ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԿՎՃԱՐԵ՞Ն
Արխիվ 12-16
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ԿՎՃԱՐԵ՞Ն
Երեկ գրեթե ողջ օրը արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզի Լուսառատ գյուղում. բնակչության գրեթե 90 տոկոսը պատրաստվում էր ի նշան բողոքի փակել Երեւան-Արտաշատ ավտոճանապարհը: Լուսառատցիները մասնավորապես բողոքում էին. "Խոստումներ էին տալիս, թե գյուղմթերքը կհանձնեք գործարաններին եւ վճարները կանոնավոր կստանաք: Տարել, մեր որակյալ գյուղմթերքները հանձնել ենք: Գումարի չնչին մասը վճարել են, մնացած մասի համար կտրոններ են տվել, բայց արդեն 6-7 ամիս է, որ չեն վճարում: Գյուղնախարարին պատկանող գործարանին էլ ենք տվել որակյալ գյուղմթերք, բայց միայն կտրոններ ենք ստացել: Ու չեն էլ ասում, թե երբ կվճարեն, մինչդեռ կոմունալ վճարումներ պետք է կատարենք, էրեխեքի ուսման վարձ, վարկեր պետք է փակենք, բայց չենք կարում, քանի որ գործարանատերերը փափուկ բարձ են դնում գլխներիս տակ":
Վերոհիշյալի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից, ով մասնավորապես ասաց.
- Անցյալ տարի խաղողի հիմնական ծավալը հանրապետությունում մթերվել է Պռոշյանի կոնյակի գործարանի կողմից, նաեւ փոքր քանակությամբ` Քաղցրաշենի գործարանի կողմից: Այս պահին Պռոշյանի գործարանը շարունակում է վճարումները կատարել` ըստ գյուղացիների հետ համաձայնեցված վճարումների գրաֆիկի: Պռոշյանը գրաֆիկով` իրենց պատրաստի ապրանքը իրացնելուց հետո անմիջապես վճարում են գյուղացիների պարտքերը: Իսկ Քաղցրաշենի տնօրենը հավաստիացրեց, որ մարտի 1-ից սկսած` կարճ ժամանակահատվածում կվճարեն գյուղացիների պարտքերը:
Իսկ ինչ վերաբերում է Արտաշատի պահածոների գործարանին, ապա այստեղ շատ չնչին` մի քանի գյուղացու պարտքեր են, որոնք կվճարվեն մինչեւ շաբաթվա վերջ: Պարտքի ամբողջ ծավալի 90 տոկոսը վճարված է, բայց 10 տոկոսն էլ քիչ գումար չի կազմում` մանավանդ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին: Գիտեք, որ վերամշակողները եւս խնդիրներ ունեին այս տարի` թե՛ մթերման ծավալների, թե՛ սպառման առումով եւ թե՛ շրջանառու միջոցների բացակայության պատճառով: Բայց իրենք լավ հասկանում են, որ առաջին հերթին պետք է գյուղացուն վճարեն, որպեսզի գարնանային գյուղատնտեսական աշխատանքները կարողանան ապահովել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164201&l=am/