ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑ ԵԿԵՂԵՑԻՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ՄՆԱԼ
Արխիվ 12-16
ԱՆԻԻ ՏԻԳՐԱՆ ՀՈՆԵՆՑ ԵԿԵՂԵՑԻՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ ՄՆԱԼ
Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին թուրք կեղծարարներից փրկելու համար Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանն այս անգամ բաց նամակով դիմել է ՀՀ կառավարությանը, դիվանագիտական ներկայացուցչություններին,
միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչություններին, Վրաստանի մտավորականներին, ՀՀ Գիտությունների ակադեմիային եւ
համայն աշխարհի մտավորականությանը: Բաց նամակում մասնացվորապես նշված է.«Թուրքիայի կողմից Անի քաղաքի վերականգնման եւ պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում տարածաշրջանի երկրների միջեւ` մշակույթի եւ ժողովուրդների բարեկամության տեսակետից: Տվյալ դեպքում վիճարկվում է Անիի Տիգրան Հոնենցի կողմից կառուցված եկեղեցու պատկանելիությունը, որը ներկայացվում է միջազգային հանրությանը որպես վրաց- քաղկեդոնական հուշարձան` դրանով իսկ հարցականի տակ դնելով Անիի հայկական հուշարձանների ամբողջական համալիր լինելու պատմական փաստը:
Լինելով իր ժամանակների հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր` Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա պատմական վկայություններում եւ եկեղեցական վիմագրերում:
Տիգրան Հոնենցի եկեղեցու որմնանկարներից 17-ում պատկերված են Հայ Առաքելական եկեղեցու առաջին հայրապետ եւ հիմնադիր, հայկական քրիստոնեության նախահայր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային եւ դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են: Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք` Թուրքիան շեղում է միջազգային հանրությունը բուն հայկական պահանջներից եւ դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր: Սակայն մեզ համար հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերականգնման ընթացքում գմբեթի անավարտությամբ խեղաթյուրումը, վրաց-քաղկեդոնական հուշարձան հայտարարվելը, համապատասխան ցուցանակի տեղադրումը եւ վերջինով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների եւ մշակութային հակամարտության հրահրումը:
Հրավիրում ենք բաց նամակի հասցեատերերի ուշադրությունը կատարվածին ու ընթացող գործընթացներին եւ առաջարկում հնարավոր բոլոր միջոցներով կանխել միջազգայնորեն ընդունված չափանիշներից զուրկ եւ պատմական հուշարձանի նախնական տեսքը խեղաթյուրող վերականգնումն ու վկայագիրը` ինչ պարբերաբար փոփոխվում է առանց ներառելու Հոնենց կառուցողի կամ պատմականորեն եկեղեցական համայնքի ազգությունը: Այս ամենը կատարվում է պատմական ճշմարտության քաղաքական դաշտ տեղափոխելու նպատակներով:
Հույս ենք հայտնում, որ խնդրով մտահոգված երկրների մտավորականությունը, ոլորտի պատասխանատուներն ու հասարակությունը պատրաստ են հարցը քննարկել միջմշակութային երկխոսության հարթակներում` դրանով իսկ ստեղծելով տարածաշրջանում պատմական արժեքների շուրջ ծավալվող տարաձայնությունների գիտական, բազմակողմ միջավայր:
Մենք ապրում ենք մշակութային հարուստ պատմական շերտերով ամփոփված տարածաշրջանում եւ ունենք երկխոսությամբ վստահության ու բարեկամության միջավայրի ամրապնդման անհրաժեշտությունը: Խնդրով մտահոգ` Քանդակարծության ազգային պարկ-թանգարանի կողմից իրականացվել է ստորագրահավաք , որին մասնակցել են 1350 եւ ավելի մտավորականներ աշխարհի տարբեր երկրներից: Ստորագրահավաքի մասին հրապարակումները հասարակական լուրջ մտահոգություն են առաջացրել, որի արդյունքում խնդրով սկսել են հետաքրքրվել նաեւ միջազգային ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերի մասնակիցները»:
Նշենք, որ Թուրքիան վերակառուցելով Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին, փոխել է ցուցանակը եւ եկեղեցին ներկայացրել, իբրեւ քաղքեդոնական:
Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳԱՅՆԸ օրերս «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրել էր, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է, որ գիտնականներն ու պատմաբաններն ասեն իրենց խոսքը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164162&l=am/