Արդեն իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի հետ Դաշնակցության կոալիցիայի ձեւավորման վերջնական արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կստանձնի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ: Իսկ սա նշանակում է, որ խորհրդարանում թափուր տեղ է ազատվում եւս մի դաշնակցական պատգամավորի համար: Ուսումնասիրելով ՀՅԴ համամասնական ցուցակը` «Իրավունքը» պարզեց, որ հաջորդը, ով կվերցնի պատգամավորական մանդատը, ցուցակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատեր ԿԱՐԵՆ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆՆ է:
Մինչդեռ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՅԴ շարքերում շատ-շատերը ցանկանում են պատգամավորական աթոռին տեսնել 12-րդին` ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԻՆ, ով օրենսդրական աշխատանքի փորձ ունի: Չէ՞ որ Ա. Մինասյանը տեղափոխվելով գործադիր մարմին` Ազգային ժողովում ողջ ծանրությունը մնում է ՀՅԴ-ական պատգամավորներ Արմեն Ռուստամյանի եւ Աղվան Վարդանյանի վրա: Իսկ նոր ՀՅԴ-ական պատգամավորը, դժվար թե, աշխարհահռչակ «Range Rover», «Peugeot» ,«Chevrolet», «Nissan» եւ «Renault» մակնիշի ավտոմեքենաներ իր ընկերության համար ներկրելու փոխարեն, նստի Ազգային ժողովում ու օրենսդրական գործունեությամբ զբաղվի: Ուստի` ստացվում է, որ ՀՅԴ խմբակցությունը, բացի ֆինանսական աջակցությունից, նրա վրա կարող է հույս դնել միայն քվեարկությունից քվեարկություն` կոճակ սեղմելու ժամանակ: Ինչեւէ, ուզեն, թե չուզեն, մեր ունեցած աղբյուրների համաձայն` Կ. Շահմուրադյանը չի պատրաստվում ինքնաբացարկ հայտարարել եւ իր տեղը զիջել: Այսուհանդերձ, եւս մեկ անգամ հստակեցնելու համար, թե արդյոք Ա. Մինասյանին խորհրդարանում կփոխարինի Կ. Շահմուրադյանը, փորձեցինք պարզել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ, ով բոլորովին տրամադրված չէր այդ թեմայի շուրջ խոսելու. «Կարեն Շահմուրադյանը, այո, մեր համակիրն է, ու ցուցակում հաջորդը նա է, բայց մի շտապեք: Ո՞վ է ասում, որ ՀՅԴ պատգամավորներից են գործադիր գնալու, կարող է խորհրդարանում ոչ մի բան էլ չի փոխվում»:
Ի դեպ, հիշեցնենք, որ Կ. Շահմուրադյանի անվան շուրջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ Սուրբ Աթոռի (Վենետիկի) դեսպան Միքայել Մինասյանի մտերիմ ընկերն է ու դրա համար էլ ՀՅԴ-ի համամասնական ցուցակում առաջատար դիրքեր է զբաղեցնում, թեպետ այն ժամանակ ընդամենը ամիսներ առաջ էր անդամագրվել ՀՅԴ-ին: Բայց ի պատասխան` ընկեր Շահմուրադյանը նշել էր. «Կավելացնեմ միայն, որ Միքայել Մինասյանի հետ մենք ուղղակի շատ մտերիմ ընկերներ ենք, իսկ հարցը գտնում եմ անտրամաբանական, քանի որ Միքայել Մինասյանն ըստ ողջամիտ տրամաբանության` ինձ պետք է առաջարկեր ՀՀԿ-ի անդամակցությունը եւ ոչ թե ՀՅԴ-ի, բայց անգամ այդ փաստն էլ տեղի չի ունեցել»: Հիշեցնենք նաեւ, որ գործարար Կարեն Շահմուրադյանի անունը խորհրդարանական ընտրություններից հետո եւս մեկ անգամ շրջանառվեց մամուլում` կապված տեղի ունեցած մի միջադեպի հետ: Ըստ տարածված լուրերի` Կ. Շահմուրադյանն իր թիկնազորի հետ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ գտնվող շինհրապարակում ծեծի էր ենթարկել Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանին: Սակայն գործարարը պնդում էր, թե ինքն է ծեծի ենթարկվել ու լուրջ վնասվածք ստացել: