Իրանի համար որոշակի ցցուն անակնկալ նորություն չկա. Իրանահայ խմբագիրը՝ Հայաստանը Եվրամիությանը անդամակցելու գործընթացի վերաբերյալ

Հայաստանի խորհրդարանը երկօրյա քննարկումներից հետո 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը: Ինչ արձաքանքներ է գտել Իրանում վերը նշվածը, եւ արդյո՞ք հնարավոր այս գործընթացից հետո Իրանը վերանայի իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ փորձել ենք հետաքրքրվել Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից.
- Անշուշտ Եվրոմիությանն անդամակցելու գործընթացը երկարատև գործընթաց է և մեկ կամ երկու տարվա հարց չէ, և ինչպես որ գիտենք ԱԺ-ում քննարկման դրվածը «ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծն էր» և ոչ թե միացումը: Այնպես, որ այստեղ Իրանի համար որոշակի ցցուն անակնկալ նորություն չկա։
Այնուամենայնիվ, պետք է հստակեցնել Հայաստանի Հանրապետության ներքին և Արտաքին քաղաքականության ճշտումը ՀՀ քաղաքացու ընտրյալ իշխանության և խորհրդարանի սուվերեն՝ ինքնիշխան, իրավունքն է: Այդ պարագան քանի օր առաջ նաև հաստատեց ՀՀ-ում Իրանի ԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին: Այնպես որ որևէ բացասական զարգացում չի սպասվում այս հարցում, նամանավանդ, որ ռուսական կողմի մեղսակցությամբ Արցախի հայաթափումից ու բռնագրավումից և 2022 և 2023 թվականներին Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դավադիր լռությամբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կողմից խախտվելուց հետո, Իրանում շատերը արդարացված են համարում ՀՀ-ի կողմից անվտանգային և պաշտպանական այլընտրանքների փնտրտուքը և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելը:
Հիշեցնեմ, որ Իրանի ԻՀ-ն 1979-ի հեղափոխությունից հետո ԵՄ անդամ երկրներից շատերի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, թեև երբեմն նաև լարվել են հարաբերությունները ելնելով տարբեր հանգամանքներից և հարցերից:
- Ո՞ւր են գնում այսօր Իրան-Հայաստան հարաբերությունները եւ ինչ զարգացումներ սպասել առսջիկայում Իրան-Թուրքիա հարաբերություններում։
- Հայաստանի անկախությունից՝ 1991թ. սեպտեմբերից մինչ օրս Հայաստան-Իրան հարաբերություններում ընդհանրապես մեծ վերիվայրումներ տեղի չի ունեցել: Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունները լավ և բարեկամական են վերաբերվել Իրանին: Բայց Իրանի պարագայում երբեմն առաջացել են փոփոխական պայմաններ ազդված լինելով ներքին և արտաքին գործոններից և հավանաբար նորօրյա պայմաններում ևս հաշվի առնելով Իրան-ԱՄՆ շուտ կամ ուշ մեկնարկվող հավանական բանակցությունները անպայման ինչ-որ չափով ազդեցություն կարող են գործել Հայաստան-Իրան հարաբերությունների վրա:
Կարծում եմ արժե այստեղ հիշատակել իրանական ազդեցիկ «Ջոմհուրի Էսլամի» (Իսլամական Հանրապետություն) օրաթերթի երեկվա՝ փետրվարի 19-ի համարի կարևոր վերլուծությունը Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների մասին:
Թերթը, որի անդրանիկ արտոնատերը մոտ երկու տասյնակ (1979-1998) եղել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, ահազանգում է. «Երկրի դիվանագիտական պաշտոնյաները պետք է զգույշ լինեն, որ Պուտինը Թրամփի հետ գործարք չկնքի Իրանի հարցում»՝ ասել է թե սեփական շահերի համար Իրանին չօգտվի որպես խաղաքարտ:
Ինչ վերաբերվում է Իրան-Թուրքիա հարաբերություններին պետք է ասել դա կապված կլինի նրան, թե Անկարան նոր իրադարձություններից ոգևորված, որքան առաջ կգնա իր նեո-օսմանական երազներով և իրեն կդնի տարածաշրջանի ոստիկանի դերում ու Իրանին կանտեսի Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի զարգացումներում: Այսինքն եթե Էրդողանը մոռանալով իր կալիբրը, իրեն համեմատի Թրամփի և Պուտինի հետ, ու փորձի իր կամքը պարտադրել տարածաշրջանում, այդ դեպքում Թեհրան-Անկարա հարաբերություններն անպայման լարվելու են:
https://iravunk.com/sim/?p=305878&l=am/