«Մեղրիի միջանցք». կեղծիքներ եւ իրականություն (Մաս10)

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Հրապարակվել է «Իրավունք» թերթում 2012թ.-ին

(Սկիզբը՝ https://iravunk.com/?p=304553&l=am, https://iravunk.com/?p=304657&l=am, https://iravunk.com/?p=304776&l=am, https://iravunk.com/?p=304838&l=am, https://iravunk.com/?p=304905&l=am, https://iravunk.com/?p=304956&l=am, https://iravunk.com/?p=305032&l=am, https://iravunk.com/?p=305144&l=am, https://iravunk.com/?p=305257&l=am)

Մեր նախորդ հրապարակումներում փորձեցինք ամբողջականացնել այն իրավիճակը, որը մինչեւ 2000թ.-ի վերջերը տիրում էր ինչպես ղարաբաղյան բանակցությունների, այնպես էլ` հարավկովկասյան տարածաշրջանի խոշոր աշխարհաքաղաքական շահերի, Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի շուրջ: Դրանից հետո իրավիճակը մի փոքր այլ հունով գնաց. Քոչարյան-Ալիեւ դեմ առ դեմ բանակցություններին նախ անձամբ միացավ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, մեյդան եկան, այսպես կոչված, «Փարիզյան սկզբունքները», ապա` բանակցությունները տեղափոխվեցին ամերիկյան Քի Վեսթ եւ այլն: Բայց մինչ այդ ամենին հասնելը լսենք նաեւ այն ականատեսներին, ովքեր բուռն 1999-2000թթ.-ին ի պաշտոնե գտնվել են իրադարձությունների կիզակետում: Նման անձանցից մեկը ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է, ով այդ ժամանակահատվածում ղեկավարում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը (իսկ մեր օրերում տեղափոխվեց նիկոլյան դաշտ- Հեղ):

- Նախկինում դուք առիթներ ունեցել եք խոսել այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» մասին` ասելով, որ այն իրականում գոյություն ունեցել ու քննարկվել է ղարաբաղյան բանակցությունների շրջանակներում: Այս պահին էլ ե՞ք այդ կարծիքին:

- Իհարկե´: Ընդ որում, այն ժամանակ, երբ այդ մասին խոսվում էր, հասարակության մոտ տեղեկատվության պակաս կար, հետագայում ժամանակը ցույց տվեց` որն է իրականությունը: Այսինքն` դա կարծիք չէր, որը ժամանակին հայտնել էի ու հետո հնարավոր էր եւ փոփոխվել: «Մեղրիի տարբերակ» կոչվածը փաստ է, որի մասին ես կարող եմ միանշանակ խոսել, քանի որ այդ  բանակցությունների մասնակիցը նաեւ ես եմ եղել:

- Թույլ տվեք ճշտել. խոսքը Ղարաբաղի հետ կապված բանակցությունների մասի՞ն է, որի ժամանակ քննարկվել է որոշակի պայմաններով (օրինակ` շրջանառության մեջ եղած վարկածներից մեկով` Ղարաբաղի անկախությունը ճանաչելու եւ Լաչինի դիմաց) Մեղրիի շրջանը կամ, համենայնդեպս, այդ շրջանի Իրանին հարակից հատվածը Ադրբեջանին հանձնելու տարբերակ:

- Այո´: Այդ տարբերակը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով, բայց դա արդեն բանակցությունների բաց փուլն էր: Բնական է, մինչ այդ եղել են նաեւ փակ քննարկումներ: Ես այդ գործընթացին մասնակցել եմ այն առումով, որ համանախագահների հետ ունեցել եմ հանդիպում, որտեղ քննարկվել է այդ հարցը:

- «Մեղրիի տարբերակի» հետ կապված մեր հոդվածաշարում ներկայացրել ենք տարբեր վկայություններ, հեղինակավոր անձանց կարծիքներ, որ այդ տարբերակի քննարկումների սկիզբը դրվեց 1999թ.-ի սկզբներին Վաշինգտոնում` այդ ժամանակվա պետքարտուղար Մադլեն Օլբրայթի աշխատասենյակում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ հանդիպման ժամանակ, որն առաջինն էր այն բանից հետո, երբ նրանք  դարձել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահ: Ասում են` փակ քննարկումների, եւ պետք է ենթադրել, որ խոսքն այդ առաջին հանդիպումից հետո շարունակված Քոչարյան-Ալիեւ դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպումների շարքի մասի՞ն է: Այսինքն` առաջին հանդիպումից հետո Մեղրիի թեման զարգացե՞լ է:

- Մեղրիի, ավելի ճիշտ` տարբեր մեխանիզմներով, սկզբունքներով, մոտեցումներով՝ տարածքների փոխանակման թեման շատ ավելի վաղ է հայտնվել շրջանառության մեջ: Բայց  կոնկրետ այն տարբերակը, որի մասին խոսում ենք, ըստ իս, ծնվել է 1998-99թթ.-ին, անցել է տարբեր քննարկումներով, այդ թվում` Քոչարյան-Ալիեւ բանակցություններում, որից հետո, երբ եկել են կոնկրետ համաձայնությունների, դա տեղափոխվել է բաց փուլ, այսինքն` համանախագահների մակարդակով քննարկումների փուլ:

- Սակայն, նկատենք մեկ փաստ եւս. մինչ 1999թ.-ի վերջերը, 2000թ.-ի սկզբները Ռ. Քոչարյանը, լինելով Հայաստանի նախագահ, այնուամենայնիվ չուներ այն բացարձակ իշխանությունը, որը ձեռք բերեց դրանից հետո: Այն ժամանակ կար Վազգեն Սարգսյանը, հսկայական հեղինակություն ուներ Կարեն Դեմիրճյանը: Ընդ որում, քիչ չեն եղել հրապարակային խոսակցություններ, վկայություններ, որ հիշատակված երկու գործիչները կտրուկ դեմ էին «Մեղրիի տարբերակին»:

- Այո´: Բայց այստեղ որոշ նրբերանգներ կան: Ես այդ թեմայով 1999թ.-ի հունիսին Վազգեն Սարգսյանի հետ խոսակցություն ունեցել եմ, որի ընթացքում նա ինձ պատմեց, թե ինչի մասին էր խոսք գնում: Եվ այն տարբերակը, որը ներկայացնում էր Վ. Սարգսյանը նկատելիորեն տարբերվում էր փաստաթղթային այն տարբերակից, որը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ինձ ներկայացրին համանախագահները: Վ. Սարգսյանի ներկայացրած տարբերակը ներառում էր Հայաստանին փոխանցվելիք այլ տարածքներ եւս, մասնավորապես` Արարատ լեռը: Իսկ դա ենթադրում էր` այդ պայմանագրին Թուրքիայի մասնակցությունը եւս: Հնարավոր է, որ դա ավելի հեռուն տանող նպատակներ էր ենթադրում, ասենք` Ղարաբաղի խնդրի հետ մեկտեղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոշակի հողերի դիմաց Ցեղասպանության հարցը փակելու խոստում եւ այլն: Ու այստեղ չմոռանանք նաեւ, որ հայ-թուրքական հաշտեցման, սահմանները բացելու հարցը մինչ օրս էլ ԱՄՆ-ն համարում է այս տարածաշրջանում իր հիմնական նախապատվություններից մեկը: Բայց հետագայում, երբ համանախագահներն ինձ ներկայացրին փաստաթուղթը, թուրքական ուղղությունն այնտեղ չկար: Այսինքն, կարելի է նաեւ ենթադրել, որ այդ կերպ, պարզապես, փորձում էին շահագրգռել Վ. Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, որ նրանք գոնե միանգամից չմերժեին, այլ մտնեին քննարկումների դաշտ: Ընդ որում, այդ փուլում դեռ քննարկումներն էին ընթանում, այսինքն` չկային այն վերջնական առաջարկները, որոնք, մասնավորապես, ինձ արել են համանախագահները «Հոկտեմբերի 27»-ից հետո:

- Մինչ «Հոկտեմբերի 27»-ին հասնելը` որոշ փաստեր էլ հիշենք: Վ. Սարգսյանը 1999թ.-ի սեպտեմբերին` առաջին անգամ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, պաշտոնական այց կատարեց ԱՄՆ: Ժամանակին խոսկցություններ էին շրջանառվում, որ այդ այցելության ժամանակ նրան մի շարք կոնկրետ հարցադրում-պահանջներ էին ներկայացրել: Սկսած Հայաստանի ֆինանսական աջակցությունից, վերջացրած` Վ. Սարգսյանի մերձավորների ինչ-որ «սեւ ցուցակներ» հրապարակելու, այդ անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներով: Այդ ամենի մասին տեղեկություններ ունե՞ք: Եվ ասվածից բխող հարցը. հնարավոր չէ՞ր, որ սպառնալիքների այդ քանակը պարտադրեր Վ. Սարգսյանին` փոխել իր տեսակետը «Մեղրիի տարբերակի» հետ կապված: Եվ եթե ավելի հեռուները հասնենք, այս հարցի պատասխանը կարող է բացատրել նաեւ, թե «Հոկտեմբերի 27»-ն աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոններին էր ավելի ձեռնտու:

- Վ. Սարգսյանի վերադառնալուց հետո մեկ բան միանշանակ էր. կառավարության նիստում նա հայտարարեց, որ Հայաստանն այլեւս Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր չի վերցնի, որ մենք պետք է գնանք այլ ճանապարհով եւ, որ ԱՄՀ-ի վարկերը մեր երկրին ոչ մի օգուտ չեն բերում: Այլ մանրամասների, ասենք` «սեւ ցուցակների» կամ նման բաների մասին, նա գոնե ինձ ոչինչ չի ասել:

- Կան նաեւ խոսակցություններ, որ «Հոկտեմբերի 27»-ից օրեր առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է «Մեղրիի տարբերակը»: Ընդ որում, ժամանակին եղել են տարբեր հրապարակային վկայություններ, պատմություններ, որ ե´ւ Վ. Սարգսյանը, ե´ւ Կ. Դեմիրճյանը, խիստ մտահոգված եւ նյարդայնացած են դուրս եկել նիստից: Դուք պետք է, որ այդ նիստի մասնակիցը լինեիք:

- Բնականաբար, ի պաշտոնե ես անվտանգության խորհրդի անդամ էի: Բայց կարող եմ հստակ ասել, որ ես նման նիստի չեմ մասնակցել: Եղե՞լ է նման նիստ, թե՝ ոչ, դժվարանում եմ կոնկրետ ասել: Սակայն, ըստ իս, նման բան չի եղել: Այդ ընթացքում մի քանի նիստեր եղել են եւ քննարկվել են այլ հարցեր: Միգուցե, մարդիկ շփոթում են, ասենք` անվտանգության խորհրդի նիստի օրը Վ. Սարգսյանը եւ Կ. Դեմիրճյանը նման քննարկում ունեցել են: Բայց ոչ բուն նիստի ընթացքում:

- Եվս մեկ, մի փոքր գլոբալ բնույթի  հարց` մինչ հոկտեմբերյան ոճրագործությանը կհասնենք: Եթե կար «Մեղրիի տարբերակը», ինչպես որ միանշանակ հավաստիացնում եք, պետք է որ, կոպիտ ասած, դրա թիկունքին կանգնած լիներ ԱՄՆ-ը: Համենայնդեպս` ամեն ինչ սկսվեց տիկին Օլբրայթի աշխատասենյակում, իսկ ԱՄՆ պետքարտուղարի աշխատասենյակում, հազիվ թե, պատահական բաներ լինեն: Գլոբալ առումով` իմաստն էլ կարելի է ենթադրել. էներգակիրների տեղափոխում Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից, այդ թվում` Հայաստանի տարածքով: Ենթադրելի է, որ, միգուցե, Վրաստանի տարածքն այնքան էլ ձեռնտու չէր համարում: Կարող էր լինել նաեւ Ռուսաստանին Իրանից կտրելու խնդիր: Հետագա իրադարձությունները նաեւ Աֆղանստանի ամերիկյան զինվորականներին մատակարարելու խնդիրը բացահայտեցին: Մի խոսքով, աշխարհաքաղաքական այս ողջ պատկերը կարո՞ղ էր «Մեղրիի տարբերակի» առաջացման համար հիմք դառնար:

- Դա ակնհայտ է: Համենայնդեպս բանակցային գործընթացի այդ փուլում ամենաակտիվը եղել է ԱՄՆ-ն, ինչը նկատվել է նաեւ համանախագահների հետ իմ հանդիպումների ժամանակ:

Հարցին նաեւ այս կողմից նայենք. ո՞ւմ էր ձեռնտու «Մեղրիի տարբերակը»: Առաջին հերթին Թուրքիային, եւ դրա արմատները դեռ 1930-ական թվականներն է հասնում, երբ Թուրքիան Իրանի հետ հողային փոխանակում կատարեց ու ձեռք բերեց Նախիջեւանի հետ փոքրիկ սահմանը: Իսկ դրա հիմքում, նույնիսկ աքսիոմա է, որ կա Ադրբեջանով, Կասպից ծովով Կոնտրոնական Ասիա եւ, ընդհուպ, Չինաստանի արեւելյան տարածաշրջաններ դուրս գալու ռազմավարական նպատակ: Երկրորդ, այդ կերպ Թուրքիան գործնականում ստանձնում էր Հարավային Կովկասի վերահսկողությունը: «Մեղրիի տարբերակը» ձեռնտու էր Ադրբեջանին, որը Նախիջեւանի հետ կայուն կապ էր ունենում: Ապա` Արեւմուտքին, որը տարածաշրջանից դուրս էր մղում Ռուսաստանը:

Եվ, ընդհակառակը, գլոբալ «խաղացողներից»` այդ տարբերակը չէր բխում Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շահերից: Եվ, առաջին հերթին, դա չէր բխում Հայաստանի շահերից: Ընդ որում, եթե դա, ասենք, Ռուսաստանի, Իրանի համար լրջագույն, բայց ոչ մահացու կորուստ էր, ապա Հայաստանի համար դառնում էր պատմության ավարտը:

- Հասկանալի է, թե ինչ եք ակնարկում, սակայն հարցնեմ, քանի որ հակառակի մասին շատ է ասվել: Այսինքն, եթե բացվում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանները, դա նշանակում էր` մեր երկրով էներգակիրների, տարաբնույթ այլ ապրանքների տարանցում, եկամուտներ, տնտեսության զարգացում եւ այլն: Չէ՞ որ այս կամ այն կերպ, ժամանակին նաեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մոտ էր այդ գաղափարը դրված:

- Իհարկե, եթե նավթամուղ-գազամուղ անցներ, դրանից եկամուտներ կգային: Սակայն, փոխարենը շատ այլ բաներում կորուստներ կունենայինք: Նկատենք, որ այսօր Վրաստանի տարածքով անցնում է նավթամուղ եւ գազամուղ. դրանից նա հարստացա՞վ: Ընդ որում, մեր տարածքն ավելի փոքր է, այսինքն` նավթի եւ գազի տրանզիտի հաշվին ավելի փոքր եկամուտներ էինք ստանալու: Համենայնդեպս, Վրաստանի օրինակով` պատմությունը տվեց այն հարցի պատասխանը, թե ի՞նչ էինք տալու նավթամուղի եւ գազամուղի դիմաց: Պատկերացրեք, թե մեզ համար ինչ կնշանակեր կորցնել կապն այնպիսի բարեկամ երկրի հետ, ինչպիսին Իրանն է: Կորցնելով այդ այլընտրանքային ուղին, ամբողջովին մնում էինք Թուրքիայի եւ Ադրբեջանի հույսին:

(Շարունակելի)

https://iravunk.com/sim/?p=305355&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան