեւէ բանում մեղավոր էինք, հագիստ խոսում էր մեզ հետ, անմիջապես հասկանում էինք, թե ինչում ենք սխալ։ Ես շնորհակալ եմ պապիկիս եւ տատիկիս այն ամենի համար, ինչ նրանք արել են ինձ համար:
— Ըստ Ձեզ, ի՞նչ կասեր այսօր Ձեր պապիկը, երբ տեսներ Հայաստանի ներկայիս վիճակը, երբ իմանար հարազատ, բայց հայաթափված Արցախի մասին:
— Այո, նա ծնվել է Չարդախլուում: Ես այնտեղ եղել եմ 1985 թվականին՝ հենց մայիսի 9-ի կապակցությամբ, ինչը լայնորեն լուսաբանվեց: Այն ժամանակ հայ-ադրբեջանական որեւէ թշնամական հարաբերությունների մասին անգամ խոսք չկար: Պապիկս պատմում էր, որ հայերն ու ադրբեջանցիները ապրում էին համատեղ ու խաղաղ: Որեւէ մեկը այն ժամանակ չէր կարող պատկերացնել, որ այսպիսի շրջադարձ կունենա ամեն ինչ:
«ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՐԺԵՔ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼ` ԽՍՀՄ ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ՍԵՐԳԵՅ ԿՈՊԻՐԿԻՆԸ խորհրդանշական համարեց Բաղրամյանին նվիրված կենտրոն-թանգարանի բացումը փետրվարի 23-ին:
«Այս տոնը խորհրդանշում է այն, ինչը շատ դարեր շարունակ միավորել է մեր ժողովուրդներին, այդ թվում՝ 80 տարի առաջ տարած մեր դժվարագույն մեծ հաղթանակը։ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունը հանդիսանում է վառ օրինակ այն մարտական միասնության, եղբայրության, որն օգնել է մեզ հասնելու այս մեծ հաղթանակին: Հովհաննես Բաղրամյանի անունն արժեք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ` Ռուսաստանի, Բելառուսի եւ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար, որոնց ջանքերի շնորհիվ հասել ենք այս հաղթանակին»,- շեշտեց դեսպանը:
«ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԻՐ ՕՐԻՆԱԿՈՎ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԽԱԽՏ Է»
«Իվան Քրիստոֆորովիչ Բաղրամյանի անունը սրբադասում են Բելառուսում, քանի որ նա մասնակցել է Բելառուսի՝ իմ երկրի ազատագրմանը», - ընդգծեց ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԸ, ապա հավելեց. «Եվ նա իր օրինակով ցույց տվեց, որ մեր ժողովուրդների միջեւ բարեկամությունն անխախտ է: Նրանք, ովքեր չեն հիշում պատմությունը, կամ այն կոսմոպոլիտները, որոնք չեն հիշում իրենց արմատները, պետք է հստակ գիտակցեն, որ ժողովուրդը կամ մարդը, ով չի հիշում պատմությունը, ցավոք, երբեմն դատապարտված է կրկնելու պատմության որոշ դրվագներ, եւ, ցավոք, այն ոչ միշտ է հաջող ավարտ ունենում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=306437&l=am/