ՀԵՑ-Ի ՊԱՐՏՔԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԶԻ՞Ն
Արխիվ 12-16
ՀԵՑ-Ի ՊԱՐՏՔԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԶԻ՞Ն
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ երեկ կառավարության նիստում առաջարկեց հավանություն տալ «Հայկական ատոմային էլեկտրակայան» եւ «Երեւանի ջրաէլեկտրակայան» ՓԲԸ-ների համար ցածր տոկոսներով վարկ վերցնելու ու ֆինանսական առողջացման ծրագիր իրականացնելու որոշման նախագծին: Վարկի մասին մանրամասներ` գործադիրի նիստից հետո, փորձեցինք պարզել հենց Ե. Զախարյանից. «Վարկը վերցվում է համաշխարհային բանկից` երկարաժամկետ` մոտավորապես 30 տարով եւ բավականին ցածր տոկոսադրույքով` 1,5 տոկոս: Եվ այն, ինչպես հայտարարեցի նիստի ժամանակ, բացարձակ ազդեցություն չի ունենա էլեկտրաէներգիայի սակագների վրա, որովհետեւ տարեկան 1,5 տոկոս պետք է տանք, որից 14 տարին արտոնյալ պայմաններում»: Իսկ հարցն այն մասին, թե ինչի համար է պետք այս ֆինանսական առողջացումը, ամենեւին պարոն նախարարի սրտով չէր. «Դա էլեկտրաէներգիա արտադրած ընկերություններին ՀԷՑ-ի կողմից չվճարված գումարներով եւ որոշակի փոխառություններով է պայմանավորված»: Այ, թե ինչո՞ւ պիտի կառավարությունը վարկ վերցնի, որ վճարի ՀԷՑ-ի պարտքը, այդպես էլ չիմացանք, քանի որ մնացյալ հարցերը նախարարը թողեց օդում կախված ու շտապեց ազատվել լրագրողներից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164277&l=am/