ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵ՞ՆՔ «ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
Արխիվ 12-16
ԿԱՌԱՋՆՈՐԴՎԵ՞ՆՔ
«ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ
Գաղտնիք չէ, որ Հայաստանում նորաձեւության ոլորտը զարգացած չէ, դաշտում միայն անհատներ են, որոնց հիմնական հաճախորդները տարբեր ասպարեզներում հայտնի անձնավորություններն են, քանի որ միայն նրանք են իրենց կարողանում թույլ տալ նման շռայլություն` թանկ լինելու պատճառով: Իսկ հայտնի դիզայներներն էլ սահմանափակվում են իրենց հավաքածուները ներկայացնել` շքեղ նորաձեւության ցուցադրություններ կազմակերպելով, որտեղ հիմնականում հրավիրված են լինում սահմանափակ թվով հյուրեր: Այսինքն` նրանք, ովքեր վաղը կարող են դառնալ իրենց պոտենցիալ հաճախորդները: Իրականում խնդիրն այն չէ, որ Հայաստանում, այդ ոլորտում չունենք երիտասարդ մասնագետներ, պարզապես այդ երիտասարդները հանրությանն իրենց աշխատանքներով ներկայանալու պահանջվող ահռելի գումարները չունենալով, մնում են ստվերում, արդյունքում այդ ոլորտն էլ է դառնում ստվերային:
Այդ խնդրով անհանգստացած, օրերս մի խումբ մասնագետներ համախմբվելով մեկնարկեցին ArmMod Fashion նախագիծը, որը նպատակ ունի նպաստել Հայաստանում նորաձեւության զարգացմանը, խթանել հայկական արտադրանքի տարածմանը, հնարավորություն ընձեռել սկսնակ ու երիտասարդ ստեղծագործողներին` իրենց գաղափարներն իրականացնելու, եւ սեփական աշխատանքներով ներկայանալու: Ինչպես նաեւ ոգեւորելու նոր սերնդին, հայրենիքում առավել ակտիվ գործունեություն ցուցաբերելու համար: Եվ, ամենակարեւորը` խրախուսել «Հայկականը նորաձեւ է» գաղափարը: Այս ամենն իրականացնելու համար նախագծի շրջանակներում նախատեսվում է ամսական պարբերականությամբ ցուցադրություններ, որտեղ երիտասարդ ու սկսնակ ստեղծագործողները հնարավորություն կունենան ներկայանալու իրենց աշխատանքներով:
Ի դեպ, նախագծում իրենց մասնակցությունը կունենան Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի եւ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողներն ու շրջանավարտները:Իսկ ցուցադրություններին ներկա կլինեն ոլորտի առաջատար մասնագետներ, ովքեր իրենց կարծիքը կհայտնեն սկսնակների աշխատանքների վերաբերյալ եւ կօգնեն իրենց խորհուրդներով։
Հուսանք, նախագիծը կյանքի կկոչվի եւ չի արժանանա նախորդների կարճ ճակատագրին ու առաջիկայում իսկապես կառաջնորդվենք «Հայկականը նորաձեւ է» կարգախոսով:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164138&l=am/