ԶԱՎԵՇՏ Է, ԲԱՅՑ ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ԹՐԱՄՓԻՆ
Վերլուծություն
2402ARTAQIN+
Գերմանիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները եւս եկան հուշելու, թե ինչ խորը փոփոխությունների փուլ է մտել ողջ աշխարհը: Ու չնայած այն բանին, որ կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներն անակնկալներ չէին պարունակում:
ԵՎՐՈՊԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՄՆ-Ի
Այսպես, սպասվածին պես եւ սպասելի ձայներով առաջատարն աջ կուսակցությունների դաշինքը CDU/CSU-ն է՝ 28,6%-ով։ Ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը նույնպես, ինչպես եւ սպասվում էր, երկրորդ տեղում էր՝ ակնկալվող 20,8 տոկոս արդյունքով, որը կրկնակի ավել է նախորդ ցուցանիշից: Իսկ ահա արդեն փաստացի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի կուսակցությունը՝ SPD-ը, երրորդն է 16,4%-ով։ Կանաչները եւս Բունդեսթագ են մտել՝ 11,6%-ով։ Եվ հինգերորդը՝ 8,8 տոկոսով, «ձախերն» են:
Մի կողմից՝ սա նման է աջակողմյան ուժերի հաղթանակին, եւ մասնավորապես Թրամփը հենց այդպես է գնահատում՝ «Գերմանիայում պահպանողական կուսակցությունը հաղթել է շատ մեծ եւ երկար սպասված ընտրություններում։ Գերմանացի ժողովուրդը հոգնել է ողջամտության օրակարգից, որը գերիշխում է այսքան տարիներ, հատկապես էներգետիկայի եւ ներգաղթի վերաբերյալ: Սա հիանալի օր է Գերմանիայի համար»: Մյուս կողմից, CDU/CSU-ի լիդեր, ապագա կանցլեր Մերցն իրեն դրսեւորում է` որպես լիբերալ դաշտի կարկառուն ներկայացուցիչ: Ամեն դեպքում, նա թեեւ ծայրահեղ, բայց նույն աջ դաշտը ներկայացնող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հետ կոալիցիա չի կազմելու, եւ այդ դեպքում միակ տարբերակը Շոլցի հետ համագործակցությունն է: Այս իրավիճակը հուշում է, որ Գերմանիայի քաղաքական կուրսը Ռուսաստանի եւ ուկրաինական հակամարտության հետ կապված մնալու է նույնը, եթե միայն ավելի չկոշտանա: Բայց այստեղ կա մեդալի հակառակ երեսը:
Այսպես, դեռ հազիվ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակված, Մերցն արդեն հասցրեց հանդես գալ հետաքրքիր մտքերով, որի ընդհանրական իմաստը սա է՝ «Եվրոպան պետք է իսկապես անկախանա Միացյալ Նահանգներից»: Մերցի խոսքով. «Իմ բացարձակ առաջնահերթությունը կլինի Եվրոպան հնարավորինս արագ հզորացնելը, որպեսզի քայլ առ քայլ կարողանանք իսկապես անկախանալ Միացյալ Նահանգներից։ Երբեք չէի մտածել, որ ստիպված կլինեմ նման բան ասել հեռուստատեսային ծրագրում: Սակայն անցյալ շաբաթ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ ամերիկացիները, գոնե այս վարչակազմի ամերիկացիների այդ հատվածը, մեծ մասամբ անտարբեր է Եվրոպայի ճակատագրի նկատմամբ։ Ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես ենք մենք շարժվում դեպի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հունիսի վերջին, արդյոք մենք դեռ կխոսենք ՆԱՏՕ-ի մասին իր ներկայիս տեսքով: Կամ մենք ստիպված կլինենք շատ ավելի արագ կառուցել անկախ եվրոպական պաշտպանական կարողություն։ Այսպիսով, սա իմ բացարձակ առաջնահերթությունն է: Եվ ես պատրանքներ չունեմ այն մասին, թե ինչ է կատարվում Ամերիկայում։ Եվ դուք մինչեւ վերջին օրերը տեսել եք Իլոն Մասկի միջամտությունը Գերմանիայի նախընտրական արշավին։ Սա յուրահատուկ իրադարձություն է։ Այսպիսով, Վաշինգտոնի միջամտությունը ոչ պակաս դրամատիկ, արմատական եւ, ի վերջո, աղաղակող էր, քան այն միջամտությունը, որը մենք տեսանք Մոսկվայից: Այդ իսկ պատճառով մենք երկու կողմերից էլ այնպիսի ուժեղ ճնշման տակ ենք, որ հիմա իմ բացարձակ առաջնահերթությունը Եվրոպայում միասնություն ստեղծելն է»:
Իհարկե, Մերցը ճիշտ է դատում. տասնամյակներով Եվրոպան դարձել էր ԱՄՆ-ի քաղաքական եւ տնտեսական կցորդը, որի հետեւանքները միանգամայն ցայտուն դարձան Թրամփի նախագահության օրոք: Ու հիմա հարցն այլ է. իսկ Գերմանիան ունի՞ այն պոտենցիալը, որ «Եվրոպան հնարավորինս արագ հզորացնի» եւ կարողանա «իսկապես անկախանալ Միացյալ Նահանգներից»: Ու առաջին հերթին պաշտպանության ուղղությամբ: Թրամփը չի էլ թաքցնում, որ անիմաստ է համարում Եվրոպայի պաշտպանության համար հսկայական ծախսեր իրականացնելն ԱՄՆ-ի հաշվին: Իսկ Եվրոպան, որը ներդնում է ՆԱՏՕ-ի ծախսերի փոքր մասին, խնայված միջոցներով կարողանում է մրցակցել նույն ԱՄՆ-ի հետ, դրանով նաեւ արդեն տնտեսական հարթությունում ամերիկացիների համար խնդիրներ առաջացնել: Արդյունքում, ԱՄՆ-ն ունի 37 տրիլիոնի հասնող պետական պարտք, որի գերակշիռ մասը չգիտես էլ, թե ինչի վրա է ծախսվել: Ավելի ճիշտ, ծախսվել է կողմնակի «ուտող բերաններին» (զգալի մասով՝ եվրոպական) կշտացնելու համար, մի բան, որը ժամանակին նաեւ ԽՍՀՄ-ի փլուզման հիմնական պատճառներից մեկը դարձավ: Ու հիմա Թրամփը Եվրոպայից պահանջում է՝ կա´մ ինքներդ ձեզ պաշտպանեք, կա´մ ես զորքերս կհեռացնեմ:
Այսինքն` այն, ինչի մասին հիմա խոսում է Մերցը, Թրամփի համար կարող է միանգամայն ընդունելի դառնալ: Այլ հարց, թե Գերմանիան, որի տնտեսությունը մտել է խորը ռեցեսիայի մեջ, կարո՞ղ է իր վրա վերցնել Եվրոպային «հնարավորինս արագ հզորացնելու» համար պահանջվող ծախսերը: Եթե նույնիսկ կարողանա, ապա հիմա Գերմանիան է հայտնվելու նույն ԱՄՆ-ի վիճակում՝ պետք է չգիտես ինչի համար կերակրի եվրոպական կողմնակի «ուտող բերաններին»: Այսինքն, վերցնի ժամանակին Հիտլերի վերցրած բեռը, որի տակ նա ճզմվեց:
Բայց դա էլ մի կողմ: Իր այդ հայտարարությամբ Մերցը, թեեւ խոսում է ուլտրալիբերալների համար հաճելի ուղղության, բայց նաեւ՝ մարտահրավեր է նետում Վաշինգտոնին: Այսինքն, այն հակասությունները, որոնք հիմա բառացիորեն երկրի մակերեւույթ են ժայթքում, հիմա արդեն կստանան բազմապատկված ուժգնություն: Դե, եթե արեւմտյան աշխարհը պատրաստվում է երկու մասի բաժանված՝ իրար ուտել, ապա ռուսներին եւ չինացիներին կմնա միայն հարմար տեղավորվել եւ ներկայացումից հաճույք ստանալ: Թեեւ ասել, որ զրոյականի կարգի ուժային բաղադրիչ ունեցող Եվրոպան լուրջ մրցակից կլինի Թրամփի համար, դա էլ սխալ կլիներ:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՉՈՒՆԵՑԱԾ ՏԵՂԸ «ԱՏԱՄ Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ»
Եվրոպան, իհարկե, այս իրավիճակում ակնհայտորեն ցանկանում է մինչեւ վերջ խաղարկել Զելենսկուն, որը, նման է, որ հակապուտինյանից, հիմա էլ սարքել են հակաթրամփյան կարեւոր գործիքներից մեկը: Ամեն դեպքում, այն բոլոր հայտարարությունները, որոնք նախօրեին հնչեցրեց Զելենսկին, այդ մասին են վկայում:
«Ես պատրաստ եմ հեռանալ իմ պաշտոնից, եթե դա խաղաղություն կբերի կամ թույլ կտա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին»,- նորից իր դերն էր խաղում Զելենսկին: Ու այդ լացակումած տոնից Ուկրաինայի ժամկետանց նախագահն անցավ հարձակման, թե՝ չի պատրաստվում 500 միլիարդ դոլար տալ Ամերիկային, քանի որ Ուկրաինան իբր ստացել է ընդամենը 100 միլիարդ: «Ես նույնիսկ 100 միլիարդ չեմ ճանաչում, մենք Բայդենի հետ պայմանավորվել ենք, որ սա դրամաշնորհ է։ Դրամաշնորհը պարտք չէ»,– ստում է Զելենսկին, քանի որ 2023թ.-ին ինքն էր խնդրում աշխարհից. «Եթե չեք ուզում ինձ փող տալ, ուրեմն վարկեր ձեւակերպեք, որը պարտավորվում ենք վերադարձնել»:
Սա սովորական էժան «բլեֆ» է` Զելենսկին ոչ մի պարագայում հրաժարական չի տա: Առավել եւս, երբ փորձում է իր այդ դերասանական ճառը համեմել «եթե»-ներով: Իհարկե, նա այս պահին մեծ ուրախությամբ «կթռներ»: Բայց լավ է հասկանում, թե հանուն իր բրիտանական ու ուլտրալիբերալ տերերի ինչ ահռելի վնաս է հասցրել Ուկրաինային, եւ ներկա դիրքերը լքելուն պես նրա կյանքի համար որեւէ մեկը քոռ գրոշ էլ չի տա:
Բայց 100 միլիարդի պատմությունով նա վերջնականապես է դեմ գնում Թրամփին: Առավել եւս, որ այսքանից հետո Զելենսկին նաեւ հայտարարեց.
— Ուկրաինան պետք է իր պայմաններով բանակցի Ռուսաստանի հետ՝ չմոռանալով հարցնել Եվրոպային։ ԱՄՆ միջնորդությունն այստեղ չի աշխատի:
— Սառեցված ռուսական ակտիվներն այժմ մեր փողերն են։ Միայն մերը, ոչ մերը եւ մեր գործընկերները։
— Մեզ անջատելը Starlink-ից սխալ է: Մանավանդ որ մենք ամեն ամիս վճարում ենք դրանց համար։
— Ուկրաինայում ընտրությունները տեղի կունենան միայն «ռազմական դրության վերացումից հետո»:
Սա արդեն անգամ Թրամփին դեմ գնալ չէ, սա Թրամփին հայտարարված պատերազմ է:
Երեկ էլ եվրալիդերներից կազմված մի մեծ պատվիրակություն էր գնացել Կիեւ՝ ցույց տալու համար, որ ամեն կերպ Զելենսկու կողքին են: Միայն թե կա այն հարցը, թե բարոյականից զատ, կարո՞ղ են ավելի էական այլ աջակցություն ցուցաբերել:
Հազիվ թե, հաշվի առնելով, որ Մակրոնը մեկնեց Թրամփի մոտ, Բրիտանիայի ղեկավար պատրաստվում է մեկնել ՝ փորձելու համար Թրամփին համոզել՝ հրաժարվել Մոսկվայի հետ երկկողմ բանակցություններից: Չնայած, ոչ թե հանուն Ուկրաինայի, այլ որ բանակցային կողմ դառնա նաեւ Եվրոպան: Բայց սպասելիքներ, թե այդ հանդիպումներն էֆեկտիվ կլինեն, չկան: Բանն այն է, որ արդեն անգամ ուկրաինական աղբյուրներն են վստահաբար պնդում, թե այն ամենը, ինչը Թրամփը ցանկանում է Զելենսկուց վերցնել, Բրիտանիան արդեն վերցրել է: «Մենք բրիտանացիներին հանձնեցինք բոլոր նավահանգիստները, ատոմակայանները, արդյունաբերությունը եւ օգտակար հանածոները: Գործընթացը վերահսկում էր ՄԻ-6-ը, դրա համար էլ Թրամփի հետ փոխզիջումն այժմ անհնար է, առճակատումը լուծվում է համաշխարհային մակարդակով»,- պնդում է աղբյուրը, եւ Թրամփի համար, իհարկե, դժվար չէ այդ ամենը ստուգելը:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Կարճ ասած, ԱՄՆ-ն պետք է իր փողերը ծախսի ուկրաինական պատերազմի համար, իսկ բոլոր ակտիվները բաժին հասնեն բրիտանացիներին: Եվ ասել, թե Թրամփը բիզնեսում այն միամիտն է, որին հնարավոր է այդքան կոպտորեն «գցել», նույնիսկ զավեշտ կլիներ: Ամեն դեպքում, ծրագրված է ռուս-ամերիկյան բանակցային հերթական փուլը: Այն, որ սա տեղի է ունենում առաջինից ընդամենը մեկ շաբաթ անց, արդեն իսկ շատ բան է խոսում բանակցային ծայրահեղ բարձր ակտիվության մասին:
Ինչ վերաբերում է Զելենսկու մարտահրավերին, ապա նրա այս նոր հայտարարությունների արդյունքում, ինչպես քանիցս ենթադրել ենք, հիմա կարող է մեկնարկել «Բ» պլանը: Այն է, ուկրաինական բանակը զրկվելու է ամերիկյան օգնությունից, Մասկի արբանյակային ցանցից եւ այլն: Թե դրանից հետո ինչքան կդիմանա, եւ երբ ուկրաինական զինվորականությունը դեմ դուրս կգա Զելենսկուն, հաստատ շատ կարճ ժամանակի հարց է:
https://iravunk.com/sim/?p=306328&l=am/