ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «60.000-ԱՆՈՑ ՔԱՂԱՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԵԼ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16
ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ. «60.000-ԱՆՈՑ ՔԱՂԱՔՆ
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԵԼ Է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում
խոսեց Հրազդանի ձեռքբերումների, խնդիրների ու ծրագրերի մասին: Նրա խոսքով` քաղաքի բնակչությունը 18-24 ժամյա ջրամատակարարմամբ է ապահովել, իրականացվել է 480 կմ ջրագծերի վերանորոգում, գազաֆիկացվել է մոտավորապես 60.000 բնակիչ ունեցող քաղաքը: Սա դեռ ամենը չէ: Քաղաքապետի տեղեկացմամբ` քաղաքում բարձր մակարդակով կատարվում են աղբահանման աշխատանքներ: «Դուք հիշում եք, որ Հրազդանում երկու տարի կենտրոնացված ջեռուցում կար: Իմ ղեկավարման տարիներին մեր ազգաբնակչությանը անվճար ջեռուցմամբ ապահովեցինք: Սակայն երբ ռուսական կողմը գնեց Հրազդանի ՋԷԿ-ը, քաղաքացիներից գումար էին պահանջում իրենց ծառայությունների դիմաց: Խոսքը 550 մլն դրամի մասին է տարվա կտրվածքով: Ազգաբնակչությունից, սակայն, մենք հավավաքագրում էինք 20 միլիոն դրամ: Այսինքն` գումարի մնացած մասը մարում էր Հրազդանի քաղաքապետարանը: Երկու տարվա ընթացքում ռուսական կողմին փոխհատուցվել է մեկ միլիարդ դրամ »,-մանրամասնում է քաղաքապետը:
Քաղաքապետի խոսքով` Համաշխարհային բանկը նախատեսում է 8 մլն դոլարի ներդրում կատարել` Հրազդանի աղբավայրի կառուցապատման համար:
Խոսելով քաղաքի զարգացման ծրագրերի մասին գործադիր մարմնի անդամն ասաց, որ նախատեսվում է ուշադրության կենտրոնում պահել քաղաքաշինական բոլոր խնդիրները` փոխել քաղաքի ջրահեռացման քայքայված խողովակները, պահպանել բազմաբնակարան շենքների տանիքները, որոնք կապիտալ վերանորոգվել են եւ այլն: Հրազդանում զարգացած է նաեւ փոքր եւ միջին բիզնեսը: Քաղաքապետը հավաստիացնում է` մարդիկ կապվել են իրենց հող ու ջրին ու ներդրումներ են կատարում:
Ի տարբերություն մարզային այլ քաղաքների, Հրազդանում գործում է առողջաապահական ժամանակակից կենտրոն, արդյունաբերական կառույցներ:
Ինչ վերաբերում է քաղաքի սոցիալական խնդիրներին,Ա. Դանիելյանի խոսքով` մեղմելու համար քաղաքապետարանն իրականացնում է սոցիալական մի շարք ծրագրեր:
Մշակութային կյանքը եւս Հրազդանում աշխույժ է: Արամ Դանիելյանն իր ղեկավարման տարիներին կարողացել է ապահովել 12 մանկապարտեզի, երկու երաժշտական դպրոցի, երեք սպորտի ու երկու արվեստի դպրոցի գործունեությունը: Քաղաքապետ դառնալուց հետո Դանիելյանի ջանքերով Հրազդանի թատրոնը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում ու ենթակայության տակ:
Հրազդանում այս տարի քաղաքապետի ընտրություններ են: Ինչպե՞ս է գնահատում ընտրվելու իր շանսերը Արամ Դանիելյանը, ով մոտ տասը տարի է, ղեկավարում է Հրազդանը: «Իմ թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ը: Տարիների ընթացքում Հրազդանի ազգաբնակչությունն ինձ վստահել է, քանի որ ամեն օր շփվում եմ քաղաքացիների հետ: Վստահ եմ ` ինձ նորից կվստահեն: Ինչ վերաբերում է այլ թեկնածուներին, թող առաջադրվեն, կխոսենք»,- ասաց նա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Մանրամասները` տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163951&l=am/