ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. ՄԻ ԳԼՈՒԽԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ` ԱՎԵԼԻ ԼԱՎ
Արխիվ 12-16
ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ. ՄԻ ԳԼՈՒԽԸ ԼԱՎ Է, ԵՐԿՈՒՍԸ` ԱՎԵԼԻ ԼԱՎ
ՀՀԿ պատգամավոր, մեծամասնական ընտրակարգով ընտրված Գարեգին Նուշիկյանի կարծիքով Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը ուղղված էր թե հանրությանը, թե քաղաքական գործիչներին:
Թե ինչ ենթատեքստեր կան Սերժ Սարգսյանի ելույթում, Գարեգին Նուշիկյանը դժվարացավ ասել:
- Պարոն Նուշիկյան, Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել է, որ հաջորդ խորհրդարանում ոչ մեկի տեղն ապահովագրված չէ: Չե՞ք մտահոգվում, որ հաջորդ խորհրդարանում գուցե չլինեք:
- Ոչ մեկն էլ երաշխավորված չէ, որ հաջորդ խորհրդարանում կլինի: Ես աշխատում եմ այնպես, ինչպես աշխատել եմ: Խորությամբ դեռ չեմ մտածել` կցանկանա՞մ լինել հաջորդ ԱԺ-ում: Դեռ ժամանակ կա մինչ հաջորդ ընտրությունները: Թե՛ պատգամավոր դառնալուց հետո, թե՛ մինչ այդ իմ կյանքում, ըստ էության, ոչինչ չի փոխվել:
- ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան մի քանի պորտֆելի կռի՞վ է, թե՞ ինչպես դաշնակցականներն են ասում, երկրում իրավիճակ փոխելու համար են իշխանության ձգտում:
- Լավ կլիներ, որ Ձեր երկրորդ ասածը լիներ: Ինչո՞ւ մենակ ՀՅԴ-ը: Չէ՞ որ այլ կուսակցություններ էլ կան, որոնք կցանկանային պատասխանատվություն վերցնել…
- Օրինակ:
- Բոլոր կուսակցությունների մասին է խոսքս: Չէ՞ որ ապրում ենք ծանր ժամանակաշրջան ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին մարտահրավերների առումով:
-ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վերջերս հայտարարել է, որ իշխանությունը հեղինազրկված է: Ինչպե՞ս եղավ, որ հեղինակազրկված իշխանության հետ ՀՅԴ-ը ցանկանում է կոալիցիա կազմել:
- Դե գիտենք, ցանկացած իշխանություն որոշ ժամանակ աշխատելուց հետո հիմնականում վարկանիշի անկում է ունենում, քանի որ հանրության սպասումները շատ են, հնարավորությունները` քիչ: Այդպիսի իրավիճակ է Ֆրանսիայում, Գերմանիայում: Բայց այսօր դժգոհ են, վաղը կարող են գոհ լինել:
- Այսինքն, Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ճի՞շտ եք համարում: Նա ասում էր, որ ՀՅԴ –ի համագործակցության շնորհիվ իշխանության հեղինակությունը կբարձրանա:
- Ես համաձայն չեմ, որ ՀՅԴ-ը գալիս է իշխանության հեղինակությունը բարձրացնելու: Բայց դաշնակցության գալուն դրական եմ վերաբերվում, քանի որ խելացի անձնավորություններ կան ՀՅԴ-ի ներսում: Ամեն դեպքում մի գլուխը լավ է, երկուսը` ավելի լավ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164242&l=am/