ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՉԻՐԸ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԵՂԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՂԿՂԱՆՔՈՎ
Արխիվ 12-16
ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՉԻՐԸ ՎԱՐԱԿՎԱԾ Է ԵՂԵԼ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿՂԿՂԱՆՔՈՎ
Հայաստանի հանրապետությունը որպես անկախ պետություն է անկախության 25 տարվա ընթացքում բազմաթիվ երկրների հետ հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Սակայն հարեւան պետությունների` Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպքում պատկերը այլ է: Հայ-թուրքական փակ սահման, Թուրքիայի կողմից նախապայմաններ Հայաստանին, որի պատճառով էլ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվում: Իսկ Ադրբեջանը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արցախը` որպես հայկական տարածք, երբեք չի լինի Ադրբեջանի մաս:
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի ոչ միայն իր հարեւանների, այլեւ Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ` վերջիններիս հակահայկական մոտեցումների պատճառով: Պակիստանն ու Սաուդյան Արաբիան մինչ այսօր չեն ճանաչում Հայաստանի անկախությունը Ադրբեջանի հետ ջերմ հարաբերությունները չվատացնելու պատճառով: Չնայած սրան, Հայաստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի միջեւ կա ապրանքաշրջանառություն:
«Իրավունք»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն` պարզելու, թե 2014-2015 թթ-ին վերոնշյալ երկրներից ինչ սննդամթերք ու պտուղ-բանջարեղեն է ներկրվել Հայաստան, եւ ինչպիսի խախտումներ են հայտնաբերվել վերոնշյալ երկրներից սննդամթերքի ու պտուղ-բանջարեղենի ներկրկան ժամանակ: Պարզվում է, Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 12517,77 տոննա պտուղ-բանջարեղեն և 2542,61 տոննա այլ սննդամթերք (թռչնամիս, հրուշակեղեն, մարգարին, բլղուր և այլն), իսկ 2015 թ-ին՝ 7899,58 տոննա պտուղ-բանջարեղեն և 1710,76 տոննա այլ սննդամթերք (թռչնամիս, հրուշակեղեն, մարգարին, բլղուր և այլն): Սաուդյան Արաբիայի Թագավորության արտադրանք հանդիսացող սննդամթերք Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 6,26 տոննա (չիպս և բնական հյութ), իսկ 2015 թ-ին՝ 7,081 տոննա չիպս: Պակիստանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն 2014 թ-ին ներմուծվել է 247,25 տոննա մանդարին, 3020,88 տոննա բրինձ և 75,07 տոննա այլ սննդամթերք (սուրճ, քունջութի յուղ, մեղր ընդեղենով), իսկ 2015 թ-ին՝ 459,26 տոննա մանդարին, 3605,1 տոննա բրինձ և 250 կգ կերակրի աղ:
Ինչ վերաբերում է հայտնաբերված խախտումներին, Թուրքիայի Հանրապետությունը, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը և Պակիստանի Իսլամական Հանրապետությունը Ծառայության կողմից դասակարգվել են որպես բարձր ռիսկային երկրներ և այդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրված սննդամթերքները սահմանային պետական վերահսկողության ժամանակ ենթարկվում են լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չլինելու դեպքում է թույլատրվում դրանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, իսկ Ծառայության պետի հանձնարարականի
Հանրապետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պտուղ-բանջարեղենը, բացի բուսասանիտարական հսկողությունից, ենթարկվում է նաև լաբորատոր հետազոտության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1237-Ն որոշմամբ սահմանված՝ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջներին համապատասխանությունը գնահատելու համար :
2014 թվականին ՍԱՊԾ-ի կողմից պատվիրված լաբորատոր փորձաքննության շնորհիվ պարզվել է թուրքական ծագման թզի չրերի խմբաքանակներից մեկը (8000 կգ) վարակված է հացահատիկի ցեցի թրթուրներով, հարսնյակներով և վնասատուների կղկղանքով: Նշված բեռը Ծառայության մասնագետների ներկայությամբ օգտահանվել է:
2015 թվականին 46000 կգ թուրքական ծագման թռչնամսի ներմուծումը չի թույլատրվել Հայաստանի Հանրապետություն, ախտածին, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի 1560-Ն որոշման պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ծառայության պետի 2015 թվականի մայիսի 7-ի հրամանով արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել թռչնամթերք, այնտեղ արձանագրված թռչնի գրիպ (H5N1 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:
Դատելով ՍԱՊԾ-ի տվյալներից` պարզ է դառնում, որ Թուրքայից պտուղ-բանջարեղենի ու սննդամթերքի ներկրումը 2014 թ-ի համեմատ 2015 թ-ին նվազել է, իսկ Պակիստանի ներկրվող մանդարինի, բրնձի ծավալները 2015 թ-ին` ավելացել: Սաուդյան Արաբիայից 2015-ին ներկրվել է միայն չիպս, ընդ որում`չիպսի ներկրման ծավալները եւս ավելացել են:
Ադրբեջանից Հայաստանի Հանրապետություն 2014-2015 թթ-ին սննդամթերքի ներմուծման դեպքեր չեն եղել:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից «Իրավունք»-ը պարզեց` Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ առեւտրային հարաբերությունները կարո՞ղ են հիմք դառնալ քաղաքական հարաբերությունների համար: Տնտեսագետը հորդորում է չզարմանալ եւ չօգտագործել հայրենասիրական շեշտադրումներ, թե ինչու են Հայաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված երկրներից ապրանք ներմուծում. «Գործարարների համար հայրենասիրական գաղափարներ չեն լինում: Երկրորդ` աստված չանի, եթե թույն էլ լինի, առանց մտածելու, որ երեք միլիոն մարդ կարող է թունավորվել, կներմուծեն, եթե շահույթ կարողանան ստանալ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ քաղաքական հարաբերություններ հաստատելուն տնտեսական հարաբերությունների հիմքի վրա, Բոստանջյանի խոսքով`«մեր կողմից նշված երկրների հետաքրքրությունների շրջանակում Հայաստանը չի մտնում: Ինչպես ասում են` не до Армении»:
Տնտեսագետի խոսքով`Հայաստանում պետք է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի բլղուր եւ այլ մթերքներ դրսից չներկրել, խրախուսել հայրենական արտադրողներին, ոչ թե «իր քաղաքացուն օտարի երկրից, այլ ասի` նստի բլղուր ստեղծի»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164210&l=am/