ՕԵԿ-Ը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ` ՄՈՌԱՆԱԼՈՎ ԵԽԽՎ-ՈՒՄ ՆՐԱ ՀՆՉԵՑՐԱԾ ԽԱՅՏԱՌԱԿ ՀԱՐՑԸ
Արխիվ 12-16
ՕԵԿ-Ը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ`
ՄՈՌԱՆԱԼՈՎ ԵԽԽՎ-ՈՒՄ ՆՐԱ ՀՆՉԵՑՐԱԾ ԽԱՅՏԱՌԱԿ
ՀԱՐՑԸ
Ինչպես հայտնի է, ՕԵԿ-ը պաշտպանում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
«Իրավունք»-ը խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պարզեց` ինչո՞ւ չառաջադրեց ՕԵԿ-ականներից որեւէ մեկին`որպես ՄԻՊ-ի թեկնածու: Միգուցե կարդային սո՞վ է ՕԵԿ-ում: «Կարդային սով չկա, ձեր հարցն արհեստական է: Մենք պաշտպանեցինք Զարուհի Փոստանջյանին` որպես ընդդիմության թեկնածուի: Բացի այդ` հաշվի ենք առել նրա իրավապաշտպան գործունեությունը, նրա աշխատանքը քաղաքացիական հասարակությունը»,- պատասխանեց պատգամավորը:
Մեր մյուս հարցին` ՕԵԿ-ը Զարուհի Փոստանջյանին պաշտպանելիս հաշվի՞ է առել 2014 թ-ին ԵԽԽՎ-ում նրա հարցը` ուղղված Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ անցյալ տարի Վրաստանում խայտառակ հանրահավաք կատարելու վերաբերյալ, որտեղ ՀՀ նախագահը այցելել էր եկեղեցու բացման: «Ես չեմ կարծում, որ մեկը մյուսի հետ կապ ունի: Երկրորդ`այդ հարցին հենց տեղում նախագահը պատասխանել է»,- պատասխանեց ՕԵԿ-ականը:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանին հիշեցրինք Զարուհի Փոստանջյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա, խոսելով ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության մասին, ասել է. «…Եթե խնդիր առաջանա, խնդիր բարձրացված լինի և նրանք ինձ դիմեն, ես, իհարկե, կօգնեմ, քանի որ ցանկացած փոքրամասնության անդամի նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունը պետք է դատապարտվի»: Այս հայտարարությունը ՕԵԿ-ը նկատի ունեցե՞լ է: «Ես տեղյակ չեմ այդ հարցազրույցից»,- ասաց խմբակցության քարտուղարը: Իսկ եթե այդ հայտարարությանը ծանոթ լինի ՕԵԿ-ը, հնարավո՞ր է փոխի իր դիրքորոշումը եւ չպաշտպանի Զարուհի Փոստանջյանին: «Կկարդանք ու կպատասխանենք հարցին: Ես չեմ կարդացել այդ հարցազրույցը»,- ասաց պրն Շահգելդյանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորին պաշտպանողները, նաեւ ՕԵԿ-ը, որպես հիմնավորում հիշեցնում են Զարուհի Փոստանջյանի իրավապաշտպան գործունեությունը: ՕԵԿ խմբակցության քարտուղարը կարո՞ղ է որեւէ օրինակ բերել տիկին Փոստանջյանի իրավապաշտպան գործունեությունից: «Ես րոպեին դժվարանում եմ որեւէ օրինակ մտաբերել»,- եզրափակեց խմբակցության քարտուղարը:
Հ.Գ. Թեեւ ՕԵԿ-ը հավաստիացնում է, որ կարդերի խնդիր չունի, սակայն Զարուհի Փոստանջյանին պաշտպանելով եւ սեփական թեկնածու չառաջադրելով` հստակ խոսում է այդ մասին: Երկրորդ` Զարուհի Փոստանջյանը ոչ թե ընդդիմության, այլ ընդդիմադիր անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջադրած թեկնածուն է: Հետեւաբար, ՕԵԿ-ի` Զարուհի Փոստանջյանին սատարելուց հետո կարելի է մասնակի ասել` տիկին Փոստանջյանն ընդդիմության թեկնածուն է: Երրորդ` անհասկանալի է` ՕԵԿ-ն ինչպես է պաշտպանում մի թեկնածուի, ով ընդունում է ԼԳԲՏ անձանց ու նրանց իրավունքները, ի տարբերություն ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164015&l=am/