«Եթե Մոսկվայի պայմանագիրը չեղարկվի, դրանից հետո հերթը պետք է հասնի Կարսի պայմանագրին»
Արխիվ 12-16
«ԵԹԵ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂԱՐԿՎԻ, ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՀԵՐԹԸ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԻ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ»
Ինչպես արդեն նշել էինք, ՌԴ Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորները նամակ են հղել ՌԴ նախագահին ու արտգործնախարարին` առաջարկելով չեղարկել Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը: Թե ի՞նչ կարելի է ակնկալել վերոնշյալից, «Իրավունքը»" պարզեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, արեւելագետ-թուրքագետ, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ, ով նախեւառաջ անդրադարձավ Մոսկվայի պայմանագրի նշանակությանը.
– Առանց Հայաստանի մասնակցության, այս պայմանագրով Հայաստանը բաժանվեց երկու երկրների միջեւ` բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի: Եվ ամբողջ հայ ժողովուրդը այն անարդարացի է համարում ու ճիշտ է անում: Եվ փաստորեն, Մոսկվայի պայմանագրի դրույթները` շատ քիչ փոփոխություններով հիմք հանդիսացան Կարսի պայմանագրի համար, որի տակ կա նաեւ Խորհրդային Հայաստանի ստորագրությունը: Եվ եթե Մոսկվայի պայմանագիրը չեղարկվի, ապա կարծում եմ` դրանից հետո հերթը պետք է հասնի Կարսի պայմանագրին: Եվ այն ժամանակ արդեն մենք մեր խոսքը պետք է ասենք:
– Իսկ տեսնո՞ւմ եք այն հեռանկարը, որ Մոսկվայի չեղարկումը կարող է դառնալ Ռուսաստանի իշխանությունների համընդհանուր դիրքորոշումը:
– Դժվարանում եմ հեռանկարները գնահատել, բայց ռուս-թուրքական հարաբերությունների այս սրվածության փուլն իմ կարծիքով վերջնական չէ: Իրավիճակն էլ ավելի կսրվի, իսկ սա նշանակում է, որ այս նախաձեռնությունը կարող է ընթացք ստանալ, եթե հարաբերություններն ավելի վատանան: Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ հենց երեկ ՌԴ դեսպանը Թուրքիայում հայտարարություններ է արել, որով դրական հեռանկարներ է ստեղծվում` բարելավելու ռուս-թուրքական հարաբերությունները: Այնպես որ, կարծում եմ` դեռ վաղ է որեւիցե կանխատեսում անել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164052&l=am/