Հայկական արմատներով, ռուսական շոու-բիզնեսի հայտնի երգիչ ԱԲՐԱՀԱՄ ՌՈՒՍՈՆ (Աբրահամ Իպջյան) հայ հանդիսատեսին է ներկայացրել իր հայալեզու «Իմ աշխարհ» երգն ու տեսահոլովակը: Առաջին անգամ չէ, որ նա երգում է հայերեն, սակայն այս անգամ երգչի տեսահալովակը տարբերվում է գեղեցիկ հայկական պարերով ու տարազներով. «Ցանկանում էի իմ հին երգերից մեկը նորացնել ու ներկայացնել հայ հանդիսատեսին: Սակայն ընկերներիցս մեկն առաջարկեց` հնի փոխարեն նոր երգ գրել:
«Իմ աշխարհ» ստեղծագործությունն ինչպես եւ ցանկացել էի, ունի ամբողջովին հայկական շունչ»,-ասել է Ա. Ռուսոն: Նա նաեւ հայտնել է, որ նպատակ ունի թողարկել ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված կլինեն հայերեն նոր երգեր ու տեսահոլովակներ: «Իմ աշխարհ» երգով Ռուսոն գովերգում է հայ աղջկան ու նրա կերպարը, ով խելքահան է արել երգչին:
Ի տարբերություն մեկ այլ հայկական արմատներ ունեցող երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, ով բազմիցս ուրացել է իր հայկական արմատները, Աբրահամ Ռուսոն` չմոռանալով իր հայկական ծագման մասին, տարբեր առիթներով այդ մասին բարձրաձայնել է: Չնայած վերջերս` թուրքական թերթերից մեկի հետ զրույցում Ա. Ռուսոն ասել էր, իբրեւ թե թուրք է: Եթե հաշվի առնենք, որ լուրը տարածվել է թուրքական մամուլի միջոցով, ապա կարելի է համարել, որ այդ լուրը այդքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրանց բանեցրած դիվանագիտությունը` փաստերն ու պատմությունը վարպետորեն կեղծելը բոլորին է հայտնի: