ԶԵԼԵՆՍԿՈՒՆ «ԹԱՂՈՒՄ» ԵՆ, ՈՐ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՉՔԸ ՎԱԽԵՆԱՆ
Վերլուծություն
Ամեն դեպքում, անկախ նրանից, թե այս ինչ նոր խաղ է փորձում սկսել կամ սկսել է Նիկոլը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=306017&l=am), մեկ բան աչքաթող անել չի կարելի: Այն զարգացումները, որ ներկայումս ընթանում են աշխարհում, այնպիսի խորքային փոփոխություններ են խոստանում, որ համեմատաբար մանր-մունր խաղերը եւ խաղացողները, ուզեն թե չուզեն, ստիպված են լինելու տեղափոխվել այդ գլոբալ երեւույթների շրջանակներում: Եվրոպան, նրանով ոգեւորված նաեւ Զելենսկին, մի պահ փորձեցին դեմ գնալ, բայց…
Այն վիճակը, որում հայտնվել է Զելենսկին, ոչ թե պարզապես նրա համար «մորթվել-թաղվելու» պես մի բան է, այլ ավելի նման է ցուցադրական պատժի՝ մյուս հակաճառողներին զգուշացնելու համար:
Այսպես, Զելենսկու նկատմամբ Թրամփն արդեն անցել է այնպիսի բառապաշարի, ինչպիսին է առանց ընտրությունների բռնապետ դարձած կատակերգու, 4 տոկոս վարկանիշ ունեցող անձնավորություն, որի պատճառով Բայդենը 350 միլիարդ ամերիկյան փողեր է ծախսել նախապես տանուլ տված պատերազմում, երկիրն ավերած եւ միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած եւ այլն: Կարճ ասած, որ պատերազմը սկսվելու եւ ժամանակին չկանգնեցնելու հիմնական մեղավորը հենց Զելենսկին է, եւ, իհարկե, նրա թիկունքին կանգնածները: Սրանով Թրամփը վերջնականորեն է անելանելի վիճակում դնում Զելենսկուն: Նախ, եթե Եվրոպայում վերջին օրերին ոմանք դեռ ակտիվորեն խոսում էին Կիեւին աջակցելու մասին, հիմա հասկանում են, որ շարունակելու դեպքում ամերիկյան այս ողջ հեղեղը հիմա էլ անհատապես պաշտպանողներից ամեն մեկին է հարվածելու: Եվ որ սրանից հետո, օրինակ, Մակրոնը, սկսեց հրապարակավ խոսել, որ չի պատրաստվում ֆրանսիական ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա, Զելենսկուն դնում է «օգտագործված եւ դեն նետվածի» կարգավիճակում: Առավել եւս, որ նաեւ ներուկրաինական դաշտն է սկսել եռալ. երբ այդ երկրում 80 տոկոս վարկանիշ ունեցող Թրամփն ասում է, թե Զելենսկին դիտավորյալ է հարյուր հազարավոր մարդկանց ուղարկել սպանդի, այլ բան չէր կարող լինել: Վերջապես, Զելենսկու համար ամենավատն այն է, որ այս խմորումները հասել են բանակ. հանուն այս «4 տոկոսանոց բռնապետի՞» պետք է շարունակեն մեռնել, որ նա իր կաշի՞ն փրկի: Պատերազմն էլ, ի դեպ, շարունակվում է ակտիվ տեմպերով, ու թե այս իրավիճակն ինչ ընթացք է դրան տալու, դժվար չէ հասկանալ:
Այս ամենից զատ էլ ԱՄՆ-ն արդեն խոսում է իր տված գումարների ծախսերը մոնիտորինգի ենթարկելու մասին, եւ այն ,որ դրա արդյունքում կբացահայտվի հարյուրավոր միլիարդների թալան, իսկ թելերը կտանեն մինչեւ ամերիկյան նախկին վարչակազմ, կասկածներ գործնականում չկան: Ընդ որում, սա էական նշանակություն ունի թրամփականների համար. խոշոր հաշվով, նրանց հիմնական կռիվն այս պահին ներամերիկյան լիբերաստների հետ է: Ապա եվրալիբերաստների, որոնք հիմնականում այս պահին աստիճանաբար հայտնվում են «մեռած ու չթաղված» վիճակում: Ինչ վերաբերվում է Զելենսկուն, ապա նա, թեեւ արդեն Էրդողանից է քաղաքական ապաստան խնդրում, բայց երեւի անիմաստ. Զելենսկին արդեն քոռ գրոշի արժեք չունի, եւ նրա ճակատագիրը, ըստ ամենայնի, կլուծեն հենց ուկրաինացիները:
Ահա այս ամենին զուգահեռ, սկսվեց նաեւ G-20 գագաթաժողովը, եւ ներկա բոլոր խմորումները տեղափոխվում են այդ հարթակ: Այսինքն, նույն միանգամայն սուր եւ ուշագրավ զարգացումներն այս հարթակում, սպասելի է, որ որոշակի հանգուցալուծումներ կստանան:
Բայց նաեւ նկատենք, որ Թրամփը, պատերազմի մեղավորությունը ուղղելով Զելենսկուն եւ Բայդենին (եւ այլ խամաճիկների), ըստ էության, դրանով Մոսկվայից է հեռացնում այն հին մեղադրանքները, թե Պուտինը հենց այնպես հարձակվեց Ուկրաինայի վրա եւ հիմա սպառնում է բոլորին: Սա արդեն եւս մեկ ցուցադրական մեսիջ է, որ Մոսկվայի հետ բանակցային առաջին ռաունդը Վաշինգտոնում գնահատում են բավարար, եւ կշարունակվի նույնքան ակտիվ ընթացք: Առավել եւս, որ նույն պատասխանը կա նաեւ Մոսկվայից: Պուտինը եւս գնահատեց Ռիադում կայացած բանակցությունները՝ ներկայացնելով նման մտքեր: Նախ, «Բանակցությունների արդյունքները դրական էին, հանդիպումը՝ ընկերական»: Նաեւ, որ սա, բնական է, առաջին քայլն էր, եւ կլինի հետագա ակտիվ ընթացք: Վերջապես, որ ՌԴ նախագահն ինքը «հաճույքով» կհանդիպի ԱՄՆ առաջնորդի հետ: Ու մյուս կողմից՝ Եվրոպան ուկրաինական բանակցություններում տեղ չունի, ու նաեւ՝ «Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկխոսության մեջ միջնորդներ պետք չեն»:
Մի խոսքով, կարծես թե անակնկալներ չեն լինելու: Բուն Ուկրաինայի մասով՝ Զելենսկուն ցուցադրաբար «թաղում» են, եւ, ըստ ամենայնի, նրան փոխարինելու եկող ավելի լեգիտիմ մեկը կստորագրի այն փաթեթը, որը կստեղծվի ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների արդյունքում:
Նաեւ, որ, ինչպես քանիցս ենք նշել, այդ բանակցություններում ուկրաինական թեման ամենեւին էլ հիմնականը չէ: Կան քննարկումների շատ մեծ եւ ծավալուն դաշտ, որը, ըստ էության, նշանակում է աշխարհաքաղաքական նոր վերաբաժանում: Ինչ որ պահի, թերեւս, կմիանա նաեւ Չինաստանը: Ամեն դեպքում, ԱՄՆ-ում արդեն խոսում են պաշտպանական բյուջեն մոտ 40-50 տոկոսով կրճատելու ծրագրերի մասին, ինչն արդեն իսկ ակնարկում է, որ այս գործընթացները ծրագրվում են առաջիկա տասնամյակների կտրվածքով:
https://iravunk.com/sim/?p=306018&l=am/