ԹԵԺ ՊԱՅՔԱՐ` ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ
Արխիվ 12-16
ԹԵԺ ՊԱՅՔԱՐ` ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՆ
Ինչպես հայտնի է փետրվարի 12-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա Մարդու Իրավունքների պաշտպանի նոր թեկնածու ընտրություն:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը ՄԻՊ ընտրություններում կառաջադրի ու կպաշտպանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, որի մասին հայտնել է խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, ինչպես տեղեկացրել խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, դեռ չի որոշել` ում թեկնածությունն է առաջադրելու:
ՀԱԿ-ն էլ, իր սեփական շողքից վախեցած, հայտարարել է, որ ՄԻՊ-ը ընտրությունը վերահսկվելու է ՀՀԿ-ի կողմից և, ըստ երևույթին, իրենք չեն մասնակցի գործընթացին:
«Ժառանգություն» խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, եւս կպաշտպանի Զ. Փոստանջյանի թեկնածությունը:
Ի դեպ նշենք, որ վերջինիս թեկնածությունը առաջադրել է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով քաղաքական թիվ մեկ ամբիոնից կուրծք է ծեծում տիկնոջ համար:
Հայտնի է նաեւ, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունն ունի իր թեկնածուն`Մակար Եղիազարյանը:
ՀՀԿ-ն առաջադրել է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:
Հետաքրքիր է` ինչո՞ւ չէ նաեւ թեժ պայքար է տեղի ունենալու, քանի որ, ըստ էության, ձայների հարաբերակցությամբ ՀՀԿ-ն այս դեպքում փոքր ինչ դժվարություն կունենա` հանդիսանալով իր թեկնածուի միակ պաշտպանն ու կողմ քվեարկողը գոնե այս պահի դրությամբ: Նշենք նաեւ, որ ընտրված թեկնածուները պետք է հավաքեն պատգամավորների ձայների 3/5-ը կամ 79 ձայն` 131 հոգուց` փակ գաղտնի քվեարկությամբ: Հանձնաժողովը բաղկացած է 12 հոգուց, որտեղ հարկավոր է մասնակիցների ձայների կեսը ՄԻՊ թեկնածու առաջադրվելու համար:
Թե ինչ զարգացումներ կլինեն, պարզ կդառնա առաջիկա ուրբաթ օրը:
Հիշեցնենք, որ հանձնաժողով դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 9-ին`ժամը 18-ին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163970&l=am/