«Ապրելով Թուրքիայում` մեծացել եմ Հայ Առաքելական եկեղեցու պատգամներով».ՍԻԲԻԼ
Շոու բիզնես
«Իրավունքը» զրուցել է պոլսահայ երգչուհի ՍԻԲԻԼԻ հետ:
— Ձեր անունն ո՞ւմ պատվին են դրել և ի՞նչ է թարգմանաբար նշանակում:
— Կնքահայրս մայրիկիս և հայրիկիս առաջարկել է Սիբիլ անունը: Ընտանիքս էլ շատ սիրով ընդունել է այդ առաջարկը:
Ավելացնեմ նաև, որ Սիբիլը հայտնի պոլսահայ բանաստեղծուհի Զաբել Ասատուրի ծածկանունն է, որին դուք Հայաստանում մականուն եք ասում: Իմ Սիբիլ անվան ծագումը սա է: Բայց հետևաբար տեղյակ եմ թագուհի Սիբիլի մասին: Սիբիլը՝ Կիլիկիայի թագավոր Լևոնի կնոջ ու նշանավոր թագուհի Զաբելի մայրիկի անունն է:
— Շրջապատը, որտեղ մեծացել եք, ինչպիսի՞ն է: Պոլսահայ համայնքում հետևո՞ւմ են հայկական ավանդույթներին:
— Մեծացել եմ պոլսահայ մթնոլորտում: Հայախոս ու հայկական ավանդույթների տեր ու պաշտպան եղող ընտանիքի մի զավակ եմ: Մեր տան մեջ միմիայն հայերեն ենք խոսում:
Հայրս երգչախմբի անդամ էր: Եվ ինձ դեռևս մանկուց իր հետ եկեղեցի էր տանում: Մեծացել եմ Հայ Առաքելական եկեղեցու պատգամներով: Ապրելով Թուրքիայում՝ պահպանում էինք մեր ավանդույթները և նշում տոնական օրերը:
— Պատմեք Ձեր ընտանիքից:
— Արմատներով հայրս պոլսահայ էր, մայրս Սեբաստիա ու Թոկատ նահանգից էր: Ունեմ մեծ քույր, որն ամուսնացած է և երկու զավակ ունի: Հայրական կողմի պապիկիս, տատիկիս ու մայրական կողմի պապիկիս, դժբախտաբար, չեմ տեսել: Նրանք բոլորը մահացել էին: Միայն մայրական տատիկիս եմ տեսել, որի անունն Արսենուհի էր: Տատիկս 1915 թվականին շատ դաժան օրեր է ապրել: Իրենք հինգ քույր ու եղբայր են եղել: Միայն ինքն ու իր մեկ տարեկան մեծ քույրն է փրկվել Եղեռնից:
— Շուտով ապրիլի 24-ն է: Աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերն այդ օրը իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին, իսկ Դո՞ւք:
— Տաքսիմիի հրապարակում Եղեռնի զոհերի հոգեհանգստի մատուցման արարողությանն եմ մասնակցել: Երկու անգամ էլ ապրիլի 24-ին Հայաստանում եմ եղել և Ծիծեռնակաբերդ եմ գնացել՝ մեր անմեղ զոհերի հիշատակի համար հարգանքի տուրք մատուցելու: Վերջերս Պոլսում նման հավաքներ տեղի չեն ունենում: Ես այդ օրը իմ տան մեջ խունկ ու մոմ եմ վառում՝ աղոթելով իմ մեծ մոր ու մեծ հոր և անուշտ նաև բոլոր նահատակվածների անմեղ հիշատակի համար: Կյանքիս ամենաանմոռանալի ապրիլի 24-ը այն տարին էր, երբ ես հատուկ հրավիրված էի Պարսկաստան՝ Թեհրանում օրվա խորհրդին նվիրված համերգին մասնակցելու: Մինչև կյանքիս վերջ կհիշեմ այդ օրվա տպավորությունը` հուզմունքս, ապրումներս...
— Թուրքիայում ապրող, կարելի է ասել, միակ հայ երգչուհին եք, որը հայկական ազգային երգերով հասել է հաջողության: Խանգարողներ եղե՞լ են:
— Երգերիս առաջին ալբոմս թողարկեցի 2010 թվականին: Այն ընդունվեց շատ լավ: Եղան շատ դրական արձագանքներ, բայց նաև դրանց կողքին ստացա մի քանի բացասական նամակներ: Երգերս շատ սիրեցին ու ընդունեցին: Թուրքական մամուլը շատ մեծ գնահատականով արտահայտվեց իմ մասին: Բայց նաև նրանց կողմից 44-օրյա պատերազմի շրջանում սպառնալիքներ էլ ստացա: Սակայն դա արգելք չեղավ ինձ համար, քանի որ պետք է լինենք ուժեղ և համարձակ առաջ գնանք:
— Ժամանակին թուրքական պետական հեռուստատեսությամբ Ձեր հայալեզու տեսահոլովակն է ցուցադրվել: Կպատմե՞ք՝ ինչպես դա Ձեզ հաջողվեց:
— Հավատացեք, դրա համար ես ոչ մի ջանք չեմ թափել: Այդ միջավայրում ոչ ոքի չէի ճանաչում և ծանոթներ չունեի, որպեսզի միջամտեն: Թուրքական հեռուստատեսությունից ինձ հրավիրեցին, որ ես հաղորդման ժամանակ հայկական երգեր երգեմ: Ինչպես աշխարհի հայերը, ես նույնպես իրենց այդ առաջարկից շատ զարմացա: Թուրքական հեռուստատեսության բոլոր ալիքներում սկսեցին ցուցադրել իմ տեսահոլովակները: Ինձ համար դա շատ զարմանալի էր, որովհետև այդպիսի բան երբեք ոչ մի հայ երգչուհու հետ չի պատահել:
— Ինչպե՞ս պատահեց, որ Թուրքիայում առաջարկներ եղան Ձեզ ուղարկել Եվրատեսիլ, նույնիսկ համաձայնելով, որ Դուք հայերեն երգեք:
— Մի օր հեռուստատեսության առջև նստած՝ հաղորդմանն եմ հետևում, մեկ էլ շատ հայտնի թուրք հաղորդավարը երաժշտական քննադատների հետ սկսեց խոսել իմ մասին: Ասացին` ինչու չի կարող մեր երկիրը Եվրատեսիլում ներկայացնի Սիբիլը՝ կատարելով իր հայկական երգերից մեկը: Սա եթե կատարվի, մենք շատ մեծ քայլ կատարած կլինենք: Լսելով այս խոսքերը՝ ես շատ զարմացա: Քանի որ երբեք չի եղել նման բան, որ Թուրքիան Եվրատեսիլում ներկայացնի հայ երգչուհին:
— Բացի երգարվեստով զբաղվելուց, նաև այլ մասնագիտություն ունեք, կմանրամասնե՞ք:
— Տարիներ շարունակ երգարվեստին զուգահեռ ֆինանսական ուղղվածությամբ էի աշխատում: Բայց վերջին տարիներին ֆինանսի ոլորտում չեմ աշխատում: Հիմա երգարվեստի հետ զուգահեռ զբաղվում եմ հայկական զարդերի արտադրությամբ: Ապրանքանիշիս անունն է` «Sibil La Reine», որը թարգմանաբար կոչվում է «Սիբիլ թագուհի»: Ինչպես հարցազրույցի սկզբում, երբ ինձ հարցրիք անվանս ծագման մասին, ես պատասխանեցի, որ Կիլիկիայի թագավոր Լևոնի կնոջ անունն էր, ես և իմ գործընկերուհի Հասմիկը որոշեցինք մեր ապրանքանիշն անվանել «Սիբիլ թագուհի»: Աշխատում ենք օնլայն: Մեր զարդերը հայկական թեմաներով են:
— Համերգներ, մենահամերգներ ունենո՞ւմ եք:
— Այո, դեռևս մի քանի ամիս առաջ Պոլսում մեծ համերգ ունեցա: Հիմա մի քանի համերգային առաջարկներ ունեմ: Կսպասեմ մինչև իրականանան:
— Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
— Աշխատում եմ նոր երգերի վրա, երբ ավարտեմ, սիրով կխոսենք այդ թեմայով:
— Հայ թուրքական լարված հարաբերությունները չե՞ն անդրադառնում Ձեր արվեստի վրա:
— Անշուշտ, անդրադառնում են: Շատ մեծ ցավ ապրեցինք բոլորս: Ունեցանք և դեռ ունենում ենք կորուստներ, հետևաբար իմ ապրած դժվարությունների մասին չեմ էլ խորհում: Միմիայն մտածում եմ մեր տղաների ու մեր հայրենիքի ապահով ապագայի մասին:
— Ե՞րբ եք պատրաստվում այցելել Հայաստան:
— Հուսով եմ, շատ շուտով կայցելեմ Հայաստան:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=253376&l=am/