ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ ՆԱԽԱՏՈՆԱԿՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ
Արխիվ 12-16
ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ ՆԱԽԱՏՈՆԱԿՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ
Տեառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու` Տերունի տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը: Այն անշարժ տոն է, որը նշվում է Ս. Ծնունդից ուղիղ 40 օր հետո`փետրվարի 14-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր:
Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը եւ ըստ եկեղեցական տոնացույցի փոխվում է օրը:
Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է խարույկ վառելը եւ այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծվածային սիրո հուրը։ «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով եւ կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»։
Արարատյան Հայրապետական թեմի բոլոր համայքներում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տեառնընդառաջի տոնին կազմակերպվում են հոգևոր եւ ազգային բովանդակությամբ բազմաթիվ միջոցառումներ: Այսօր թեմի բոլոր եկեղեցիներում, երեկոյան ժամերգությունից հետո նախատեսվում են խարույկ եւ տոնական միջոցառումներ: Իսկ վաղը Տեառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կկատարվի նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո եւ հավատարմության դաշինքը։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164136&l=am/