ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ «ԶՈՒՅԳ ԱՐԵԳԱԿՆԵՐ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ
Արխիվ 12-16
ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ «ԶՈՒՅԳ ԱՐԵԳԱԿՆԵՐ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրն էր ՀՀ ժողորդական արտիստ, բալետմեյստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԸ: Ասուլիսի ընթացքում բալետմեյստերը խոսեց հայկական բալետի ներկայի ու ապագայի մասին, ինչպես նաեւ անդրադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ստեղծված ինտրիգներին:
Մինչ ասուլիսի մեկնարկը` Ռ. Խառատյանն «Իրավունք» թերթի կողմից արժանացավ պատվոգրի: Ըստ թերթի ուսումնասիրությունների ու ընթերցողների կարծիքների, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական միջոցառումների ցանկում ներառված, ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմեյստեր ՌՈՒԴՈԼՖ ԽԱՌԱՏՅԱՆԻ «Զույգ արեգակներ» նոր բալետային ներկայացումը համարվել է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԻԾ: Պարավեստի լեզվով Նարեկացու խոսքի բացառիկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարի գունային պլաստիկան ու Արշիլ Գորկու վերացական մտածելակերպը, որոնց երաժշտական շունչ էին հաղորդում Մաշտոցի շարականները, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Աշոտ Արեյանի երաժշտությունները, ցուցադրում էր այն ամենը, ինչը հայերը ստեղծել են հազարամյակների ընթացքում եւ հանձնել համաշխարհային մշակույթին:
Պատվոգիրը ստանալուն պես Ռ. Խառատյանն ասաց, որ «Իրավունքի» որոշումն անակնկալ է եղել իր համար. «Ես միշտ հետեւում եմ լրահոսին եւ պատահական տեսա, որ "Իրավունք" թերթն ընտրել է լավագույն եւ վատագույն մշակույթի գործիչներին: Միանգամից ինքս ինձ ասացի` օ՜, վերջապես, տեսնեմ այդ ովքե՞ր են ընտրվել: Եվ այդպես լավագույնների մեջ գտա նաեւ իմ անունը: Շատ շնորհակալ եմ, ճիշտ ձեւով է մեկնաբանվել, փաստորեն, առանձնացվել է ե՛ւ լավը, ե՛ւ վատը: Հետաքրքիրն այն է, ոչ թե ասում եք, որ դու վատ մարդ ես, այլ` որ քո արած աշխատանքը լավը չէ, որովհետեւ վատի վրա ենք սովորում: Եթե կարողանաս հաղթահարես դա, հրաշք, եթե ոչ` ուրեմն կորած ես: Այսինքն` թերթն ավելի կոնստրուկտիվ է մտածում, քան թե` անձնական բաների վրա է սեւեռվում, ինչը շատ կարեւոր է»:
Առավել մանրամասն` տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164233&l=am/