«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՊՐՈԲԼԵՄ ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ»
Արխիվ 12-16
«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՊՐՈԲԼԵՄ ՄԻ՛ ՓՆՏՐԵՔ»
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` ՀՅԴ-ականների շարքերում կռիվ է ընկել, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով` ով է ստանձնելու Շիրակի մարզպետի պաշտոնը: Մի մասը պաշտպանում է Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանի, մյուսը` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը: Եվ սա էլ քիչ էր, ասում են` մարզի գյուղապետերը, պատգամավորները ու նույնիսկ ընդդիմադիր զանգվածն ընդհանրապես դեմ է ներկայիս մարզպետի` Ֆելքիս Ցոլակյանի պաշտոնանկությանը: Մինչդեռ «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ում անունն, ի դեպ, շրջանառվում է որպես հնարավոր ապագա նախարար, վստահեցրեց, որ վերոնշյալ տեղեկատվության մեջ որեւէ իսկություն չկա.
– Եթե հիշում եք, սկզբում լրատվական միջոցները գրեթե բոլոր դաշնակցականներին որտեղ ասես «նշանակեցին» ու «հանեցին»: Հետո տեսան, որ սա չի ազդում իրական քննարկումների վրա, սկսեցին արդեն փորձել գտնել պրոբլեմ Դաշնակցության ներսում: Չկա այդպիսի բան, Դաշնակցության ներսում պրոբլեմ մի՛ փնտրեք: Այդպիսի խնդիր չի կարող լինել եւ եթե լինի էլ, Դաշնակցությունն իր կանոնագրին համապատասխան ունի դրանից դուրս գալու իրական մեխանիզմ` քննարկումներ, նիստեր, ժողովներ, որոշումներ, այդ թվում` նաեւ հակակուսակցական պահվածքի համար պատժի տեսակներ: Բայց, փառք Աստծո, մենք այս պահին չունենք նման առճակատում: Բնական է, առողջ քննարկում միշտ էլ կա, եւ այդ տեսակետից մեզ համար կադրերի հարցը երրորդական է եղել: Մեր քննարկումների հենց առաջին օրվանից սկսած` ասել ենք, որ երկրի ապագայի եւ սահմանադրական փոփոխություններից բխող բարեփոխումների մասին է խոսքը: Եվ ցանկացած անձ, ով պաշտոնի է նշանակվելու, դա ոչ թե առավելություն է, ոչ թե լրացուցիչ իրավունք է կամ դիրքը բարձրացնելու հնարավորությունների ընդլայնում, այլ պատասխանատվության մեծ բեռ: Ուստի` եթե կուսակցական ընկերները ստանձնում են այդ պատասխանատվությունը, պետք է միայն ողջունել, հետեւաբար Դաշնակցության ներսում նման հարցերի վերաբերյալ բախումներ չեն կարող լինել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164213&l=am/