Քաղշիննախարարը շարունակում է մխիթարել այդպես էլ չսկսված «Հին Երեւան» նախագծով
Արխիվ 12-16
ՔԱՂՇԻՆՆԱԽԱՐԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԽԻԹԱՐԵԼ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՍԿՍՎԱԾ «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ՆԱԽԱԳԾՈՎ
Հաշվի առնելով հանրային լայն արձագանքը Արամի 30 հասցեում գտնվող շենքը քանդելու կապակցությամբ` ՀՀ քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ դիմել է «Հին Երեւան» նախագծի տնօրենին, որպեսզի շենքը տեղ գտնի ծրագրում: Բայց թե ե՞րբ ընդհանրապես «Հին Երեւանն» իրականություն կդառնա, տպավորություն է, որ միայն Աստված գիտի: Իսկ հին շենքերը վերականգնելու խոստումները շարունակում են մնալ լոկ մխիթարանք: Այս եւ հարակից հարցերի շուրջ որոշ պարզաբանումներ երեկ գործադիրի նիստից հետո պարզեցինք հենց նախարարից:
– Պարոն Սարգսյան, Դուք վստահեցնում եք, որ Արամի 30 շենքը կընդգրկվի «Հին Երեւան» նախագծում, բայց «բուլդուզերով» քանդված շենքը ինչպե՞ս եք վերականգնելու:
– Նախ ասեմ, որ Արամի 30-ը հուշարձանների ցանկում չի եղել, բայց մենք ունենք դրա չափագրությունները, եւ ըստ դրա` «Հին Երեւանի» տարածքում այն անպայման կվերականգնվի:
– Բայց Արամի 30-ի անգամ քարերը չեն մնացել...
– Բազմաթիվ շենքեր կան, որոնց քարերը չեն պահպանվել կամ պահպանվել են, սակայն այլեւս պիտանի չեն օգտագործման, որովհետեւ կորցրել են իրենց հատկությունները: Այնպես որ, Ձեր ասածը պարտադիր կլիներ այն պարագայում, երբ խոսքը վերաբերեր հուշարձան շենքին, ինչն ամրագրված է օրենքով: Իսկ սա քանի որ հուշարձան չէ, ես ինքս եմ առաջարկել, որ այն տեղափոխվի «Հին Երեւան»:
– Իսկ «Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանյանը գտնում է, որ Արամի 30-ն ընդհանրապես տեղ չունի իր նախագծում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Լեւոն Վարդանյանը նախագծի ճարտարապետն է, իսկ առաջադրանքը տալիս են իշխանությունները, տվյալ դեպքում` քաղաքապետարանը, եւ քանի որ կառուցապատողի հետ «Հին Երեւան» պայմանագիրը ստորագրված է իմ կողմից, մենք, ուղղակի, առաջադրանքի մեջ պարտադիր կամրագրենք այն ու դրա մասին հանրությանը գրավոր կտեղեկացվի:
– Ի վերջո, ամեն տարի ասվում է «Հին Երեւան» նախագծի մասին, բայց «սայլը տեղից չի շարժվում»: Ե՞րբ կսկսվեն այս ուղղությամբ գործուն աշխատանքները:
– Ցավոք, ճիշտ եք, բայց այնտեղ մեծ տարածք է` 2,5 հեկտար եւ կառուցապատողը որոշակի պայմաններ ունի: Այդ պայմաններն ընդունելի են իրացման մասով, ամեն դեպքում, մինչեւ ապրիլի վերջ պետք է X քանակությամբ մակերես, տարածքներ իրացվեն, որպեսզի այնտեղ լայնածավալ աշխատանքներ սկսվեն: Այս պահին սկսված է մի մասով, բայց դեռեւս այդպիսի լայնածավալ աշխատանքներ չեն ընթանում: Կարծում եմ` այս տարի դուք անպայման կտեսնեք արդյունքները:
– Առաջիկայում էլ ի՞նչ շենքեր կքանդվեն, որոնք կորակվեն որպես «սարայ»:
– Այդ հարցը ինձ մի տվեք, ես համաձայն չեմ: Տարբեր ճարտարապետներ տարբեր կարծիքներ կարող են արտահայտել, ցանկություն չունեմ դրանք մեկնաբանելու: Անընդհատ լրատվության մեջ տեսնում եմ ինչ-որ կարծիքներ, թե Պատկերասրահն են քանդում կամ մեկ ուրիշ շենք, հասեք-փրկեք, չկա նման բան: Երբեւիցե չի եղել որեւիցե կառավարության կամ քաղաքապետարանի օրակարգում այդպիսի խնդիր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164269&l=am/