ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ. «ԵՍ ԱՅՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՉԵՄ, ՈՐ ԱՇՈՏՅԱՆԻ ԿԵՂՏԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ ԿՊՆԵՄ…»
Արխիվ 12-16
ՍՈՒՐԵՆ ԶՈԼՅԱՆ. «ԵՍ ԱՅՆ ՏԱՐԻՔՈՒՄ ՉԵՄ, ՈՐ
ԱՇՈՏՅԱՆԻ ԿԵՂՏԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ ԿՊՆԵՄ…»
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շուտով հրաժեշտ կտա իր պաշտոնին: Նախարարի աթոռը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, քանի որ երեկ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հարցում հստակցություն մտցվեց:
Իր պաշտոնավարման ընթացքում Արմեն Աշոտյանը սկանդալներից զերծ չմնաց եւ ձեռքբերեց «հակառակորդներ»: Նրանցից մեկն էլ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոլյանն է:
Հիշեցնենք` 2013 թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Սուրեն Զոլյանը, ով «Բրուսովի» ռեկտոր էր, բացահայատ պաշտպանում էր նախագահի թեկնածու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Դա, ըստ Զոլյանի, պատճառ դարձավ իրեն պաշտոնանկ անելուն: Դրանից հետո ԱԱԾ նյութեր ուղարկվեցին համալսարանում տեղի ունեցած խախտումների մասին: «ԱԱԾ-ը Աշոտյանի ծառայությունն է»,- հայտարարել էր Զոլյանը:
«Իրավունք»-ը պրն Զոլյանից պարզեց` եթե Լեւոն Մկրտչյանը դառնա ԿԳ նախարար, հնարավո՞ր է Զոլյանը դաշնակցական նախարարի աջակցությամբ նորից դառնա «Բրյուսովի» ռեկտորը, առավելեւս որ Լեւոն Մկրտչյանի հետ աշխատանքի փորձ ունի: Զոլյանն ասաց, որ ինքն արդեն հինգ տարի է, լսում է Աշոտյանի` նախարարի պաշտոնից հրաժեշտ տալու մասին, խոսակցությունները. «Մինչեւ չկարդամ Աշոտյանի հրաժարականի դիմումը, չեմ հավատա»,- ասաց նախկին ռեկտորը:
Ինչ վերաբերում է դաշնակցական նախարարի հետ հույս կապելուն եւ նրա շնորհիվ նորից «Բրյուսովի» ռեկտորի պաշտոնը ստանձնելուն, Զոլյանն ասաց. «Դա բացառվում է: Արմեն Աշոտյանն այնքան է փչացրել ամբողջ կրթական դաշտը… ես էլ այն տարիքում չեմ, որ Աշոտյանի կեղտերը մաքրելու գործին կպնեմ»:
Ի տարբերություն նախարար Արմեն Աշոտյանի, Լեւոն Մկրտչյանի մասին Զոլյանի կարծիքը դրական է: «Բայց ես չեմ նախանձում ո՛չ իրեն, ո՛չ էլ որեւէ մեկին` իմանալով, թե ինչ վիճակում է այսօր կրթության համակարգը: Այն ո՛չ գրավիչ է, ոչ էլ մրցունակ: Արտասահմանյան ուսանողները դադարել են գալ Հայաստան»,- եզրափակեց Զոլյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164063&l=am/