«ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵԼ ԵՄ ԽՈՍԵԼ ԴԵՂԱՅԻՆ ՄԱՖԻՈԶՆԵՐԻՑ»
Արխիվ 12-16
«ԱՐԴԵՆ ՀՈԳՆԵԼ ԵՄ ԽՈՍԵԼ ԴԵՂԱՅԻՆ ՄԱՖԻՈԶՆԵՐԻՑ»
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում երեկ թեժ էր, իսկ պատճառը կառավարության հեղինակած «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի վերաբերյալ լսումներն էին: Առիթից օգտվելով` ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք օրենքն ի զորու կլինի վերացնել պոլիկլինիկաներ-դեղատներ հանցավոր կապը. «Բժիշկները դուրս են գրում դեղեր, մատնացույց անում, թե կոնկրետ որ դեղատնից պետք է գնել, եւ այդ շղթայից բժիշկը «ատկատ է» ստանում: Ե՞րբ է սրա վերջը գալու, արդեն հոգնել եմ խոսել դեղային մաֆիոզներից»: Ի պատասխան` փոխնախարարը շեշտեց. «Կապը կտրելը պետք է տեղի ունենա միայն դեղատոմսով: Եթե բժշկի կողմից դուրս գրվող դեղերը չլինեն միայն դեղատոմսով, ապա մեծ տուգանքներ են նախատեսված»: Տիկին Զոհրաբյանին բնականաբար չբավարարեց այսպիսի պատասխանն ու առավել մանրամասնեց. «Ինչո՞ւ Եվրոպայից բերված նույնանուն դեղամիջոցներն իրենց ազդեցությամբ միանգամայն տարբերվում են Հայաստանի դեղատներում վաճառվող նույնանուն, նույն գունային գամմայով ու «ելեւէջներով» դեղերից»: Եվ ինչպես ասում են` խոսքերն ավելորդ են, պարոն Խաչատրյանը չկարողացավ հերքել եւ ասաց, որ կա նման բան` մատնանշելով, որ եվրոպական եւ հայաստանյան շուկաներում դեղերի տարբերությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164223&l=am/