«Թույլ չենք տալու որեւիցե քար պակասի գրադարանի շենքի ֆասադից»
Արխիվ 12-16
«ԹՈՒՅԼ ՉԵՆՔ ՏԱԼՈՒ ՈՐԵՎԻՑԵ ՔԱՐ ՊԱԿԱՍԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ՖԱՍԱԴԻՑ»
Ընդամենը օրեր առաջ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողներիս վստահեցնում էր, որ միայն ծայրահեղ դեպքում է երեւանյան հին շենք քանդվելու ու ինքն անձամբ դեմ է այդպիսի շենքերի քանդմանը: Ավելին` ըստ նախարարի. «Անընդհատ լրատվության մեջ տեսնում եմ ինչ-որ կարծիքներ, թե Պատկերասրահն են քանդում կամ մեկ ուրիշ շենք, հասեք-փրկեք, չկա նման բան: Երբեւիցե չի եղել որեւիցե կառավարության կամ քաղաքապետարանի օրակարգում այդպիսի խնդիր»: Բայց, արի ու տես, որ օրակարգից դուրս շարունակվում են քանդվել երեւանյան հին շենքերը, եւ այսօր հերթը հասել էր Ամիրյան փողոցում գտնվող Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքի ճակատային մասին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:
-Արման, «Հանուն օրենքի» շարժումը վերջերս «Չեք քանդելու. Փրկենք հին Երեւանը» խորագրով ֆեյսբուքյան նախաձեռնության է սկսել: Հետաքրքիր է` ինչ-որ քայլ պատրաստվո՞ւմ եք անել, որպեսզի չթողնեք քանդվի Ավ. Իսահակյանի անվան գրադարանի շենքի ճակատային մասը, որտեղ այսօր միջադեպ է տեղի ունեցել ակտիվիստների եւ բանվորների միջեւ:
-Այո, մենք սկսել ենք այդ նախաձեռնությունը` կապված «Զվարթնոցի» հին մասնաշենքի, Պուշկինի փողոցի շենքերի հետ, եւ այսօր տեղեկացանք, որ սկսել են քանդել Իսահակյան անվան գրադարանի շենքի ֆասադը: Ու ամենակարեւորը, որ այդ ամենն արվում է առանց քաղաքապետարանի թույլտվության: Այսինքն` ստացվում է, որ այս քաղաքում մենք կարող ենք առավոտյան զարթնել եւ տեսնել, որ քանդել են Ազգային պատկերասրահը, Թումանյանի թանգարանը, Օպերայի շենքը եւ միգուցե նաեւ մեր տունը: Դրա համար էլ պատրաստվում ենք կիրակի օրը` փետրվարի 21-ին, ժամը` 10:00-ից հավաքվել գրադարանի շենքի մոտ եւ պահանջել, որպեսզի ներկայացնեն իրավական հիմքերը շենքի քանդման վերաբերյալ:
- Բնականաբար, կիրակի օրը այնտեղ կլինեն միայն բանվորները` պնդելով, որ իրենք թույլտվություն ունեն, ի՞նչ եք պատրաստվում անել այդ դեպքում:
- Մենք թույլ չենք տալու, որ քանդվեն մեր քաղաքի արժեքները ու տեր ենք կանգնելու դրանց: Եվ եթե մեզ ցույց չտան համապատասխան քանդման մասին հիմքերը, որոնք կասկածում եմ, որ գոյություն ունեն, ապա բոլոր օրինական ճանապարհներով թույլ չենք տալու որեւիցե քար պակասի գրադարանի շենքի ֆասադից:
-Արդեն որերորդ շենքն է ենթարկվում քանդման ու քաղշիննախարարությունը շարունակում է վստահեցնել, որ այն վերականգնվելու կա՛մ նույն տեղում, կա՛մ ընդգրկվելու է «Հին Երեւան» ծրագրի մեջ: Որքանո՞վ է արժանահատ այս խոստումները, երբ գաղտագողի էլի շենքեր են քանդվում:
- Անձամբ ես չեմ տեսնում, որ «Հին Երեւան» ծրագիրը գոնե մոտ ապագայում իրականություն կարող է դառնալ, եթե մենք զարթնում ենք եւ տեսնում, որ մեր քաղաքի մշակույթի մաս դարձած շենքերը ավերակների են վերածվում: Այսօր խոսքը գնում է, ոչ թե ուղակի հին շենքերի վերացման մասին, այլ մեր ամբողջ պատմության եւ մշակույթի ոչնչացման մասին:
- Ընդհանրապես, ինչպիսի՞ պայքար եք տեսնում հետագայում կանխելու համար նման դեպքերը:
- Պայքարը մեկն է եւ այն մեր բոլորիս միասնական լինելու մեջ է: Բոլորիս ասելով, նկատի ունեմ այն, որ մեր երկրի իշխանություններն էլ պետք է միասնական լինեն ժողովրդի հետ եւ սկսվի ոչ թե քանդման, այլ վերանորոգման գործընթացը, ինչպես հիմա արվում է Վրաստանում եւ այլ շատուշատ երկրներում: Այլապես եթե այսպես շարունակվի, ապա մենք կկորցնենք վերջնականապես մեր Երեւանը եւ կստանանք արդյունքում մեզ համար խորթ մի քաղաք: Վստահ եմ, որ նոր սերունդը սա չի հանդուրժելու եւ մեզ հետ միասին պայքարելու է մեր մանկության Երեւանի համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164303&l=am/