«ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՈՏԵՆԱՆ ԱՅԴ ԴԵՂԱՀԱԲԻ ՎԱՃԱՌՔԻՆ»
Արխիվ 12-16
«ԴԵՂԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՈՏԵՆԱՆ ԱՅԴ ԴԵՂԱՀԱԲԻ ՎԱՃԱՌՔԻՆ»
Այն, որ մեր երկրում գրանցվող հղիության արհեստական ընդհատումների թիվը միշտ է մտահոգությունների տեղիք տվել, հայտնի բան է: Բայց ահա, համենայնդեպս՝ Մանկաբարձ-գինեկոլոգների եւ նեոատոլոգների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ խոսքով, իրավիճակի նկատելի փոփոխություն կա.-Վերջին տարիներին մեզ մոտ նկատվել է հղիությունների արհեստական ընդհատումների զգալի նվազում` գրեթե երեք անգամ: Դրան զուգահեռ՝ վերջին տարիների ընթացքում մենք չենք ունեցել նաեւ մայրական մահացության դեպք՝ կապված արհեստական ընդհատման հետ այն դեպքում, երբ մայրական մահացության ցուցանիշներով Ռուսաստանի Դաշնությունը արհեստական ընդհատումների առումով գտնվում է առաջին հորիզոնականում:
Գլխավոր գինեկոլոգի խոսքով՝ հաճախ բարդություններով հղիության արհեստական ընդհատումների պատճառը «Սայտոտեկ» դեղահաբն է.
- Ինքնաբեր վիժումների բարդության դեպքերը հաճախ գրանցվում են այն ժամանակ, երբ կանայք տարբեր մեթոդների են դիմում, որպեսզի ազատվեն անցանկալի հղիությունից: Այս առումով իր առաջնակարգ դերն ունի «Սայտոտեկ» դեղահաբի օգտագործումը: ՀՀ ԱՆ ձեռնարկեց շատ կարեւոր, շատ անհրաժեշտ միջոցառում, որով առանց դեղատոմսի դեղատները չպետք է վաճառեն այդ դեղահաբերը, եւ «Սայտոտեկ» պետք է օգտագործել միայն հիվանդանոցային պայմաններում՝ բժշկի հսկողության տակ: Քանի որ, այո, «Սայտոտեկը» միայնակ չի օգտագործվում հղիության ընդհատման համար. դրա հետ պետք է օգտագործել մեկ այլ պրեպարատ, որը նպաստում է անվտանգ հղիության ընդհատմանը: Այսպիսով՝ 2015 թվականին, արգելվեց ազատ վաճառքը դեղատներում, բայց պրակտիկ կյանքը ցույց է տալիս, որ ինչ-ինչ ճանապարհներով կանայք կարողանում են գնել այդ դեղահաբը, որի օգտագործման հետեւանքով ծանր վիճակներով ընկնում են հիվանդանոցներ: Պատկերացրեք՝ գալիս են արյունահոսությամբ, արյան պակասով, սիրտ-անոթային համակարգի վատթարացումով, եւ մենք ստիպված ենք կատարել բոլոր տեսակի միջամտությունները, որ կյանքին վտանգ չսպառնա: Այդ տեսակետից՝ դեղատան աշխատակիցները պետք է մի փոքր ավելի պատասխանատու մոտենան այդ դեղահաբի վաճառքին, իսկ ցանկացած կին էլ պետք է գիտակցի, որ մինչեւ 12 շաբաթական հղիության ընդհատումն ազատ է եւ անվտանգ բոլոր ծննդատներում: Բացի այդ, եթե կա այս կամ այն բժշկական ցուցումը, թույլատրվում է մինչեւ քսաներկու շաբաթական հղիությունը եւս ընդհատել: Անգամ այն դեպքում, եթե չկա բժշկական ցուցում, բայց կա սոցիալական խնդիր, որը տվյալ ընտանիքին կամ այդ կնոջը թույլ չի տալիս ծննդաբերի: Նման դեպքերում բուժհիմնարկներում կազմվում է հատուկ հանձնաժողով, որի որոշմամբ կատարվում է հղիության ընդհատում: Այսինքն՝ մտավախություն չկա, որ եթե հղի ես, ուրեմն պետք է անպայման ծննդաբերես կամ դիմես անօրինական հղիության ընդհատման: Ու օգտագործել ոչ բժշկի կողմից նշանակված, ոչ դոզավորված հաբեր՝ սխալ է, որովհետեւ մի քանի հաբ «Սայտոտեկի» օգտագործումը կարող է կնոջ համար կյանք արժենալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164101&l=am/