ՄԵԾ ՓՈՂԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16
ՄԵԾ ՓՈՂԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
iՄեր ժամանակների նորամուծություններից մեկը՝ սուրճի ավտոմատացված ապարատները հատկապես վերջին տարիներին ողողել են երկիրը: Դրանք ամենուր են՝ պետական հիմնարկներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ նույնիսկ՝ դպրոցներում, գազալցակայաններում եւ բենզալցակայաններում ու այդպես շարունակ:Այդ ապարատները մարդկանց հրամցնում են սուրճի, թեյի, տաք շոկոլադի տարբեր տեսակներ եւ մի շարք այլ ըմպելիքներ: Միայն թե հարց է՝ ի՞նչ որակի, ո՞վ է ստուգում այդ ըմպելիքների բաղադրությունը, որ ոչ միայն սուրճը կամ թեյը համապատասխանի այն տեսակին, որի համար մարդը վճարում է, այլ, որ բաղադրությունը համապատասխանի որակական պահանջներին:
Բայց մինչ այդ՝ մեկ այլ խնդիր. նման ապարատներից օգտվելու համար ապարատի նշված հատվածում պետք է համապատասխան գումարը գցել: Բայց հաճախ են լինում դեպքեր, երբ գումարը վճարում են, բայց փոխարենը ո՛չ թեյ են ստանում, ո՛չ էլ՝ սուրճ կամ լավագույն դեպքում` միայն տաք ջուր է գալիս: Եթե հանկարծ տեղում ինչ-որ պատասխանատուի էլ գտնես, պատասխանը կարճ է՝ ինչ-որ բան խափանվել է: Շատ համառես եւ մի երկու ժամ կորցնես, կարող է գումարդ հետ ստանաս: Ու, հասկանալի է, շատերը բավարարվում են միայն սրտնեղած հեռանալով:
Օրերս Սլավոնական համալսարանում տեղադրված ապարատից օգտվել էր նաեւ մեր խմբագրություն դիմած սպառողներից մեկը` Սեւակ Հակոբյանը: Նա գրպանի ամբողջ պարունակությունը համառորեն դատարկել էր ապարատի մեջ, սակայն սուրճ այդպես էլ չէր խմել: «Մեկ-երկու անգամ գումար գցեցի ապարատի մեջ, որպեսզի սուրճ խմեմ, բայց չեկավ: Մտածեցի՝ սխալ եմ անում, բայց պարզվեց, որ ապարատը չի աշխատում, ու հարց է առաջանում՝ ինչո՞ւ չէին անջատել այն»,- մեզ հետ զրույցում նշեց Սեւակը՝ շարունակելով խոսքը, թե շատ են եղել դեպքեր, երբ ապարատը սուրճի փոխարեն տվել է միայն տաք ջուր: Եվ սա փողը «կուլ տալու» մասին ամենեւին էլ միակ դժգոհությունը չէ: Եվ քիչ չեն նաեւ որակի հետ կապված բողոքները:
Ըստ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ այս ոլորտն ընդհանրապես վերահսկողությունից դուրս է մնացել` գործնականում չկա որեւէ, անգամ՝ վատ վերահսկողություն: «Սարքերի եւ հումքի որակներով զբաղվում են ¥ավելի ճիշտ՝ չեն զբաղվում¤ տարբեր կառույցներ, եւ այստեղ խնդիրն այն է, որ համապատասխան մարմինները չեն ցանկանում միասին աշխատել` խնդիրները վերացնելու համար: Բացի այդ, նրանք չեն ցանկանում դրանց որակի համար կրել պատասխանատվություն»,- փաստեց Բ. Պիպոյանը:
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) Ռիսկերի կառավարման վարչության պետ Հասմիկ Թումոյանն էլ անդրադառնալով խնդրին՝ հավաստիացրեց, որ ծառայությունն այսքան ժամանակ սուրճի ապարատների վերաբերյալ որեւէ դիմում-բողոք չի ստացել, նույնիսկ թեժ գծին զանգեր չեն եղել ¥իսկ ո՞վ 100 կամ 200 դրամի համար ինչ-որ տեղ դիմելու զահլա ունի- Հեղ.¤: Նրա խոսքով` քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված սուրճի ապարատների առեւտուրը պատկանում է բացօթյա առեւտրին եւ կարգավորվում է ՀՀ առեւտրի մասին օրենքով: Ուստի՝ ՍԱՊԾ-ում գրանցված չեն այն կազմակերպությունները, որոնք տեղադրում են ապարատները: «Մեր նախորդ տարիների ստուգումների պլանում դրանք չեն ներառվել, քանի որ ունենք շատ ավելի ռիսկային տնտեսվարողներ` կենդանական ծագման սննդամթերքի, կաթ-կաթնամթերքի ¥բա այդ ապարատների մեջ կաթ չկա՞- Հեղ.¤, պահածոների արտադրողներ: Եթե մենք ունենայինք դիմում-բողոքներ, ինչպես եղել էր ժամանակին պաղպաղակի ավտոմատացված ապարատների վերաբերյալ, ապա կիրականացնենք ստուգումներ: Ձեր կողմից բարձրացված ահազանգը կընդունենք որպես ի գիտություն, եւ այս տարվա հունիսից ստուգումներ կիրականացնենք նաեւ այդ ոլորտում»,- ընդգծեց Հ. Թումոյանը:
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ ՍԱՊԾ-ն տեղյակ չէ, թե որ կազմակերպությունների կողմից են տեղադրվում այդ ապարատները: Միայն հստակեցված է, որ այն տարածքները, որոնք ունեն սեփականատերեր, ապարատները տեղադրվում են նրանց համաձայնությամբ: Փողոցներում էլ քաղաքապետարանի, իսկ ավելի կոնկրետ` թաղապետարանների թույլտվությամբ: Հասմիկ Թումոյանն սպառողներին հորդորեց, որ նման դեպքերում դիմեն այն կազմակերպություններին, որտեղ գործում են ապարատները, քանի որ որոշ առումով նաեւ նրանք ¥այդ ինչո՞ւ- Հեղ.¤ են պատասխանատու առաջացած խնդրի համար:
Նշենք նաեւ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ շուտով կվերականգնի Շուկայի վերահսկողության տեսչության գործառույթները: Հուսով ենք, առակա բազմաթիվ այլ խնդիրների՝ տեսչությունը վերահսկողություն կսահմանի նաեւ այս ոլորտում, հատկապես, որ սուրճի ապարատներից օգտվում են նաեւ անչափահասները: Չնայած սա լավատեսություն էր, հաշվի առնելով, որ այդ տեսչության գործունեության հետքերը, երբ այն կար, գործնականում չէր էլ նշմարվում:
Մի խոսքով՝ սա մի ոլորտ է, որտեղ, ինչպես մեր արժանահավատ աղբյուրներն են վստահեցնում, մեծ փողեր են պտտվում: Եվ դրա հետ միաժամանակ՝ այն տպավորությունն է, որ եւ ոչ մի պետական կառույց պատասխանատու չէ այս ոլորտի վիճակի հարցում: Մինչդեռ այն ոլորտները, որտեղ պատասխանատուներ կան, էլի խայտառակ վիճակում են, եւ պատկերացրեք, թե այստեղ ինչ կլինի: Այնպես որ՝ թեման բաց ենք թողնում...
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164097&l=am/