ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԽՑԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՑՆՈՂ «ԳՈԼԴ» ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԽՑԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՑՆՈՂ «ԳՈԼԴ»
ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջին շրջանում «Իրավունք»-ը դժգոհություններ է լսում վարորդներից Երեւանի կենտրոնի դպրոցների մոտակայքում ժամը 13-14:00-ի ժամանակահատվածում առաջացած ճանապարհային խցանումների մասին: Վարորդների կարծիքով ՃՈ-ն արդյունավետ չի աշխատում խցանումները վերացնելու համար:
«Իրավունք»-ը խնդրի առնչությամբ կապ հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով մեզ տեղեկացրեց`ՃՈ-ն իր ամենօրյա գործառույթներն է իրականացնում, շատ արդյունավետ է աշխատում: «Վերջին ասուլիսի ժամանակ ՃՊԾ բաժնի պետ Նորիկ Սարգսյանը շեշտեց, որ դպրոցների հաճախումներով պայմանավորված` ժամանակ առ ժամանակ լինում են կուտակումներ: Մենք հորդորեցինք վարորդներին երկար չկանգնել: Հիմա եթե ծնողը երեխային իջեցնում է մեքենայից, այդ մի վայրկյանի ընթացքում հնարավոր է լինի որոշակի խցանում: Ավելին ասեմ` ՃՈ ոստիկանները հերթապահում են այն փողոցներում, որտեղ ինտենսիվ երթեւեկություն կա»,- պատասխանեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակիցը:
Մեր դիտարկմանը, թե մայրաքաղաքի կետրոնի դպրոցների` մասնավորապես Չեխովի դպրոցի մոտակայքում, ժամը 13-14:00-ի ժամանակահատվածում ՃՈ հերթապահող ոստիկանների չենք նկատել, պրն Մալխասյանն ասաց. «Առավոտյան եւ ցերեկային ժամերին կան հերթապահող ոստիկաններ, երբ երթեւեկությունն ինտենսիվ է դառնում կամ կա խցանման վտանգ»:
«Իրավունք»-ի դիտարկմանը, որ մայրաքաղաքի կենտրոնի տարածքում գոլդ համարներով մեքենաներ են երկար ժամանակ կայանում, սակայն բողոքող վարորդները նկատել են` ՃՈ աշխատակիցները չեն համաձարկվում այդ մեքենաների վարորդներին հիշեցնել երկար չկայանելու, խցանումներ չառաջացնելու մասին, Մալխասյանը հորդորեց ավտոմեքենաների կոնկրետ համարներն ասել` վարչական միջոցներ կիրառելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164039&l=am/