ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՅՈՒՐԱՅԻՆԸ ԲԱԳՐԱՏՅԱ՞ՆՆ Է
Արխիվ 12-16
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՅՈՒՐԱՅԻՆԸ
ԲԱԳՐԱՏՅԱ՞ՆՆ Է
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի առաջարկը ընդդիմադիր քաղաքական դաշտում շարունակվում է քննարկվել, թե դրական թե բացասական առումով: Հիշեցնենք` Բագրատյանն առաջարկել էր ընդդիմադիր մի քանի ուժերի կոալիցիա կազմել եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Քանի որ Բագրատյանի առաջարկը վերաբերում էր նաեւ «Ժառանգությանը», «Իրավունք»-ը կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից պարզեց` ընդունելի՞ է նրա համար Բագրատյանի առաջարկը: «Քաղաքական հայտարարությամբ կարելի է առաջարկ անել, բայց պրն Բագրատյանը որպես լուրջ պետական գործիչ, պետք է իմանա` առաջարկից հետո լինում են դիմումներ եւ առաջարկներ: Ես մեծ սիրով կընդունեմ նախկին վարչապետին ու պատգամավորին` նրա առաջարկը քննարկելու համար»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով`Բագրատյանի առաջարկը «Ժառանգությանը» հոգեհարազատ է, քանի որ իր ղեկավարած կուսակցությունը փնտրում է վերկուսակցական լուծումներ, թեեւ միշտ չէ, որ վերկուսակցական լուծումներն իրենց արդարացրել են:
Ինչ արած, հաշվի առնելով իր իսկ կուսակցության վիճակը պարոն Հովհաննիսյանը ինչպես ժողովուրդն է ասում, ձեռքը գցել է փրփուրներին եւ նախկին վարչապետի առաջարկն է ընդունում:
Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարից տեղեկացանք, որ կուսակցությունում չի քննարկվել նաեւ խորհրդարանական ընտրություններին դաշինքով, թե միայնակ են մասնակցելու հարցը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ