«ՄԻՆՉԵՎ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ` ՄԻՆՉ ՍԻՐԱՀԱՐՎԵԼԸ, ՇԱՏ ԼԱՎ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ». ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Շոու բիզնես
Շուտով սեպտեմբերի 1-ն է, եւ դպրոցներում ու բուհերում կսկսվի նոր ուսումնական տարին: Այս առիթով իր հիշողություններով «Իրավունքի» հետ կիսվել է երգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:
— Հիշո՞ւմ եք Ձեր առաջին սեպտեմբերի 1-ը:
— Լավ չեմ հիշում, որովհետեւ արդեն շատ ժամանակ է անցել: Միայն հիշում եմ` շատ ոգեւորված էի, որ պետք է արդեն դպրոց գնամ: Այդ տարիներից պահպանվել են նկարներ` ես դպրոցի բակում կանգնած, ծաղկեփունջը ձեռքիս, սպասում էի իմ ուսուցչուհուն, որպեսզի նվիրեմ: Արդեն գիտեի, թե ով պետք է լինի իմ ուսուցչուհին:
— Հետագայում սիրո՞վ էիք հաճախում դպրոց:
— Այո, մեծ սիրով էի հաճախում: Մինչեւ 7-րդ դասարան` մինչ սիրահարվելը, շատ լավ եմ սովորել:
— Առաջին անգամ դպրոցական տարիքո՞ւմ եք սիրահարվել:
— Առաջին սերս դեռ մանկապարտեզային տարիքում է եղել: Երկրորդ սերս իմ դասընկերն էր: Շատ ռոմանտիկ ու բուռն էր ինձ մոտ այդ ամենն ընթանում: Մանկուց արդեն ակնհայտ էր, որ սիրառատ, սիրով լի եմ: Եվ երբ այսօր երգում եմ «Իմ անունն է սեր» երգը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, ամենեւին էլ պատահական չէ:
— Դասերից փախե՞լ եք:
— Այո, լինելով դասարանի ավագ, կազմակերպում էի դասերից փախուստներ, որ գնայինք Ծիծեռնակաբերդի այգում խաղեր խաղայինք: Նույնիսկ դպրոցի առաջին հարկից թռել եմ՝ փախչելու համար:
— Դպրոցում ո՞ր առարկաներն էիք սիրում եւ լավ սովորում:
— Հումանիտար առարկաներն էին ինձ համար հոգեհարազատ, մասնավորապես` լեզուները: Անգլերեն լեզվի շատ ճիշտ հիմքը եւ իմ սերը դեպի այդ լեզուն դրվել է դպրոցում:
— Տարբերվո՞ւմ էիք դպրոցում մյուսներից:
— Ավելի համարձակ էի՝ լավ առումով, քան իմ շատ եւ շատ դասընկերուհիները, ու ունեի իմ սեփական կարծիքը: Իմ դասընկեր տղաներն ինձ շատ էին սիրում: Իրենց յուրահատուկ ընկերուհին էի: Եվ երբ 9-րդ դասարանում առաջին քայլերն արեցի երգարվեստում, նրանք շատ վրդովվել էին, դեմ էին, որ երգեմ: Ինձ ասում էին` երգարվեստի ճանապարհը քոնը չէ: Դժվար է լինելու աղջիկների համար: Բայց, այնուամենայնիվ, Վերջին զանգի ամբողջ երաժշտական մտահղացումը, ձեւավորումն իմ դասղեկն ինձ էր վստահել: Նույնիսկ երգեր կային, որ ես էի նվագում, եւ դասընկերուհիներս երգում էին: Երբ երգարվեստում առաջին քայլերս էի անում, հեղինակային երգի փառատոնին իմ դասարանի երեխաները եւ ուսուցչուհիներս եկել էին: Նրանք շատ ուրախ էին ինձ համար, որ երգում եմ: Եվ հենց այդ նույն դասընկերներս, որոնք դեմ էին, որ ես երգեմ, իմ առաջին քայլերից հետո իրենց կարծիքը փոխեցին եւ հասկացան, որ բեմն իմն է, եւ ես պետք է երգեմ, ստեղծագործեմ: Նրանք կարողացան գնահատել այն շնորհը, որ տվել է ինձ Աստված:
— Այն ժամանակ, երբ դուք դպրոցական էիք, մութ ու ցուրտ տարիներն էին: Մոմի լույսի տակ էիք կարդում, սովորում: Եթե այսօրվա հետ համեմատենք, ի՞նչ կար այն ժամանակ, որը չկա հիմա:
— Եթե դուք հարցնեք` ո՞ր տարիներն էին ավելի հետաքրքիր ինձ համար: Ես կասեի` հենց այդ մութ ու ցուրտ տարիները: Հիմա կենցաղային առումով, կարծես թե, ամեն ինչ կա` հարմարավետություն, հնարավորություններ, սակայն չկա մի շատ կարեւոր բան, որը, ցավոք, տարիների ընթացքում վերանում է: Շատ քիչ ծնողներ են կարողանում վերահսկել դա, որովհետեւ դարի շունչը փոխվել է: Եվ ես կարծում եմ, որ իմ ժամանակ երեխաները նույնիսկ մութ ու ցուրտ պայմաններին շատ ավելի մարդկային էին եւ շատ ավելի օգնելու պատրաստ: Այսինքն` այդ մարդկային արժեհամակարգն էր լրիվ ուրիշ: Շատ ավելի ստեղծագործ էին, արվեստի շնչով էին, պատրաստ էին անկախ ամեն ինչից ուրախ լինելու: Նույնիսկ այդ պայմաններում մենք հոգեպես ավելի ուրախ էինք եւ պայծառ, քան հիմա: Այսօրվա երեխաները մի տեսակ ինքնամփոփ են, իրենք իրենց աշխարհներն ունեն: Հետո այս պլանշետային, ինտերնետային մշակույթը, որը հասարակության մեջ ներմուծվեց ամբողջ աշխարհում, դրական կողմերի հետ մեկտեղ՝ նաեւ իր շատ բացասական կողմերն ունի, որոնք անդառնալի փոխում են երեխաների մտածելակերպը, նիստուկացը կյանքի եւ աշխարհի նկատմամբ: Մասնավորապես՝ սա նկատում եմ մարդկային հարաբերությունների մեջ: Մենք շատ էինք սիրում դրսում լինել, խաղալ: Բակային շատ հետաքրքիր խաղեր կային: Շատ հետաքրքիր էր մեր բակային հավաքույթները, երբ կազմակերպում էինք ճամբարներ, դիսկոտեկներ: Ես ինքս եղել եմ այն բալիկներից, որ մտահղացում եմ ունեցել արվեստի խմբակ բացելու: Իմ սերնդակիցները շատ ավելի հետաքրքիր էին թե՛ որպես երեխաներ, թե՛ որպես երիտասարդներ, քան այն, ինչ ես հիմա տեսնում եմ իմ շուրջը: Հիմա կա կոմֆորտ, բայց չկա այն ուրախությունը, որ կար իմ մանկության տարիներին:
— Ի՞նչ պատմություն կմտաբերեք՝ այդ տարիների հետ կապված:
— Շատ հետաքրքիր պատմություններ են եղել: Օրինակ՝ 5-րդ դասարանում էի, եւ իմ դասընկերներից մեկը, որն իմ կողքին էր նստում, մի անգամ ոտքս շոյել էր՝ անկախ իրենից, առանց հասկանալու: Ինձ, երեւի թե, համակրում էր (հիմա եմ հասկանում): Բայց ես շատ վրդովվել էի, որովհետեւ դրանից աղջկական ինքնասիրությունս վիրավորվել էր: Այդ տարիքում ինձ համար դա սխալ քայլ էր, եւ ոչ մի տղա իրավունք չուներ ինձ դիպչելու՝ նույնիսկ պատահական: Եվ ես դասերից հետո՝ իմ երկու ընկերուհիների հետ սուտ պատրվակով իրեն ասացինք` դու մնա դասարանում: Մենք այդ օրը որոշել էինք նրան ծեծել: Եվ ես ծեծեցի այդ տղային: Ծեծեցի ինչ առումով` երկու ընկերուհիներս նրա ձեռքերից բռնել էին, ես ոտքով հարվածել էի նրա ծնկին: Այդպես ինքս ինձ պաշտպանել էի: Եղբայր չունեի, իսկ հայրիկիս չէի ուզում այդ ամենի մեջ ներգրավել: Ինքը գնացել էր եւ տանը պատմել: Հաջորդ օրն իր մայրիկը եկավ ինձ հետ կռվելու: Եկավ եւ ուսուցչուհուս ասաց` «Ձեր Հասմիկը իմ տղային անարդար ձեւով ծեծել է»: Ուսուցչուհիս ասաց` «Լավ է արել Հասմիկը»: Եվ պատմեց, թե ինչի համար եմ ծեծել նրա որդուն: Այդտեղ արդեն մայրը ներողություն խնդրեց եւ ասաց` «Հասմիկ ջան, լավ ես արել: Մի հատ էլ ես տանը իրեն դաս կտամ»:
— Եկեք հարցազրույցն ավարտենք սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Ձեր սրտի խոսքով:
— Ամեն երեխա մի անհատականություն է: Եվ շատ տարբեր է ընկալում թե՛ իր աշխարհը, թե՛ իր ապագա սպասվող ճանապարհը: Միայն կուզեմ, որ բոլոր բալիկներն առողջ լինեն: Դպրոցը շատ բան կարող է տալ եւ շատ առումով կարող է վնասել: Ցանկանում եմ, որ նրանք ունենան լավ ուսուցիչներ, շրջապատված լինեն այն ուսուցչական կազմով, որը իրենց իսկապես կկրթի եւ կդաստիարակի՝ լինել առաջին հերթին լավ մարդ: Եվ մեր բալիկները, որոնք կյանքում նոր փուլ են մտնում, թող փորձեն լավ սովորել, որպեսզի հետագայում ունենան իրենց տեղը կյանքում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=235040&l=am/