Ք. Պեպելյան. «ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷԻ ԼՍԵԼ ԻՄ ՀԱՍՑԵԻՆ»

Արխիվ 12-16

Ք. Պեպելյան. «ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԷՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԷԻ ԼՍԵԼ ԻՄ ՀԱՍՑԵԻՆ»

 

Ինչպես արդեն նշել էինք, օրերս «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր երգչուհի ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆԸ, ով սիրով պատասխանեց մի քանի տասնյակ հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին` անդրադառնալով իր ստեղծագործական գործունեությանը, զգեստապահարանին, համացանցին, մանկությանն ու մարդկությանը:


20 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ. «ՄԻ ՔԻՉ ԶԱՐՄԱՆԱԼԻ Է ԱՍԵԼ ՈՒ ՀԱՎԱՏԱԼ ԴՐԱՆ»


- Քանի՞ տարեկանից սկսեցիք երգել, եւ ո՞րն է ձեր հաջողության գրավականը: (ՍԱՄՎԵԼ , ք. Երեւան)

- Երաժշտությամբ հինգ տարեկանից եմ զբաղվում: Այդ ժամանակ «Արեւիկ» մանկական խմբում էի երգում, շատ փոքրիկ էի, դեռ դպրոց չէի գնում, հետո դպրոցին զուգահեռ ընդունվեցի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: Ջութակահար էի, դրանից սկսեց ամեն ինչ, իսկ 1997-ից Երգի պետական թատրոնում էի, որպես կատարող: Այնպես որ, 2017 թվականին կլինի 20 տարի, որ արդեն պրոֆեսիոնալ բեմում եմ: Մի քիչ զարմանալի է ասել եւ հավատալ դրան, մի տեսակ չեմ համակերպվում…: Իսկ հաջողության գրավականը, երեւի այն է, որ ես այն եմ, ինչպիսին եղել եմ, այդպիսին էլ կամ: Ես երբեք ցույց չեմ տվել ինչ-որ մի բան, ինչն իմ հետ կապ չունի, ինչն իմ մասին չէ: Այսինքն`մշտապես հակված եմ լինելու մարդկանց մեջ ու նրանց հետ լինելու հնարավորինս ազնիվ: Հաջողության գրավական ունենալու համար, կարծում եմ` ընդամենը մարդկանց սիրել է պետք, իսկ ես մարդկանց սիրում եմ, սովորել եմ դա:

- Կհիշե՞ք ձեր առաջին մրցանակը եւ բոլոր մրցանակներից ,որը կառանձնացնեիք: (ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ, ք. Երեւան)

- Ամենաառաջինը եղել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա հայտնություն» մրցանակը: Բայց մրցանակներից որեւէ մեկը չեմ ուզում առանձնացնել, որովհետեւ ամեն մեկն իր տեսակի մեջ ուշադրություն է եւ գնահատանք մարդու համար: Դրա համար ինձ համար չկան կարեւոր ու ոչ կարեւոր մրցանակներ: Այնպես որ, եթե մրցանակ ստանամ Տարվա լավագույն տեսահոլովակի համար, դեռ չի նշանակում, թե կտխրեմ, որ Տարվա լավագույն երգչուհին ես չեմ եղել, չէ որ ամեն տարի ասելիքդ տարբեր է լինում:

- Եվս մեկ հարց. Համոզված եմ, որ հաճախ եք կոմպլիմենտների արժանանում, ամենահաճելին եւ հիշվածը կարո՞ղ եք հիշել:

- Իսկապես գովեստի խոսքեր շատ են լինում ու ես ոգեւորված եմ այդ առումով եւ մշտապես փորձում եմ արժանապատիվ կերպով ընդունել դրանք: Ու, ինչու ոչ, երբեմն համաձայնվել դրանց հետ, ինչքան էլ որ անհամեստ հնչի (ժպտում է-հեղինակ): Իսկ ամենալավ գնահատականը, որ երեբեւէ ունեցել եմ, մայրիկիս կողմից է եղել , դա եղավ կյանքում մի անգամ ու այլես նա որեւէ անգամ ինձ այդ խոսքը չասաց: Մի գեղեցիկ օր նա ասաց. «Ինչպես երազել եմ, որ դու լինես, հենց այդպիսի երեխա ես ինձ համար: Ուրախ եմ, որ դու իմ երազանքի երեխան ես»: Սա լավագույնն էր, որ կարող էի լսել իմ հասցեին:


«ՉՈՒՆԵՄ ԿՌԻՎ ԻՄ ՀԱԳՈՒՍՏԻ ՀԵՏ»


- Ժամանակը ու մոդա կոչվածը չփոխեցին ու չթեթեւացրին Ձեր զգեստապահարանը, ու միշտ մնացիք նույն համեստ ու չափավոր երգչուհին: Ձեր բնո՞ւյթն է այդպիսին, թե ուզում եք ապացուցել, որ երգչի ձայնն է առաջնայինը: (ՄԱՐԻԱՄ, ք. Երեւան)

- Շատ պահպանողական եմ բոլոր հարցերում` կլինի շփման մեջ, ընկերներիս հետ, սանրվածքի մեջ, հագուստի, ուտելիքի: Սիրում եմ այն միջավայրը, որն ինձ ծանոթ է, որտեղ անակնկալներ չկան, որտեղ չի լինի մի բան, որից կարող եմ անհարմարության զգացում ունենալ: Սիրում եմ այն, ինչ-որ ես անում եմ, անում եմ բաներ, որոնք մոտ են իմ բնույթին, իմ խառնավածքով այդպիսի մարդ եմ: Ու երբեք չեմ անի բաներ, որոնք ստիպված եմ: Միայն մի դեպքում կարող եմ ինձ նեղություն տալ` որեւէ մեկին օգտակար լինելու համար, որովհետեւ աշխարհում չես կարող որեւէ մեկին լինել օգտակար քեզ նեղություն չտալով: Ուրիշ որեւէ բան չկա, որ կարող է ինձ ստիպել անել մի բան, որը չեմ ուզում: Նույն էլ հագուստի հարցում է, հագնում եմ այն, ինչի մեջ ինձ հարմար եմ զգում, որտեղ ես չունեմ կռիվ իմ հագուստի հետ եւ անահարմարություն:

- Հայկական շոու-բիզնեսում Դուք առանձնանում եք ձեր գեղեցիկ զգեստներով, հետաքրքիր է դիզայներ ունե՞ք, թե Դուք եք զբաղվում զգեստների ընտրության հարցով: (ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Երեւան)

- Ընտրության հարցով ես եմ զբաղվում, բայց դիզայներներ կան, որոնց հետ աշխատում եմ: Ցանկացած իրավիճակում կլինի դիզայներ, թե որեւէ այլ մասնագետ, որի հետ աշխատում եմ, ես պարտադիր պիտի ասեմ, թե ինչ եմ ուզում: Հնարավոր է, որ առաջարկ լինի, ընդունեմ, բայց սովորաբար իմ բոլոր մոդելավորող ընկերներին, ասում եմ, թե ինչ եմ ուզում: Չնայած պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ աշխատում եւ որեւէ մեկի հետ չունեմ անհամաձայնության խնդիր: Իրենք շատ լավ հասկանում են իմ կերպարը, իմ ասելիքը: Արտիսիտի համար շատ կարեւոր է արտաքինը, եւ ինչքան էլ մարդիկ ասեն, թե կարեւոր չէ, միեւնույն է, համաձայն չեմ լինելու դրա հետ, որովհետեւ արտիստը պետք է լինի էսթետիկապես հաճելի: Դրա համար լավ է, որ աշխատես պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ովքեր սրտացավ են, ովքեր կարողանում են հասկանալ քո գաղափարը եւ ոճը: Իսկ ես ունեմ այդպիսի ընկերներ, որոնք ինձ հետ հաշվի են նստում, որովհետեւ ես եմ այն մարդը ով պետք է կրի այդ հագուստները ու այն պետք է լինի հարմարավետ: Երգելիս չպիտի քեզ շեղի որեւէ այլ բան, հագուստը չպետք է քեզ խանգարի, միտքդ կենտրոնանա  դրա վրա եւ մոռանաս ինչի մասին ես երգում:

- Էքսպերիմենտների չեք գնում, համարձակության պակա՞ս է, թե՞ պարզապես ուզում եք հավատարիմ մնալ ձեր ոճին: (ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ք. Երեւան)

- Չեմ պատկերացնում ինձ, օրինակ, կարճ սանրվածքով: Եվ հետո մանկության տարիներին, ինչպես բոլոր սովետական երեխաները, այնքան կարճ են եղել մազերս, որ էլ չեմ ուզում:


«ՄՇՏԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ, ԵԹԵ ՄԵՂԱՎՈՐ ԵՄ»


-Ավելի շատ արածների համա՞ր եք զղջում, թե չարածների… (ՌՈՒԶԱՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ)

- Հավանաբար, չարածների համար ավելի եմ ափսոսում:

- Կա՞ ձեր կյանքում մարդ, ում նեղացրել եք, բայց այդպես էլ ներողություն չեք խնդրել:

- Միգուցեեւ կան մարդիկ, որոնց նեղացրել եմ ու չեմ խնդրել ներողություն, բայց մի պարզ պատճառով` չեմ հասկացել, որ նեղացել են ինձնից: Հաստատ իմացեք, որ այն մարդկանց, որոնց նեղացրել եմ, հետո նրանց հետ գնացել եմ  կոմպրոմիսի եւ ընդունել իմ սխալները: Ու պատրաստ եմ մշտապես ներողություն խնդրել, եթե մեղավոր եմ:

- Իսկ խանդո՞տ եք:

- Կարծում եմ` ավելի շատ պահանջկոտ եմ եւ հատկապես ինքս իմ նկատմամբ (ժպտում է-հեղինակ):


«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ՈՒՇԱԴԻՐ ԵՔ»


- Դուք անցյալ տարի Բաղանիս համայնքին նվիրաբերեցիք 600.000 դրամ, այս տարի արդյոք այդպիսի բարեգործական ակցիաներ նախատեսված է: (ՀԵՆՐԻԽ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ք. Երեւան)

- Անպայման:

- Կրկին Բաղանիս համայնքի՞ն:

- Տեսնենք, պարտադիր չէ, միգուցե այս անգամ մի ուրիշ տեղ:

-Ինչո՞ւ մինչ այսօր չեք հայտնվել աշխարհահռչակ Vevo-ում: (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ)

- Կարծում եմ` Ձեր հարցը շատ տեղին էր, ես անպայման նկատի կունենամ, որովհետեւ սա իմ բացթողումներից մեկն է: Շնորհակալ եմ, որ ուշադիր եք ու նկատել եք դա:

-Նոր սերունդի ներկայացուցիչներից ովքե՞ր են Ձեզ համար սիրելի երգիչ(ուհի)ներ եւ ինչու: (ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ, ք. Երեւան)

- Շատ եմ հավանում Սոնա Ռուբենյանին, Նարինե Դովլաթյանը հետաքրքիր է իր տեսակով: Իսկ որպես երաժիշտ` իհարկե, խոսքեր չունեմ ասելու, Տիգրան Համասյանի մասին, էլ չեմ խոսում Սերգեյ Խաչատրյանի մասին, որոնց դիտարկում եմ որպես ոչ թե նոր սերունդ, այլ երիտասարդ եւ չափազանց տաղանդավոր երաժիշտներ:


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ»


- Ե՞րբ կարող է Գերմանիայի Համբուրգ քաղաքի հայությունը վայելել Ձեր մենահամերգը: (ԱՆՈՒԼԿԱ ՍԱՀԱԿՅԱՆ, ք. Համբուրգ)

- Լավ կլինի, որ իմ համերգի եւ առհասարակ մենահամերգների հետ կապված հարցերով Համբուրգ քաղաքի համերգային կազմակերպիչներին դիմեն եւ իրենք էլ կապվեն մեզ հետ ու մեծ սիրով կգամ Համբուրգ երգելու:

- Իսկ Գյումրիում համերգ ունենալո՞ւ եք: (ԱՆԱՆՈՒՆ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՕԳՏԱՏԵՐ, ք. Գյումրի)

- Գյումրիից կազմակերպիչներ կան, որ զանգում են եւ նախատեսում ենք այնտեղ մենահամերգ, բայց այս պահին որեւէ բան չունեմ պլանավորած:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ առաջվա պես շատ մենահամերգներ չեն լինում Հայաստանում ու մի տեսակ մարդկանց հետաքրքրությունն էլ պակասել է արվեստագետների նկատմամբ: (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան)

- Այդտեղ կան խոհանոցային հարցեր, որոնք միայն կազմակերպիչներն ու արտիստները  գիտեն: Ամեն ինչ կախված է, երեւի թե, կազմակերպիչներից, որովհետեւ ծախսերն են ավելացել: Հույս ունեմ Դուք գիտեք, թե ինչ ծախսերի մասին է խոսքը…

- Մոտավորապես` այո:

- Այդ մոտավորապեսը կարող եք բազմապատկել երկու անգամ, եթե ոչ ավել: Հիմա մարդիկ փորձում են ծախսերից խուսափել, հավատացեք, մենահամերգ անելը բավականին աշխատատար եւ ծավալուն աշխատանք է: Ես իմ երկրպագուներին միշտ ասում եմ` եթե կան մարդիկ, ովքեր չեն պատկերացնում դժվարությունը, մի օր նրանցից մի քանիսին եւ նաեւ լրագրողներից մի երկու հոգու տանելու եմ ինձ հետ հյուրախաղերի, որ մարդիկ տեսնեն, թե ինչ դժվար է  լինում: Բայց, համաձայն եմ Ձեզ հետ, իսկապես Հայաստանում մենահամերգների պակաս կա: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ մարդկանց հետաքրքրությունն է պակասել, հավանաբար, սա պայմանավորված է համացանցով, որը մարդկանց շատ բան հասանելի է դարձնում:

-Հնարավո՞ր է, որ մի օր հայտնվեք համերգներով սահմանամերձ զորամասերում: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

- Ես եղել եմ սահմանամերձ զորամասերում, հասել եմ մինչեւ Եղնիկներ, Հադրութ, Հորադիզ եւ հատուկ ընտրում էի զորամասեր, որոնք հեռու էին: Եղնիկներում զինվորները շատ ոգեւորված էին, որովհետեւ քիչ են հասնում արտիստներն այնտեղ, դժվար է ճանապարհը… Ինչու ոչ, էլի կուզենամ համերգներ ունենալ, մի քիչ տաքանա եղանակները մեծ սիրով:


«ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆՆԵՐԸ  ՇԱՏ ԵՆ»


- Այնպես կլինի՞, որ առաջիկայում Դուք հավաքվեք` Ջեր երկրպագուների հետ: (ՀՌԻՓՍԻՄԵ, ք. Երեւան)

- Ճիշտն ասած, երկրպագուներս վաղուց են պլանավորել այդպիսի հանդիպում: Հուսով եմ, որ գարնանը միգուցե կկարողանանք իրագործել: Չեմ կարծում, որ մինչեւ մարտ ամիսը կկարողանանք կազմակերպել, որովհետեւ պատրաստվում եմ մեկնելու:  Բայց տեղյակ կպահեմ, անպայման կլինի մի շատ լավ, մտերմիկ հանդիպում երկրպագուների հետ, որտեղ կունենանք լավ ժամանակ:

- Եվ ուզում էի ճշտել` Ձեր պաշտոնական պրոֆիլնե՞րն են սոցցանցում, թե` ոչ, որովհետեւ հաճախ նամակներս անպատասխան եմ մնում:

- Որքան հասկացել եմ համացանցում Քրիստինե Պեպելյանները շատ են եւ բավականին լավ պրոֆիլներ կան պատրաստված, որ երբեմն անգամ ինձ է թվում, թե դա ես եմ: «Ֆեյսբուք» սոցցանցում կա միակ պաշտոնական էջ, որը կարող եմ ասել մերն է, դա այն էջն է, որտեղ պրոֆիլի վրա կա կապույտ նշանը:

 

Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` Սամվել Չոբանյանի

https://iravunk.com/sim/?p=164115&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան