«ՊԱՏՎՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՆ ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՈՐՈՎ ԱՆՑԵԼ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ»
Արխիվ 12-16
«ՊԱՏՎՈՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՆ ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՈՐՈՎ ԱՆՑԵԼ ԵՆ ՀԱՅԱԶԳԻ ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ»
Երիտասարդ դուդուկահար ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով դեռ փոքր տարիքից տիրապետել է այդ հոգեհույզ գործիքին` դուդուկին, օրերս ներկայացրեց իր դեբյուտային «Չարենցավան» անվանումով ձայնասկավառակը, որտեղ ներառված է 9 գործիքային երաժշտություն` Նարեկացուց, Սայաթ-Նովայից, գուսան ից մինչեւ ժամանակակից կոմպոզիտոր ամերիկաբնակ Արա Դինկչյան:
Ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին մայրաքաղաքում հայտնի մշակութային ու քաղաքական հեղինակավոր դեմքեր, եւ յուրահատուկ միջավայր էր ստեղծվել հրավիրված երեւանաբնակ ու օտարության մեջ բնակվող անգլախոս հյուրերի` հայտնի երաժիշտների միջեւ:
ՀՀ վաստակավոր արտիստ ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԸ, խոսելով իր սանի` Արսեն Պետրոսյանի մասին, հավելեց. «Արսենն իր առաջին ու շատ կարեւոր աշխատանքներից մեկն է անում երաժշտական աշխարհում: Նա պատվով շարունակում է այն մեծ ճանապարհը, որով անցել են հայազգի դուդուկահարները»:
Արսենը հաճելիորեն զարմացրեց իր կատարումներով, նրան նվագակցում էին հայ ավանդական երաժշտության անսամբլի երաժիշտները:
«Չարենցավան» անունը կրող ձայնասկավառակը շուտով հասանելի կլինի համացանցում ու կդառնա աշխարհասփյուռ հայերին լսելի:
Առավել մանրամասն` տեսանյութում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164133&l=am/