«ԿԱՐՈՏ ԵՆՔ ԼԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ...»

Արխիվ 12-16

 

«ԿԱՐՈՏ ԵՆՔ ԼԱՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ...»

Ռեժիսոր, դերասան ՀԱՄԼԵՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, որը բախտ է ունեցել խաղընկերը լինելու Ազատ Շերենցի, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի եւ այլ մեծերի, այսօր թատրոնում անելիք չունի: Ըստ նրա` թատրոններում հիմնականում երիտասարդ սերունդն է, ինչի մասին դերասանը սիրով ու ուրախությամբ է շեշտում, իսկ տարեց դերասանները` հարկավոր են միայն տարին մեկ կամ երկու անգամ:«ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԱՀ Է...»
-Իմ թատերական վերջին կարիերան եղել է «Նորք» թատոնում, որից հետո քանդվեց երկիրը, թատրոնները չէին գործում, սկսեցի աշխատել Ազգային ռադիոյում` առաջին ծրագիրն էի վարում: Թատրոն չեմ ուզում վերադառնալ, նախ` տարիքս, հետո` օրերս թատրոններից մեկում էի, անուն չեմ նշում, բոլորն են այդ վիճակում. իմ տարիքի դերասանները թատրոնում այլեւս անելիք չունեն: Կարող է մեկ կամ երկու կերպար լինի, այն էլ` գուցե տարվա մեջ մի դեր խաղաս, որովհետեւ թատրոններում կան իմ տարիքի 10-15 դերասան: Դու կարող ես աշխատավարձ ստանալ ու ոչինչ չանել, ինչը դերասանի համար մահ է:

 

 

Քավ լիցի, լավ է, որ երիտասարդներն են խաղում թատրոնում, թող Աստված իրենց կանաչ ճանապարհ տա, արդեն իրենց ցուցադրվելու, ճանաչվելու եւ արվեստը բարձրացնելու ժամանակն է:  Այսօր դասավանդելով Երեւանի մշակույթի պետական քոլեջում` որքան էլ կարողանում եմ ուսանողներիս արվեստի նրբությունները հաղորդել, ու նրանք էլ իմ տվածի 30-40 տոկոսն էլ կինոյում ու թատրոնում օգտագործեն, չգնալով էժանագին ֆիլմերի ու ներկայացումների հետեւից, հրաշալի կլինի: Չգնան փողաբեր ներկայացումների հետեւից, որոնք ոչինչ չեն տալիս հանդիսատեսին` 5-15 րոպե ծիծաղեցնելուց հետո դահլիճից դուրս են գալիս դատարկ:
- Այստեղ մեղավորությունն ո՞ւմն է:
- Մենք դպրոցական տարիներին Պատանի հանդիսատեսի թատոնում տարին 3 անգամ պարտադիր աբոնոմենտային ներկայացումներ էինք նայում, հետո մնում էինք դահլիճում ու քննարկում էինք ներկայացումը: Դասարանում 30 աշակերտ էին, միայն ես դարձա դերասան եւ ռեժիսոր: Այսինքն` այդ ժամանակ թատրոնի համար պատրաստվեց նաեւ գրագետ հանդիսատես: Իսկ այսօր մենք էկրանից ի՞նչ ենք  տալիս երիտասարդ սերնդին եւ ինչ ենք սպասում նրանցից: Եթե տոպրակով ադիբուդիով են գնում ներկայացում նայելու, կամ` ներկայացման ընթացքում շոկոլադի թուղթը` շըխկ, շըխկ բացում ու կըռտ ծամում, էլ ի՞նչ սպասենք... Կարոտ ենք լավ հանդիսատեսի, ինչպես նաեւ` լավ բեմադրության ու լավ ֆիլմի: Ռուսը մի Չապաեւ է ունեցել` ամբողջ աշխարհը ճանաչում է նրան: Արցախյան պատերազմի հերոսներ ունենք, ամեն մեկը մի լեգենդ, բայց նրանց ճանաչելու համար ոչինչ չի նկարահանվում:
«ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ
ԻՆՍՏԻՏՈՒՏԻՑ ՀԵՌԱՑՆԵԻՆ»
-Պարոն Թադեւոսյան, անցյալ տարի Ձեր ուսանողների հետ բեմադրեցիք Մուշեղ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» պիեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
- Այո, պիեսն իմ ուղեղում եղել է դեռեւս ուսանողական տարիներից: Նույնիսկ` հատված բեմադրելու պատճառով քիչ էր մնում ինստիտուտից հեռացնեին, որովհետեւ խորհրդային ժամանակներում Մուշեղ Իշխանը` որպես դաշնակցական, արգելված հեղինակ էր: Բայց Մարատ Մարինոսյանի շնորհիվ ես մնացի, ավարտեցի: Նրա պիեսներից «Կիլիկիո արքա» բեմադրության մեջ որպես բժիշկ եմ խաղացել «Նորք» թատրոնում: Իսկ մինչ այդ, Մուշեղ Իշխանի հետ կապված եմ եղել քրոջ` Նուշիկի միջոցով: Երբ սկսեցի դասավանդել, որոշեցի բեմադրել այս պիեսը: Ճիշտ է, սկզբում եղան լեզվական դժվարություններ ու անհարմարություններ, բայց հաղթահարեցին` կամաց-կամաց ջերմացան այդ պիեսի վրա: Իմ նպատակը ոչ միայն արեւմտահայերենի հետ ծանոթացնելն էր, այլ նաեւ 100-րդ տարելից էր, պիտի հասցնեինք բեմադրել, որովհետեւ դա ուխտ է յուրաքանչյուրիս համար` հիշել, սերնդեսերունդ փոխանցել, ոչ թե` ողբալ, դռներ ծեծել, ծնկի գալ, աղաչել, որ խնդրում ենք, ընդունեք մեր Ցեղասպանությունը, ամա՜ն, մենք ծեծված ու կոտորված ժողովուրդ ենք:
«ՀԱՎԱՏԱՑԵԼ ԷԻՆ, ՈՐ ՕՀԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԷՐԳԻՐ»
-Իսկ այդ դեպքում ի՞նչ անենք, ո՞րն է ճանապարհը:
- Ցանկացած ազգի առջեւ սա կարող է ծառանալ, յուրաքանչյուրը պետք է հասկանա, թե ինչ մեծ ցավ ու սուգ է ապրել հայը ու մի պահ գիտակցորեն լինի հայ եւ սրտով մոտենա այս իրողությանը: Այս պիեսում խնդիրը հենց այդպես է դրված` արյան կանչ կա, վերջապես կա ժողովրդի հիշողություն, որ երբեք չի ջնջվում, որովհետեւ ամեն մի ծնված հայի մեջ նստած է Եղեռնի զգացողությունը: Պիտի պատմությունից դասեր քաղենք, բազմադարյա պատմության մեջ մասնատվեցինք, եկանք, հասանք ընդամենը 30 հազար քառ.կմ-ի վրա եւ այսօր էլ մասնատվում ենք, լքում ենք հայրենիքը, որտե՞ղ է մեր սխալը: Այն երազանքը` ի վերջո վերադառնալ ու տիրանալ մեր պատմական հողերին` ոչ թե պատերազմի շնորհիվ, այլ հասցնել մարդկային գիտակցությունն այն տեսակետին, որ ասեն` սա ձերն է, եկեք, տիրացեք, նստեք ձեր պապենական տներում: Չգիտեմ թե ինչպե՞ս, ե՞րբ, բայց յուրաքանչյուր հայի մեջ էրգիր գնալը չի մոռացում: Հետաքրքիր մի պատմություն կա. տարիներ առաջ Օլգա Մելիք-Վրթանեսյանը հեռուստատեսությունում բեմադրում էր Մուշեղ Գալշոյանի «Ծովասարի Օհանը» պիեսը, ես էլ խաղում էի այնտեղ, մի հետաքրքիր տեսարանի ականատես եղանք: Այն տեսարանը, երբ Ծովասարի Օհանին` այդ հայկական հովերով խելագարված ծերունուն տեղափոխում են հոգեբուժարան, իսկ նրան թվում է, թե սահմանները բացվել են ու իրեն տանում են էրգիր, հրապարակում մեքենան կանգ է առնում ու Օհանը գոռում է` էհե՜յ, շնչավորնե՜ր, էրգիր է կերթա՜մ... Այդ տեսարանը նկարահանելիս` գյուղի ծերունիներին օգտագործել էին մասսայական տեսարանում, բոլորը համոզված` մեքենայի հետեւից վազում էին, թե` Օհա՜ն, մեզի լե տար, մեզի լե տար... Երբ տեսարանը նկարահանված էր ու ստոպ տրվեց` 2-րդ դուբլը պիտի նկարեինք, տեսնեիք` թե ոնց թեւաթափ եղան նրանք: Իսկապես հավատացել էին, որ Օհանը գնում է էրգիր: Օհանի դերում էլ` Զարեհ Տեր-Կարապետյանն էր խաղում, այնքան լավ էին գրիմ արել, որ կարծես իսկապես հարեւան գյուղի մի ծերուկ էր:
«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԷԻՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ ԱՅԴ ՀԵՂԻՆԱԿԻ ԳՈՐԾԵՐԸ»
-Պարոն Թադեւոսյան, այդքան տարված լինելով Մուշեղ Իշխանով` բախտ ունեցե՞լ եք հանդիպելու նրա:
- Մի անգամ, մահվանից առաջ, երբ եկավ Հայաստան, հանդիպում եղավ իր հետ: Չնայած` չկարողացա ոչ մի հարց տալ, քանի որ ամբոխը շատ էր, ուղղակի բախտ ունեցա իրեն տեսնելու եւ լսելու: Դա արդեն հեղափոխությունից հետո էր, դրանից հետո մահացավ: Այդ ժամանակ նա ինչ զարթոնքի մեջ էր, այն, ինչ գրել էր, աչքի առաջ տեսնում էր, որ վաղը պիտի կատարվի: Թե հանգամանքներն ինչպես փոխվեցին, արդեն բոլորիս հայտնի է, թե ուր ենք տանում մեր անկախության նավը: Նուշիկի շնորհիվ ծանոթացա այդ փառահեղ մարդու հետ, որը չէր տպագրվում Հայաստանում, չկային գրքերը... Իսկ Նուշիկը ամեն անգամ եղբոր մոտից վերադառնալիս` պատառիկներ էր բերում կոմունիստների ժամանակ ու անօրինական էին տարածվում այդ հեղինակի գործերը:
- Հիմա որեւէ կապ կա՞ տիկին Նուշիկի հետ:
- Նա էլ է արդեն մահացել: Բայց երբ Արտաշես Հովհաննիսյանը «Նորքի» թատրոնում «Կիլիկիո արքան» էր բեմադրում, տիկին Նուշիկը գրեթե ամեն օր փորձերին մասնակցում էր եւ անընդհատ նամակագրական կապերի մեջ էր եղբոր հետ, որ բեմադրվում է պիեսը:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=164430&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան