ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՆ Է»
Արխիվ 12-16
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՆ Է»
«Շենգավիթ» ԲԿ-ում հղի Մերի Մարգարյանի մահվանից հետո բժիշկների որակավորման խնդիրը նորից ակտուալ դարձավ: Ո՞վ է, ի վերջո, պատասխանատու բժշկի մասնագիտական գործունեւության համար: Առողջապահության նախարարությունը այս հարցում պարզվում է իրավասու չէ միջամտել: «Բժիշկների գիտելիքների ու վերապատրաստումների հսկողությունը դրված է բժշկական այն կազմակերպությունների ու տնօրինությունների վրա, որտեղ աշխատում է տվյալ բժիշկը: Եթե բժշկական կազմակերպության բժիշկները հինգ տարին մեկ չեն վերապատրաստվել, դա հիմք կարող է լինել ԲԿ-ին զրկել բժշկական լիցենզիայից »,- «Իրավունք»-ին ասել էր առողջապահության նախարարության անձնակազմի կառավարության վարչության պետ Սամվել Սողոմոնյանը:
«Իրավունք»-ը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից պարզեց` հաշվի առնելով վերջին շրջանում թե՛ նորածինների, թե՛ հղիների մահվան դեպքերը, արդյոք ժամանակը չէ՞, որ նախարարությունն իր վրա պարտականություն վերցնի բժիշկների գիտելիքների ու վերապատրաստումների հսկողությունը: Երկրորդ, եթե բժիշկները հինգ տարին մեկ վերապատրաստում չեն անցել, քանի՞ բժշակական կազմակերպություն է լիցենզիայից զրկվել: «Նախ ուզում ես ասել, որ վերջին շրջանում մայրական մահացությունների թիվը նվազել է: Ինչ վերաբերում է բժշկի մասնագիտական շարունակական գործունեությանը, դա մարդու իրավունքն է: Առանց համապատասխան հիմքերի` նախարարությունն իրավունք չունի բժշկի գործունեությունը դադարեցնել, քանի որ դա իրավապահ մարմինների գործն է:
Ինչ վերաբերում է բժշկական կազմակերպություններին լիցենզավորումից զրկելուն ու լիցենզիայից զրկված բժշկական կազմակերպությունների թվին, նախարարի խոսքով դա արվում է համապատասխան բողոքի հիման վրա` դատական կարգով:
Հ.Գ. Արմեն Մուրադյանն այդպես էլ լիցենզիայից զրկված բժշկական կազմակերպությունների թիվ չլսեցինք: Ավելին` երեք ժամ շարունակ փորձեցինք զրուցել առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության բաժնի պետ Կարեն Կոստանյանի հետ, սակայն մեզ մի դեպքում ասացին` խորհրդակցության է, մյուս դեպքում էլ` խորհրդակցություն է հրավիրել: Երեւի լիցենզավորման գործակալության պետը մոռացել է, որ նրա պարտականություններից մեկը լրատվամիջոցներին պարզաբանումներ տալն է, առավելեւս, որ լրագրողները գործակալությանը տարվա ընթացքում հազիվ մեկ-երկու անգամ դիմեն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163955&l=am/