ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ. ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՇԽԱՏԱՍԵՐ ԵՆ, ՏՂԱՆԵՐԻ ՄՈՏ ՁԳՏՈՒՄԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է
Արխիվ 12-16
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ. ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՇԽԱՏԱՍԵՐ ԵՆ, ՏՂԱՆԵՐԻ ՄՈՏ ՁԳՏՈՒՄԸ ՊԱԿԱՍՈՒՄ Է
Վերջին տարիներին բռնցքամարտը Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցել, մարզաձեւը նոր շունչ ստացավ ու մտավ նոր շրջափուլ: Այժմ Հայաստանն ունի բռնցքամարտի մրցունակ ազգային հավաքական, որը միջազգային խոշոր մրցաշարերում պայքարում է միայն ամենաբարձր արդյունքների համար, զգալի են նաեւ բռնցքամարտում աղջիկների հաջողությունները: Այս եւ այլ թեմաների շուրջ «Իրավունքը» զրուցեց Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի ավագ մարզիչ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:
-Վերջին շրջանում հայ բռնցքամարտիկները լուրջ հաջողություններ են գրանցում, վերջապես ունենք մարտունակ թիմ, որը հստակ է ասելիք ունի: Դուք այդ կառուցողական ընթացքին մասնակից եք եղել, որո՞նք էին այն որոշիչ նախադրյալները, որոնց շնորհիվ ստեղծվեց այն ինչ հիմա կա:
- Արթուր Գեւորգյանի՝ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ նշանակվելուց հետո, մարզիկներն իրենց ուժերի նկատմամբ հավատով լցվեցին, քանի որ պարոն Գեւորգյանն ինքն էլ բռնցքամարտիկ է եղել եւ այն էլ՝բարձր արդյունքներով: Մարզիկներն ավելի ոգեշնչված սկսեցին մարզվել, ձգտելով հաջողության հասնել: Բոլորը գտնվում են Արթուր Գեւորգյանի ուշադրության ներքո, ով հաջողության է հասնում ֆեդերացիայի նախագահը ամեն կերպ աջակցում ու հնարավոր ամեն բան անում է մարզիկի համար: Մեծահասակների հավաքանի մարզիչ ընտվեց Կարեն Աղամալյանը, իսկ ես՝աղջիկների թիմի ավագ մարզիչ: Մեր մարզումները համատեղ են անցկացվում ու շատ արդյունավետ են: Կարծում եմ հաջողության կհասնենք...
-Այսօր միջազգային մակարդակով կանանց բռնցքամարտում հայկական ընդամենը մեկ անուն կա՝Սյուզի Կենտիկյան, այսօրվա սերնդից կա՞ն մարզուհիներ, որ կարող են կրկնել Կենտիկյանի հաջողությունները:
- Խնդրեմ ինձնից ձախ նստած Անուշիկ Գրիգորյանը, (ցույց է տալիս կողքին նստած Անուշին-խմբ.), ինչպես նաեւ Անի Հովսեփյանը, մարզուհիներ որոնք կարող են հասնել այդ մակարդակին:
-Աշխատում եք ե՛ւ տղաների ե՛ւ աղջիկների հետ: Որո՞նք են աղջիկների հետ աշխատելու առանձնահատկություններ:
-Աղջիկներին ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել: Ասեմ, որ աղջիկներն ավելի աշխատասեր են ու ավելի շատ ձգտումներ ունեն, իսկ տղաների մոտ այդ ցանկության պակասը կա: Անիի ու Անուշի մոտ հաջողության հասնելու ձգտումը շատ մեծ է: Առաջին անգամ Եվրոպայի առաջնության գնացի Անուշի հետ ու նրա ցանկությունը հաղթանակի հասնելու հսկայական էր: Անուշը շատ հանգիստ, հոգեբանորեն հավասարակշռված ու ազատ էր ռինգ դուրս գալուց եւ մրցակցության մեջ մտնելուց առաջ:
-Կարելի՞ է ասել, որ աղջիկներին հետ աշխատելն ավելի հեշտ է:
- Այո, ինձ համար այո, թեեւ տղաների հետ էլ բարդ չէ, ուղղակի ամեն բան կախված է մարզիկի ու մարզչի ճիշտ փոխհարաբերություններից: Լինում են բնավորությամբ բարդ մարզիկներ, պետք է կարողանալ բոլորի հետ լեզու գտնել:
-Ձեր մարզչական գործունեության ընթացքում պատրաստել եք աշխարհի, Եվրոպայի շատ մրցանակակիրների: Գիտեմ, որ բոլոր սաներն էլ սիրելի են ձեզ համար, այնուամենայնիվ ո՞ր մարզիկներին կառանձնացնեիք պրոֆեսիոնալ տեսանկյունից:
-91կգ ծանր քաշային Սերյոժա Հակոբյանին կառանձնացնեմ: Սերյոժան բավական հաջողություններ ունի, պատանիների մեջ ինչպես նաեւ Եվրոպայի երիտասարդների առաջնությունում մրցանակակիր դարձավ: Բնավորությամբ ծանր տղա է, հաջողության հասնելու ցանկությունը մեծ է, բայց մի քիչ աշխատասիրությունն է պակասում: Ունեմ նաեւ լավ մարզիկներ պատանիների մեջ...
-Մի անգամ ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ բռնցքամարտը արվեստ է, այսօր սպորտն ամբողջովին նոր դիմագիծ է ստացել: Ժամանակակից բռնցքամարտը ավելի շատ ձեռքբերումնե՞ր է ունցել թե՞ կորուստներ:
-Կասեմ, որ ավելի է մոտեցել արվեստին: Ժամանակին նոկաուտներն ու նոկդաունները շատ էին, հիմա ամբողջ աշխարհում ուժերը հավասար են, մինչ դեռ նախկինում տարբերությունը շատ մեծ էր: Մեր, Ղազախստանի, Ռուսաստանի, Կուբայի բռնցքաամարտը տարբերվում էր, մեր դպորցներն էին տարբերվում, իսկ հիմա բոլորը նույն հարթակի վրա են... Նշանակում է, որ աճ է գրանցվել ու զարգացում է եղել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=164028&l=am/