ՇԱՏ ՆՄԱՆ Է, ՈՐ ԱՄԵՆԱՈՒՇԸ ԳԱԼԻՔ ՇԱԲԱԹ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԹՐԱՄՓԸ ԿԱՊԻ ՄԵՋ ԿՄՏՆԵՆ
Վերլուծություն
Այսպիսով, շարունակվում է ոչ միայն Հարավային Կովկասի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=303696&l=am), այլ՝ աշխարհի մասշտաբի հարց մնալ, թե ե՞րբ կհանդիպեն Պուտինն ու Թրամփը եւ կկարողանա՞ն որոշակի պայմանավորվածությունների գալ: Բայց դա էլ, խոշոր հաշվով, կապված է մեկ այլ հարցից՝ իսկ իրականում ի՞նչ է անում կամ ուզում անել Թրամփը:
Ռուս հայտնի փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի կարծիքով, ԱՄՆ-ում իրոք այս պահին ընթանում են գործընթացներ, որոնք, ըստ էության, հեղափոխական իմաստ ունեն. «Այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում, ցույց է տալիս, որ մենք գործ ունենք ԱՄՆ-ում պահպանողական հեղափոխության սրընթաց գործընթացի հետ։ Արժեքների համակարգը փոխվում է բառացիորեն ճիշտ հակառակ ուղղությամբ, ինչ մինչ այս կար: Այն, ինչ Թրամփն ու նրա թիմը հայտարարում են, եւ առաջին քայլերը, որոնք անում են, շարժվում են լիակատար հակադրվելով ձախ-լիբերալ գաղափարախոսությանը, որն ընկած է գլոբալիստների կողմնորոշումների, ռազմավարությունների եւ գործողությունների հիմքում: Ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում այսօր, շատ խորը փոխակերպում է եւ նույնիսկ Արեւմուտքի պառակտում երկու բեւեռների…»:
Այսինքն, խոսքն արդեն ոչ թե ներամերիկյան հայտնի ստանդարտ պատկերի մասին է, երբ էլիտայի մի թեւը իշխանությունը փոխանցում էր մյուսին եւ հետո հետ ստանում, այլ՝ գաղափարախոսական պատերազմի: «Երկրորդ բեւեռը, ըստ էության, հենց ինքը՝ Թրամփն է եւ թրամփիզմը։ Սա պահպանողական Ամերիկա է, որը, ըստ էության, ամբողջությամբ մերժում է ձախ-լիբերալ գաղափարախոսությունը՝ հաստատելով աջ-պահպանողական գաղափարախոսությունը։ Ընդգծեմ՝ ոչ թե աջ-լիբերալ, այլ աջ-պահպանողական, քանի որ Թրամփի ճամբարի շատ ներկայացուցիչներ խոսում են հետլիբերալ արժեքների եւ, ընդհանրապես, լիբերալիզմի մերժման մասին։ Հենց «լիբերալ» բառն Ամերիկայում դառնում է կեղտոտ տերմին… Գլոբալիստների ձախ-ազատական արժեքները փոխարինվում են ավանդականներով: Լիբերալ պրոգրեսիվիզմից շրջադարձ կա դեպի պահպանողականություն եւ նույնիսկ` ավանդապաշտություն: Իրականում Թրամփն ու թրամփիստները առաջ են քաշում արժեհամակարգ, որն իր հիմնական վեկտորներով եւ դրույթներով շատ մոտ է Ռուսաստանի հռչակածին»,- նշում է փիլիսոփան:
Այսպիսով, եթե լուրջ փիլիսոփայի համարում ունեցող Դուգինը չի սխալվում, ստացվում է գոնե վերջին 100 տարվա պատմության մեջ բացառիկ երեւույթ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գտնվում են նույն գաղափարական դաշտում, իսկ ԱՄՆ-ի թիվ մեկ դաշնակից Եվրոպան՝ լիովին հակառա՞կ: Բայց եթե անգամ այդպես է, մեկ է, այս պահին նույն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մնում են եթե ոչ թշնամական, ապա առնվազն հակադիր դաշտերում: Ու ամբողջ հարցն այն է, թե Թրամփը կարո՞ղ է այդ իրողությունը փոխել:
Նախօրեին Թրամփը հանդես եկավ Ռուսաստանին ուղղված կոչով, որում ասված է. «Ես մտադիր չեմ վնասել Ռուսաստանին. Ես սիրում եմ ռուս ժողովրդին եւ միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ՝ չնայած արմատական ձախերի՝ «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստանի» մասին ստերին։ Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեզ օգնեց հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ կորցնելով գրեթե 60 միլիոն կյանք։ Այս ամենը հաշվի առնելով՝ ես պատրաստվում եմ շատ մեծ լավություն անել Ռուսաստանին, որի տնտեսությունը փլուզվում է, եւ նախագահ Պուտինին։ Եկեք հիմա պայմանավորվենք եւ դադարեցնենք այս հիմար պատերազմը: Հետո միայն վատ կլինի։ Եթե շուտով «գործարքի» չհասնենք, ինձ այլ բան չի մնա, քան բարձր հարկեր, մաքսատուրքեր ու պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին եւ այլ մասնակից երկրներին։ Եկեք ավարտենք այս պատերազմը, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ: Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, իսկ հեշտ ճանապարհը միշտ ավելի լավն է: Ժամանակն է գործարք կնքելու: Այլեւս կյանքերի կորուստ պետք չէ»:
Թերեւս, նման կոչով Թրամփը միանգամից երեք սխալ է թույլ տալիս: Նախ, թե Երկրորդ աշխարհամարտում ով ում է օգնել հաղթել, գերմանական ծագումնաբանությամբ Թրամփը պետք է որ լավ իմանար: Մինչդեռ այդ հարցում նրա այս հռետորաբանությունը նման է պատմություն կեղծելուն, այն դեպքում, երբ այդ հարցում Ռուսաստանը շատ զգայուն է: Այսինքն, նման տոնը հաստատ «լավ գործարքին» չի օգնի:
«Գործարքին» չի օգնի նաեւ Թրամփի սպառնալից տոնը՝ պատժամիջոցներ եւ այլն: Բայդենն արդեն կիրառել է բոլոր պատժամիջոցները, որոնք հնարավոր էին: Արդյունքում, հենց Թրամփն է ասում, որ հասել են Երրորդ համաշխարհայինի շեմին: Այսինքն, ուզում է Բայդդենի կո՞ւրսը շարունակել, որից Մոսկվան չի վախենում՝ համարելով, որ իրենք կռվում են հանուն սեփական գոյության: Ամեն դեպքում, խոսքը Գրելանդիայի մասին չէ. 5-6 հազար միջուկային մարտագլխիկ ունեցող երկրի հետ սպառնալիքների լեզվով խոսելը կոպիտ սխալ է:
Վերջապես, Մոսկվան ինչպես 2022թ.-ին, այնպես էլ հիմա հստակ պայմաններ է առաջադրել` դրանց շուրջ բանակցելու պարտավորություն հայտնելով: Հիմա էլ Մոսկվայի ազդակները նույնն են` կան այս-այս հարցերը լուծելու, որի շուրջ պատրաստ են բանակցել, ու այդտեղ ուկրաինական պատերազմն ամենեւին էլ ամենահիմնականը չէ: Երբ պարզապես բանակցային սեղանի շուրջ նստելու փոխարեն, Թրամփը անցնում է հրապարակային սպառնալիքների, դա Մոսկվային միանգամից ստիպում է ի սկզբանե կոշտացնել դիրքորոշումը: Առավել եւս, երբ, ինչպես հերթական անգամ ցույց տվեց Պուտինի եւ նախագահ Սիի տեսազրույցը, ԱՄՆ-ն շարունակելու է նաեւ Թրամփի օրոք գործ ունենալ ոչ թե պարզապես ՌԴ-ի կամ Չինաստանի հետ, այլ` երկուսի հետ միաժամանակ: Կամ, հաշվի առե՞լ է Թրամփը, որ բացի Մոսկվայից եւ Պեկինից, կռվում է նաեւ լիբերալների հետ, Եվրոպայի, Իրանի եւ այդպես շարունակ: Գումարած` այն ավերվածությունը, որն իրենից հետո թողել է Բայդենն ամերիկյան տնտեսությունում: Այսինքն, այնքան էլ փայլուն դիրքերում չէ, ինչպիսին ուզում է ներկայացնել:
Ու հարց է ծագում` նման սպառնալիքների անցնելով, Թրամփն իրո՞ք ուզում է բանակցել: Բայց մյուս կողմից էլ, վերադառնալով Սպիտակ տուն, Թրամփն արդեն ապացուցել է, որ իրոք բացառիկ գործիչ է եւ հազիվ թե նման պարզ սխալներ թույլ տա: Չնայած, Մոսկվան կարող է անգամ ուշադրություն չդարձնել այս տոնին, համարելով այն սովորական թրամփյան հռետորաբանություն, եւ անցնել նրա հետ բանակցելու: Բայց փոխարենը, Թրամփը կարող է այլ պատկեր հրամցնել, թե, տեսեք, սպառնացի, եւ Մոսկվան ենթարկվեց, ռուսներին կարողացա պարտադրել բանակցություններ, իմ կամքը թելադրեցի, ինչը չկարողացավ անել Բայդենը: Իսկ դա լուրջ հարված կդառնա այն ուժերին, որոնք ջանասիրաբար փորձում են ձախողման տանել Թրամփ-Պուտին ամեն մի գործընթաց, թե՝ դա Պուտինի հաղթանակը կլինի: Իսկ այսպես, քարոզչական դաշտում կներկայացվի Թրամփի հաղթանակ, թեեւ դրանից բանակցային օրակարգն ու իմաստը չեն փոխվի:
Արդյոք հենց այս իմաստով չէ՞ր Թրամփի այդ սպառնողական տոնայնությունը, որը նաեւ էապես կամրացնի նրա դիրքերը լիբերալների դեմ պայքարում…
Մի խոսքով, ավելի հավանական տեսք է ստանում այն տպավորությունը, որ ամենաուշը հաջորդ շաբաթ Պուտինն ու Թրամփը կունենան առաջին հեռախոսազրույցը:
https://iravunk.com/sim/?p=303697&l=am/