ԻՆՉՊԵՍ «ՎԻՎԱՍԵԼԸ» «ԿԵՐԱՎ» 1800 ԴՐԱՄՍ
Արխիվ 12-16
ԻՆՉՊԵՍ «ՎԻՎԱՍԵԼԸ» «ԿԵՐԱՎ» 1800 ԴՐԱՄՍ
Աշխատանքային շաբաթվա ավարտին տողերիս հեղինակը որոշեց մի փոքր հանգստանալ Երեւանից դուրս: Այնքան կարեւոր չէ տվյալ դեպքում, թե ուր մեկնեցինք, կարեւորն այն է, որ հանգիստը վերածվեց իսկական քաոսի, երբ պարզվեց, որ «Վիվասելի» հեռախոսահամարի վերալիցքավորման ժամկետը է լրանում եւ ստիպված պետք է այն կայծակնային արագությամբ լիցքավորել, որպեսզի ոչ միայն չկորցնեմ հաշվիս վրա գտնվող 800 դրամը, այլեւ կապ ունենամ: Սկզբում, երբ փետրվարի 12-ին ստացա հաղորդագրություն ¥որտեղ նշված է, որ մինչեւ 13.02.16 թվականի 01:45 եթե չվերալիցքավորեք ձեր հաշիվը, այն կզրոյանա¤, թվում էր, թե դա խնդիր չէ: Թեեւ գտնվում էի մի վայրում, որտեղ լիցքավորման քարտ գտնել պարզապես հնարավոր չէր, զանգահարեցի ընկերոջս՝ խնդրեցի իր հաշվից իմ համարին վերալիցքավորի համապատասխան գումարը:
Այդպես էլ եղավ.17:31-ին ստացա հաղորդագրություն, որտեղ նշված էր, որ իմ հաշվին այսինչ բաժանորդից վերալիցքավորվեց 1000 դրամ: Հանգիստ խղճով շարունակում էի հանգիստս մինչ հաջորդ առավոտ, երբ «Վիվասելից» ստացա հաղորդագրություն. «Հարգելի բաժանորդ, Ձեր հաշիվը զրոյացած է, եթե ցանկանում եք վճարովի ծառայություններից օգտվել, պետք է վերալիցքավորեք ձեր հաշիվը»: Նախ մտածեցի, որ ընդամենը թյուրիմացություն է: Բայց` ոչ, ընկերությունից պարզաբանեցին, դա շատ էլ ճիշտ է` գումար փոխանցելը որեւէ կերպ չի ազդում «լիցքավորում» հասկացողության վրա: Այսինքն` «հարգելի բաժանորդը», ինչպես մեզ տեղեկացրեց «Վիվասելի» օպերատորը, պետք է իմանար, որ հաշվի սպառման դեպքում պետք է միայն գնի լիցքավորման քարտ ու լիցքավորի հաշիվը: Կոնկրետ դեպքում՝ պետք է մի քանի հազար դրամ ծախսեի, հասնեի մոտական բնակավայր, վերալիցքավորման քարտ գնեի... այլապես «Վիվասելը» կուլ է տալիս ոչ միայն հաշվիդ ունեցած, այլ նաեւ փոխանցումով վերալիցքավորած գումարը: «Բարի ախորժակ» մաղթելով «Վիվասելին»՝ նաեւ թաքուն հույս ունեինք, որ գոնե գրասենյակ կատարած մեր զանգը, ինչպես իրենց հարգող այլ բջջային կապի ընկերությունների մոտ, կգրանցվի որպես բողոք, տեղ կհասնի, եւ ի վերջո արդարությունը կհաղթի: Բայց ոչ, հերթական հիասթափությունն ապրեցինք, երբ տեղեկացանք, որ պետք է անձամբ անձնագրով մոտենանք մոտակա գրասենյակ, հայտնենք մեր բողոքը: Այն էլ, ոչ թե նրա համար, որպեսզի վերականգնվի մեր հաշիվը, այլ պարզապես բողոքենք, թե մեզ դուր չի գալիս «Վիվասելի» այս ընթացակարգը: