ՎԱՂԸ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՐՑԸ
Արխիվ 12-16
ՎԱՂԸ ԿՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԻ ՀՀԿ-ՀՅԴ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՐՑԸ
ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համաձայնագիրն, ամենայն հավանականությամբ, կստորագրվի վաղը՝ փետրվարի 17-ին: Ըստ տեղեկությունների վաղը տեղի կունենա համաձայնագրի քաղաքական մասի հրապարակումը, իսկ արդեն հաջորդ քառօրյայում կմեկնարկի, այսպես ասած, իրավական հատվածը, այն է` պաշտոնների բաշխումը:
Ըստ լուրերի Արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարության առանձնացման նախագիծն այս օրերին պատրաստվում է, որը կներկայացվի Ազգային ժողով եկող շաբաթվա քառօրյային: Այն հաստատվելուց հետո միայն դաշնակցական Դավիթ Լոքյանը կզբաղեցնի Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը:
Այս պահի դրությամբ անփոփոխ են դաշնակցությանը տրվող պորտֆելներն ու թեկնածուները: Էկոնոմիկայի նախարարությունը կղեկավարի Արծվիկ Մինասյանը, Կրթության եւ գիտության նախարարությունը` Լեւոն Մկրտչյանը: Անփոփոխ են նաեւ ՀՅԴ-ին տրվող մարզերի ընտրության հարցը` Արագածոտն եւ Շիրակ: Ըստ տեղեկությունների իշխանական օղակներից այս երկու մարզի ընտրությունը պայմանավորում են հետեւյալ հիմնավորումներով. Շիրակի մարզում ԲՀԿ-ական եւ առհասարակ ընդդիմադիր տրամադրությունները վերջին տարիներին բարձր են եղել, եւ մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին տալով փորձում է չեզոքացնել ընդդիմության ձայները: Իսկ Արագածոտնի մարզը դաշնակցականներին է ձեռնտու, այստեղ հնուց ի վեր դաշնակցական օջախներ կան, որոնց պետք է կյանք, աշխուժություն հաղորդել:
Այսպիսով`ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրման ձգձգումը տեխնիկական հարցերով է պայմանավորված եղել, որն արդեն վաղը կհանգուցալուծվի: Ձգձգման վերաբերյալ ՀՀԿ-ում ու ՀՅԴ-ում պաշտոնապես խուսափում են մեկնաբանություններ տալ: