«Կեղծ հաղթանակը կարմիր դիպլոմի նման մի բան է, գնված կարմիր դիպլոմը տգետին խելոք չի դարձնի»
Արխիվ 12-16
«ԿԵՂԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄԻ ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ Է, ԳՆՎԱԾ ԿԱՐՄԻՐ ԴԻՊԼՈՄԸ ՏԳԵՏԻՆ ԽԵԼՈՔ ՉԻ ԴԱՐՁՆԻ»
Մի քանի օրից արդեն հայտնի կդառնա, թե երբ է լինելու ArmBody Project-ի «Լավագույներից լավագույնը» երաժշտական մրցույթի սպասված եզրափակիչ փուլը: Իսկ մինչ այդ «Իրավունքը» շարունակում է բացահայտել մրցույթի մասնակիցներին: Եվ այս անգամ մեր զրուցակիցն է ԼԻԼԻԹ ՕՍԻՊՅԱՆԸ, ով, ի դեպ, առաջին անգամ է մասնակցում նման մասշտաբային մրցույթի: Հիշեցնենք, որ նա աչքի ընկավ մրցույթի հենց սկզբից` «Ես կուլամ» երգի կատարմամբ, որը հենց իր գնահատմամբ այդ րոպեներին համապատասխանում էր ներաշխարհին:
- Լիլիթ, շատ քիչ է մնացել, որ ավարտվի մրցույթը: Հետաքրքիր է` այն Ձեզ ի՞նչ տվեց:
- Սկզբում մտածում էի` փորձ, բայց առավել կարեւոր դարձան այն մասնակիցները, որոնք դարձան թանկ: Բնավորությամբ էքստրովերտ եմ, ուստի` մարդկային շփումը վեր եմ դասում հաղթանակից ու փորձից:
- Իսկ ի՞նչ կասեք մրցույթի կազմակերպչական կողմի մասին:
- Լակոնիկ կպատասխանեմ` կազմակերպչական կողմը հիացրեց ինձ:
- Ժյուրին, թեպետ հենց առաջին փուլում խոստացավ խիստ լինել, բայց ամեն անգամ խնայում էր մասնակիցներին` հաջորդ փուլ թույլ տալով մասնակցել շատերին: Որքանո՞վ էին անաչառ նրանք եւ ո՞ւմ խորհուրդները կառանձնացնեք:
- Այո, ժյուրին խիստ չէր, բայց պահանջկոտ էր, հենց այդ պահանջկոտությունն էլ ինձ ամենից շատ դուր եկավ: Ժյուրին անաչառ էր մասնակիցներին մի քանի անգամ հնարավորություն տալու հարցում, բայց ժյուրին խելացի է ու գիտի, թե որտեղ է պետք օգտագործել կողմնապահությունը:Կառանձնացնեմ Գիսանե Պալյանի խորհուրդները, որոնք մինչ օրս էլ դրոշմված են գիտակցությանս մեջ:
- «Լավագույններից լավագույնը» կլինի մեկը, արդյո՞ք այս ընթացքում մասնակիցների շրջանում մրցակցությունն առավել թեժ է դարձել:
- Մրցակցության թեժ ընթացք չեմ նկատել, մասնակիցների մրցակցությունն ավելի թեժ կդառնա, երբ լավագույններից լավագույնի փոխարեն ուրիշը հաղթի:
- Պատրա՞ստ եք անկախ մրցույթի վերջնական արդյունքներից շարունակել երգարվեստի ուղղությամբ գնալ, թե հաղթանակն ամենակարեւորն է Ձեզ համար:
- Եթե մի գործ ամբողջական չեմ անելու, չեմ էլ սկսում, հաղթանակը կարեւոր է, բայց ոչ միշտ է արդար. կեղծ հաղթանակը կարմիր դիպլոմի նման մի բան է, գնված կարմիր դիպլոմը տգետին խելոք չի դարձնի:
- Ի՞նչ երգի կատարմամբ հանդես կգաք եզրափակիչ փուլում:
- Կատարելու եմ Առնո Բաբաջանյանի «Озарениe» ու շանսոնի մեծերից Ազնավուրի «Une vie d'amour» երգերը:
Հավելենք, որ եզրափակիչ փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կերգի 2 երգ` մեկը ազատ թեմայով, մյուսը` Առնո Բաբաջանյանի երգացանկից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164125&l=am/