ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՆ ԷԼ ՉԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ
Արխիվ 12-16
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՆ ԷԼ ՉԵՆ ՀԱՐՑՆՈՒՄ
Երեկ հրապարակվել է «Ռուսաստանը եւ ես» նախագծի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Ազատություն» ռադիոկայանին դեռեւս մեկ տարի առաջ տված հարցազրույցն ամբողջությամբ: Թե ինչո՞վ է պայմանավորված, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող ու ամերիկյան իշխանությունների թելադրանքով գործող ռադիոկայանը որոշեց հենց հիմա հանրայնացնել այս հարցազրույցը, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ.
– Մեզ հետ որեւէ առնչություն չունի, որովհետեւ հարցազրույցը նկարահանվել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից: Իսկ հետո, ինչպես գիտեք, հարցազրույցից կտորներ են ժամանակին հրապարակվել: Իրենք են որոշել, թե երբ հրապարակեն ամբողջականը, այսինքն` գրասենյակը, պարոն Քոչարյանը կամ ես որեւէ առնչություն չենք ունեցել:
– Փաստորեն, հրապարակումը համաձայնեցնելու պայմանավորվածություն չի՞ եղել:
– Իրենք ասել էին, որ հրապարակելու են` ըստ ինչ-որ ժամանակացույցի, բայց արդեն առանց մեզ, իրենք ինչպես որոշեն: Կարող եք իրենց հարցն ուղղել, ձեր կոլեգաներն են, կարծում եմ` ավելի կոռեկտ կլինի, որ իրենք ասեն, թե ինչպես են որոշել հրապարակման ժամկետն ու ինչու են հիմա հրապարակել: Ես իրոք տեղյակ չեմ:
– Հարցազրույցում անդրադարձ կա Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մասին: Ի վերջո, սա ՀՀ մտահոգ քաղաքացո՞ւ դիտարկումներ են, թե՞ քաղաքականություն վերադարձող գործչի:
– Գիտեք, ես դժվարանում եմ ինչ-որ պատասխան տալ: Ձեզ ինչպե՞ս է հարմար կարծել, այդպես էլ կարծեք:
– Մեզ իրականությունն է հարմար իմանալ:
– Երբ ես իմանամ, Ձեզ կասեմ իրականությունը: Ճիշտն ասած, անկեղծ, չգիտեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164275&l=am/