Ինչպես Հադրութի դիրքերից Վերա Սաֆարյանը հայտնվեց «Միսիս Եվրոպա 2022»-ի պոդիումում
Շոու բիզնես
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Միսիս Եվրոպա 2022» մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրեց գեղեցկուհի մոդել ՎԵՐԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ` զբաղեցնելով 2-րդ տեղը: Մրցույթին մասնակցելու առաջին նախապայմանը մայր լինելն էր: Վերան ունի մեկ որդի: Այս ամենի մասին «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
— Ծնունդով Հադրութից եք, ի՞նչ հիշողություններ ունեք՝ Ձեր ծննդավայրի հետ կապված:
— Ծնվել, մեծացել եմ Հադրութում, երբ կորցրինք Հադրութը, տեղափոխվեցինք Երեւան: Արդեն երկու տարի է ապրում եմ Երեւանում: Իմ կյանքի ամենալավ հիշողությունները` մանկության, դպրոցական, համալսարանական տարիները կապված են Հադրութի հետ: Ինձ համար շատ ցավալի էր, որ վերջին անգամ ես իմ քաղաքն ամենավատ կերպարով տեսա` զոհեր, պատերազմ... Եվ հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ ծննդավայրս:
— Կպատմե՞ք Ձեր ընտանիքից:
— Հայրս` Արտուշ Սաֆարյանը, զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ` 1993 թվականին, մինչեւ իմ ծնվելը: Դիրքերից իջնելու իր վերջին այցի ժամանակ իմացավ իմ մասին, որ աղջիկ է ունենալու: Երբ հայրս զոհվեց, եղբայրս երեք տարեկան էր, իսկ ես 7 ամիս հետո ծնվեցի: Մայրս մանկական բուժքույր է: 36 տարի Հադրութի հիվանդանոցում մանկաբարձական բաժնում բուժքույր է աշխատել: Ունեմ 7 տարեկան որդի: Համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել եմ դպրոցում` որպես ռուսերենի ուսուցչուհի: Այնուհետեւ մտել եմ ՊԲ շարքեր եւ, որպես զինվորական՝ երկու տարի ծառայել եմ բանակում:
— Դուք նաեւ մասնակցել եք 44-օրյա պատերազմին…
— Այո, մասնակցել եմ: Եվ այն վատ տեսարանները, որ ես տեսա, իմ կյանքը լիովին փոխեցին: 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայության մեջ էի: Հադրութի մարտական դիրքերում էի, երբ սկսվեց պատերազմը: Քանի որ իրավիճակը շատ էր սրվել, եւ հակառակորդը շատ էր մոտեցել դիրքերին, հրաման տրվեց, որպեսզի կին զինծառայողներին հանեն դիրքերից: Այնտեղից տեղափոխվեցինք Վարանդա՝ մեզ հետ տեղափոխելով մեր վիրավոր զինվորներին: Այնտեղ մնացի մինչեւ հոկտեմբերի 10-ը, ոչ մի կերպ չէինք պատկերացնում, որ կարող է թշնամին մտնել Հադրութ: Վերջին անգամ այն սպաները, որոնք գնացին օգնության բանակին, մեզ ասացին, որ զգոն լինենք, որովհետեւ չգիտեն՝ ինչ է կատարվելու, եւ ինչ քանակով են այնտեղի կուտակումները: Ցավոք սրտի, այդ սպաներից ոչ ոք հետ չեկավ: Մենք արդեն լսեցինք թուրքերի ձայները, կրակոցները քաղաքի մեջ ու զինվորների օգնությամբ դուրս եկանք Հադրութից: Եկանք Ազոխ գյուղ, այնտեղ արդեն օգնության համար մեզ ավտոմեքենա տրամադրեցին, քանի որ վիրավորներ էլ ունեինք: Եվ այդտեղից մեզ տարան Ստեփանակերտ: Պատերազմից հետո տեղափոխվեցի Երեւան: Հետ չգնացի Արցախ, որովհետեւ մեր տունն արդեն չկար, իսկ Երեւանում կարողացա գտնել աշխատանք:
— Ինչպե՞ս որոշեցիք մտնել մոդելային աշխարհ:
— Երեւանում մի լուսանկարչից իր էջի համար լուսանկարվելու առաջարկ ստացա: Համաձայնեցի (հիմա նա իմ լավ ընկերն է, իր հետ էլի համագործակցում եմ) նկարահանվել: Նա իմ նկարները տեղադրեց իր էջում: Ես էլ նկարներս տեղադրեցի սոցցանցերում ,ու այդպես տարածվեց: Հետո սկսեցի ստանալ առաջարկներ խանութներից, դիզայներներից, որոնք ուզում են, որ ես իրենց մոտ որպես մոդել նկարահանվեմ: Ու այդպես սկսեցի իմ գործունեությունը ծավալել նորաձեւության աշխարհում: Բայց դրա հետ մեկտեղ զգում էի, որ դեռ չեմ կայացել մոդելային գործում եւ առայժմ պրոֆեսիոնալ չեմ: Որոշեցի Աննա Դեմիրխանյանի մոդելային դպրոց հաճախել, քանի որ ինքն իր կերպարով ինձ համար շատ պրոֆեսիոնալ էր:
— Այդ ժամանակ արդեն մոդելային կազմվածք ունեի՞ք:
— Իմ կազմվածքը գենետիկորեն է փոխանցվել, որովհետեւ չեմ հասցնում պարապեմ, քանի որ գրեթե 24 ժամ աշխատում եմ: Հայրս էլ էր բարձրահասակ: Ես իրենից եմ ժառանգել:
— Գեղեցկության մրցույթին մասնակցելու առաջարկն ինչպե՞ս եղավ:
— Հենց Աննա Դեմիրխանյանն ինձ առաջարկեց մասնակցել գեղեցկության մրցույթին: Ես էլ համաձայնեցի, որից հետո իմ տեսահոլովակները, նկարները ուղարկեցին կազմակերպիչներին: Եվ մարտի 11-ին ընտրեցին ինձ, որպեսզի մասնակցեմ մրցույթին:
— Ո՞վ էր ֆինանսավորել Ձեր Եվրոպա գնալը:
— Հովանավոր չգտա, ոչ ոքի կողմից աջակցություն չեղավ: Ամեն ինչ ինքս կազմակերպեցի իմ ուժերով: Հայաստանն արդեն երկար տարիներ է այդ մրցույթին չի մասնակցել: Ես ցանկացա գնալ եւ այնտեղ պատմել իմ երկրի, Արցախի մասին, որ Արցախը Հայաստան է, եւ այնտեղ միշտ հայեր են ապրել: Ես գնացի ու ինչքան հնարավոր է շատ ներկայացրի Հայաստանում տիրող իրավիճակը, որ մեր կանայք, լինելով մայր՝ չեն ուզում պատերազմ, որ դա ագրեսիա է հակառակորդի, ոչ թե Հայաստանի կողմից: Ասացի` ես մայր եմ, ուզում եմ խաղաղություն եւ չեմ ուզում, որ լինեն զոհեր: Ներկայացրի իմ անցած ուղին, որ եղել եմ զինվորական, եւ ինչ դժվար է կնոջ համար միայնակ երեխա մեծացնելը: Այդ ամենը հաշվի առնելով՝ ես հայտնվեցի երկրորդ հորիզոնականում: Ի դեպ, երեխա ունենալը պարտադիր պայման է, որպեսզի մասնակցես նման մրցույթի, որովհետեւ սա «Միսս»-ի մրցույթ չէր, այլ՝ «Միսիս»-ի, ինչը թարգմանվում է «տիկին»:
— Գո՞հ եք մրցույթի արդյունքներից:
— Այդ մրցույթն իմ կյանքում առաջին անգամ էր, ու ես գոհ եմ արդյունքներից: Եվ շնորհակալ եմ իրենցից: Երկրորդ տեղն ինձ համար մոտիվացիա եղավ, որ աշխատեմ ավելիին հասնելու համար: Ի դեպ, մրցույթը պետք է լիներ Ուկրաինայում, քանի որ անցած տարի Ուկրաինան էր հաղթել: Բայց պատերազմի հետ կապված՝ մրցույթն անցկացրին Բուլղարիայում:
— Գեղեցիկ լինելը շատերի մոտ նախանձ է առաջացնում եւ առիթ տալիս չարախոսությունների: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:
— Իհարկե, դա անպայման լինում է, բայց ես փորձում եմ միայն լավը նկատել: Մարդիկ կան, որոնք վատաբանելով, ֆեյք էջերով գրում են, ու ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ ոչ բոլոր մարդիկ են բարի: Եթե ինչ-որ մեկն ինձ դուր չի գալիս, իմ դաստիարակությունից ելնելով, մեջս եմ պահում ու չեմ արձագանքում: Բայց մարդիկ կան, որոնք չունեն իրենց զսպելու ունակություն: Մոդելային դպրոցում մենք հոգեբանական թերապիա էինք անցնում, թե ինչպես նորմալ ընդունել այդ ամենը: Ես բացասական չեմ տրամադրվում այդ մարդկանց հանդեպ: Աստված իրենց հետ: Ուղղակի նաեւ ծառայության ընթացքում հանդիպել եմ դեպքերի, որ նախանձելուց բացի, ուզեցել են ինձ վատություն անել: Եղել են պահեր, որ ես պետք է գործից դուրս գայի, քանի որ մարդիկ այնպես էին արել, որ իմ տեղը ուրիշ մարդ աշխատի` հաշվի չառնելով, որ ես հայր չունեմ, զոհվածի աղջիկ եմ, միայնակ մայր եմ: Իրականում Աստծո շնորհիվ կյանքն ինձ կրկնապատիկը տվեց: Այսօր այն մարդիկ, ովքեր ինձ աշխատանքից ուզում էին զրկել, չունեն այն աշխատանքը, որի համար կռիվ են տվել: Իսկ ես, փառք Աստծո, ողջ-առողջ եմ, ունեմ ունակություն ավելին աշխատելու: Ճիշտ չէ չարին չարությամբ պատասխանելը: Ես շատ եմ Աստծուն հավատում, ու ինչքան Աստծուն ունենանք մեր կյանքում, այնքան ավելի լավ կդասավորվի մեր կյանքը:
— Ձեր կազմվածքը պահպանելու համար հետեւո՞ւմ եք սննդակարգին:
— Այո, իհարկե, հաց չեմ ուտում, պարտադիր միս եմ օգտագործում, ջուր եմ շատ խմում եւ արդեն 7 տարի է զբաղվում եմ յոգայով:
— Քանի որ մասնակցել եք 44-օրյա պատերազմին, եւ Ձեր աչքի առջեւ եղել են զոհեր, եկեք ավարտենք Ձեր խոսքով՝ ուղղված զոհվածների ծնողներին:
— Ե՛վ ցավ եմ զգում, ե՛ւ՝ հպարտություն: Ինքս ապագա զինվորի մայր եմ եւ լավ գիտեմ, թե ինչքան դժվարությամբ է աշխարհ գալիս կյանքը: Զավակի կորուստը շատ ցավալի է: Խոնարհումս զոհվածների ծնողներին, ուժ ու եռանդ, որպեսզի դիմանան այդ ցավին: Հայ կինը, բացի ցավից, արժանի է ավելի լավին: Թող բոլոր մայրերը, որոնք լույս աշխարհ են բերում բալիկների, խաղաղության տակ մեծանան: Եվ ես որտեղ էլ լինեմ, կփորձեմ հանրությանը հասանելի դարձնել այն ցավը, որ տիրում է մեր հայրենիքում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=239255&l=am/