«ՏՈՒՆ ՏԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՉԻ, «ՀՐԱԶԴԱՆԸ» ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Արխիվ 12-16
«ՏՈՒՆ ՏԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՉԻ, «ՀՐԱԶԴԱՆԸ» ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ»
Երեւանի քաղաքապետարանը դիմել է դատարան` անցյալ տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» կառավարչից պահանջելով 8 մլն 817 հազար 126 դրամ ուշացած պարտքը:
Հայցի մասին մանրամասներ պարզելու համար «Իրավունքը» դիմեց «Հրազդան» մարզադաշտի եւ տոնավաճառի սեփականատեր, ազատամարտի մասնակից, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ, ում կարծիքով` վերոնշյալը աղբահանման գումարների հետ է կապված.
– Ճիշտն ասած, չեմ էլ ճշտել, կարող է այդպիսի վիճակ լինել, որովհետեւ որ կազմակերպությանը գումար չունենալու պատճառով պարտք ենք մնացել, բնականաբար, պետք է դատարան տար: Բայց դա չի կարող 9 միլիոն դրամ լինել, որովհետեւ այդպես եմ կարծում:
– Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում Ձեր դեմ ուղղված այս խնդիրների լուծումը:
– Մի՛ բարդացրեք, ոչ մի բան իմ դեմ չի ուղղված: Ուղղակի, Հարկային տեսչության կարծիքով` մենք սխալներ ենք թույլ տվել, որը վիճարկվում է դատարանում: Հիմա փորձում ենք առողջացման ծրագիր ներկայացնել, որի մեջ ընդգրկված կլինի բոլոր պարտքերի մարումը:
– Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ շուտով պարոն Աղաբաբյանը ոտքի կկանգնի:
– Ես էլի ոտքի կանգնած եմ, ինչի՞ է ձեզ թվում, որ ոտքի կանգնած չեմ:
– Որովհետեւ լայնորեն խոսակցություններ են շրջանառվում, թե Դուք նեղացած եք Հանրապետականից:
– Հանրապետականը կառույց է, որից չեն նեղանում: Ի՞նչ կապ ունի կառույցը «Հրազդան» մարզադաշտի աշխատանքների հետ: Այնպես որ, նեղացվածություն ես չունեմ, ուրիշ բան է, որ անձեր կան, որոնց նկատմամբ ունեմ որոշակի վերաբերմունքներ` ե՛ւ դրական, ե՛ւ բացասական:
– Դրանո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում չեք մասնակցում խորհրդարանական աշխատանքներին:
– Զբաղված եմ առողջացման ծրագիրը կազմակերպելով, որովհետեւ, ի վերջո, ասում ենք սեփականություն է, բայց տուն տանելու բան չի, «Հրազդանը» սպասարկում է մեր ժողովրդին, եւ, ինչ խոսք, իմ սիրտը ցավում է դրա համար: Կառույցին պետք են ֆինանսական ներարկումներ, որ գոնե ընթացիկ աշխատանքները կարողանա ապահովել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164051&l=am/