ԱՄՈՒՍԻՆՍ ԲԼՈՏ Է ԽԱՂՈՒՄ...
Արխիվ 12-16
ԱՄՈՒՍԻՆՍ ԲԼՈՏ Է ԽԱՂՈՒՄ...
- Ամուսինս տարված է թղթախաղով. ընկերների հետ ամեն օր բլոտ է խաղում: Նա դարձել է ինքնամփոփ ու անտարբեր` անգամ երեխայի նկատմամբ. երբեմն շատ կոպիտ է լինում… Եթե այսպես շարունակվի, մեր ջուրը մեկ առվով հաստատ չի հոսի…
Հարցին պատասխանել է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.
-Հոգեբանական տեսանկյունից ցանկացած խնդրի հասկացման ու լուծման գործում անհատական մոտեցում է անհրաժեշտ ցուցաբերել, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի միայն իրեն բնորոշ հոգեբանական առանձնահատկություններ, տվյալ դեպքում եւս, նախքան լուծում առաջարկելը, անհրաժեշտություն է առաջանում մի շարք կարեւոր հարցեր լուսաբանելու` տարիք, հոգեվիճակ, անձնային առանձնահատկություններ, այլ հոգեբանական եւ սոցիալական խնդիրներ եւ այլն, քանի որ չկա մեկ ընդհանուր դեղատոմս բոլորի համար: Այնուամենայնիվ, փորձենք ուղղորդել Ձեզ:
Սկսենք նրանից, որ նոր տպավորություններ, ազարտի ձգտում ունենում է յուրաքանչյուր մարդ, եւ դա նորմալ է: Բայց եթե ազարտային խաղերի մեջ ներգրավվելը դառնում է սովորություն, ապա լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել, որից խուսափելու համար պետք է ժամանակին դիմել մասնագետի օգնությանը: Որոշ նախանշաններ կարող են Ձեզ օգնել տարբերակելու համար խաղի նկատմամբ հետաքրքրությունը` խաղամոլությունից: Վերջինիս դեպքում խանգարվում է մարդու նորմալ կենսագործունեությունը, նկատվում է հետաքրքրվածության անկում կամ կորուստ շրջապատողների նկատմամբ, իսկ խաղալու ցանկությունը դառնում է կյանքի անհրաժեշտություն: Այլ կերպ ասած, այն պրոբլեմ է դառնում, երբ խաղն առաջացնում է ժամանակի «վերահսկողության կորուստ»: Այսինքն` առաջանում է պաթոլոգիկ հակվածություն եւ անհրաժեշտություն հնարավորինս երկար ժամանակ խաղալ: ժամանակի ընթացքում խաղամոլությունը հանգեցնում է օտարվածության եւ հոգեւոր դատարկության: Եվ հաճախ զարգանում է սոցիալական դեզադապտացիա, որն արտամղում է օբյեկտիվ իրականությունը: Ընդհանուր առմամբ, որպես բացասական հոգեբանական հետեւանքներ, ի հայտ են գալիս ագրեսիվություն, նյարդայնություն, ասոցիալ վարք, տագնապայնություն, գործերի եւ սոցիալական հարաբերությունների նկատմամբ ուշադրության պակաս, քրոնիկական հոգնածություն, ինքնամփոփություն: Տեղին է ընդգծել հետեւյալը, որ կախյալության ձեւավորման պրոցեսին նպաստում է կյանքի դժվարություններից փախուստը: Այստեղ կարեւոր է իմանալ այն, որ կախյալությունը հաճախ նկատում են տվյալ մարդու հարազատները, ընկերները, բայց ոչ ինքը` կախյալություն ունեցողը: Հետեւաբար անհրաժեշտ է բուժման մոտիվացիա արթնացնել նրա մոտ, քանզի տվյալ պրոբլեմի բուժումը պահանջում է նախեւառաջ պրոբլեմի գիտակցում եւ բուժման ցանկություն: Այսինքն` շրջապատող մարդկանց դերակատարումը նշանակալի է, որ անտարբեր չլինեն, չքննադատեն (քննադատությունը կարող է նույնիսկ խորացնել պրոբլեմը) եւ ժամանակին ուղղորդեն հոգեբանական խորհրդատվության: