ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՏՐՆԴԵԶԸ ԿՆՇՎԻ ՄԵԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ՏՐՆԴԵԶԸ ԿՆՇՎԻ ՄԵԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՄԲ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը` փետրվարի 13-ին, Գյումրի քաղաքում կազմակերպում է նորապսակների, երիտասարդների օրհնության եւ գարնան ավետաբեր Տրնդեզ տոնը: Օրհնության կարգը կկատարվի Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում: Սուրբ պատարագ կմատուցվի նաեւ քաղաքի բոլոր եկեղեցիներում:
Գյումրու Վարդանաց հրապարակում կկատարվի Անդաստանի կարգ` Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ հանդիսապետությամբ: Այնուհետև, տեղի կունենա նորապսակների օրհնություն եւ ժողովրդական տոնախմբություն, որի հիմնական մասը կրակի վրայից թռնելու տեսարանն է՝ շուրջպարերով ու երգերով, խնձորով ու նռով զարդարուն վառվող մոմերով:
Միջոցառման նպատակն է՝ ՀՀ Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը, նոր սերնդի տոնածիսական ակտիվ վարքագծի եւ ավանդական բնութագրի ապահովումը:
Տրնդեզը ժողովրդական տոն է՝ կրոնածիսական հենքով ու տոնին բնորոշ մի շարք տոնածիսական խորհրդանշական գործողություններով: Այս տոնի խորհուրդը կարեւորվում է, որպես բնության ու մարդկային հասարակության վերազարթոնքի ու շարունակականության ցայտուն դրսևորում: Այն իրականացվում է խարույկ վառելու, խարույկի վրայից երիտասարդների թռնելու, զույգ աղավնիներ թռցնելու խորհրդանշական գործողություններով, ինչպես նաեւ ժողովրդական խաղերով եւ տոնին բնորոշ ավանդական ուտեստների մատուցմամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164127&l=am/