«ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ»`ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ 20-25 ԶՈՒՅԳ ՏՅԱՌԸՆԴԱՌԱՋԸ ԿՆՇԻ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Արխիվ 12-16
«ՍԵՐԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ»`ԾԵՐԱՆՈՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ 20-25 ԶՈՒՅԳ ՏՅԱՌԸՆԴԱՌԱՋԸ ԿՆՇԻ ՋԵՐՄ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
Այս տարի Տյառընդառաջի տոնի կապակցությամբ «Ջամբո» պարկը յուրահատուկ նվեր կմատուցի Երեւանի N1 տուն-ինտերնատի սիրահար զույգերին՝ իր հարկի ներքո հյուրընկալելով ծերանոցում բնակվող 20-25 զույգերի: «Սերը տարիք չի հարցնում» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառման գաղափարը պատկանում է պարկի հիմնադիր տնօրեն Արտյոմ Վարդանյանին, ով որոշել է մեկ գեղեցիկ օր պարգեւել ծերանոցում բնակվող այն տարեցներին, ովքեր այդ տարիքում եւս չեն դադարում սիրել` հանդիպում են, զույգեր կազմում, երբեմն անգամ ամուսնանում: Մտահաղացման հիմքում ընկած է նաեւ այն գաղափարը, որ մեծահասակներն ամենաշատն ունեն ուշադրության եւ բարի վերաբերմունքի կարիք: Միջոցառման մեկնարկը տրվելու է կրակ վառելով, այնուհետեւ արդեն դահլիճում հին երեւանյան երգերի ներքո կլինի ճաշկերույթ՝ ռոմանտիկ ցերեկույթ: Ներկա կլինեն հայտնի երգիչ Արմեն Դարբինյանը, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Մեծահասակ զույգերի համար գրամաֆոնով կհնչի Աստոր Պիացոլլայի երաժշտությունը, կլինի պարի մրցույթ: Ա. Վարդանյանի խոսքով` միջոցառումն ընդամենը սկիզբն է, որը կունենա շարունակություն: 25 տարի Հոլանդիայում ապրած հայ գործարարը նշում է, որ քաղաքակիրթ երկրներում եւ Հայաստանում անհամեմատելի տարբեր են տուն-ինտերնատների եւ տարեցների կյանքի պայմանները. «Հայաստանի ծերանոցներում ապրող մարդկանց կյանքը միապաղաղ է, տխուր, եւ ցանկացած դրական փոփոխություն լուսավորում է նրանց առօրյան: Ուզում ենք մեր այս միջոցառմամբ օրինակ ծառայել, որպեսզի շատ մարդիկ մտածեն ինչ-որ լավ բան անելու մասին: Ծերերի, հաշմանդամություն ունեցողների նկատմամբ նման վերաբերմունքն արտասահմանում կյանքի նորմա է, իսկ մեզ մոտ դեռ հազվադեպ պատահող երևույթ է, որի վրա զարմանում ենք»,-ընդգծեց Արտյոմ Վարդանյանը եւ ավելացրեց. «Արտասահմանում կյանքի որակը լրիվ ուրիշ է. այնտեղ ծերանոց գնալը ողբերգություն չէ, ընդհակառակը` շատերն իրենք են ձգտում ապրել ծերանոցներում: Մեզ մոտ ծերերը ստիպված են գնում ծերանոցներ` հոգեբանորեն ճնշված, նեղսրտած , այդ մարդկանց համար ուշադրությունն ամենակարեւորն է»:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164005&l=am/