Թրամփ-Պուտին Ուկրաինայի բանակցությունները կարող են զուգակցվել միջուկային զենքի վերահսկման բանակցությունների հետ. New York Times
Միջազգային
Թրամփ-Պուտին Ուկրաինայի բանակցությունները կարող են զուգակցվել միջուկային զենքի վերահսկման բանակցությունների հետ, գրում է New York Times-ը:
Այս խոսակցության վերջնաժամկետ կա՝ երկու երկրների զինանոցները սահմանափակող հիմնական պայմանագրի ժամկետը լրանում է գրեթե ուղիղ մեկ տարուց։ Եթե համաձայնագիրը չերկարաձգվի, երկու երկրներն էլ կարող են սկսել սպառազինությունների աննախադեպ մրցավազք։
Թրամփն անցյալ շաբաթ ասաց. «Մենք ցանկանում ենք տեսնել, թե արդյոք մենք կարող ենք ապամիջուկայնացնել, և ես կարծում եմ, որ դա լիովին հնարավոր է»: Պուտինն էլ ասել է, որ ինքը և Թրամփը կարող են «միասնաբար լուծումներ փնտրել մեր ժամանակի առանցքային խնդիրների, այդ թվում՝ ռազմավարական կայունության և տնտեսության համար»:
Սպառազինությունների վերահսկման վերաբերյալ վերջին նախնական բանակցություններն ավարտվել են պատերազմի սկսվելուց քիչ առաջ։ Դրանից հետո Պուտինը պնդում է, որ միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ցանկացած բանակցություն պետք է ներառի նաև Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ համաձայնագրեր:
Բայդենի վարչակազմը հրաժարվել է խառնել երկու հարցերը, «սակայն Թրամփը բաց է թվում ավելի լայն բանակցությունների համար, ինչը հենց այն է, ինչ կցանկանար Պուտինը, քանի որ դա կարող է թույլ տալ նրան փոխզիջման գնալ (նաև Ուկրաինայի հարցում)»,- գրում է NYT-ը։
Պուտինի և Թրամփի հանդիպումը, որին կքննարկվեն միջուկային հարցը և Ուկրաինան, կարող է տեղի ունենալ առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության, կարծում է թերթը։ Պետքարտուղարության նախկին պաշտոնյա Ստիվեն Սեստանովիչը կարծում է, որ միայն ԱՄՆ-ի հետ գործարք կնքելը նույնպես Պուտինի ցանկալի նպատակներից է։