ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԿԻՆԸ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Արխիվ 12-16
ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ԿԻՆԸ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
ԱԱԾ կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի, փետրվարի 15-ին վրաերթի ենթարկված կնոջ՝ Բուրաստան Խաչատրյանի վիճակը լավ է, նա Վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:
Բուրաստան Խաչատրյանը վրաերթի հետեւանքով ստացել է գանգուղեղային վնասվածք, թոքերի այտուց, ծնկան հոդում կոտրվածք:
Վահան Շիրխանյանի կինը հիվանդանոց է տեղեափոխվել փետրվարի 15-ի առավոտյան՝ վրաերթի ենթարկվելուց անմիջապես հետո:
Նշենք, որ Վահան Շիրխանյանին եւս փետրվարի 15-ին կալանավայրից տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն՝ հետազոտության, որից հետո, ամենայն հավանականությամբ, ՊՆ նախկին տեղակալը ստացիոնար բուժում կստանա քաղաքացիական հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
https://iravunk.com/sim/?p=164357&l=am/