«ՄԵՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16
«ՄԵՐ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Հայրենի խորհրդարանը երեկ ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, իսկ շաբաթվա գլխավոր քաղաքական թեմաները շարունակում են մնալ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հնարավոր համագործակցությունը, ՄԻՊ թեկնածուի շուրջ դեռեւս թեժացող պայքարը, իսկ ստվերում` փողոցային պայքար ընտրած ընդդիմադիրների խոստումները` համազգային միտինգներ անելու մասին: Այս ամենի շուրջ էլ որոշակի պարզաբանումներ ստացանք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ:
«ԴԵՌ ՊՈՐՏՖԵԼՆԵՐԻ ՀԱՐՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ»
– Պարոն Բաղդասարյան, մամուլում նույնիսկ շրջանառվում է, թե կոնկրետ որ նախարարական պորտֆելներն ու մարզպետների պաշտոններն է ՀՀԿ-ի կողմից զիջվելու ՀՅԴ-ին: Իրականում ի՞նչ փուլում է ՀՅԴ-ի հետ կոալիցիա ստեղծելու գործընթացը:
– Քննարկումները շարունակվելու են այսօր էլ, վաղն էլ, բայց դեռ պորտֆելների հարց չի քննարկվել: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում արդեն վերջնական պատասխաններ կլինեն: Բայց ամբողջ անհանգստությունը կոալիցիա կազմելու մեջ պորտֆելները չեն, ինձ համար սա ամենավերջին խնդիրն է: Նախ հայացքները ճշտելու հարց կա, վերջիվերջո, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կուսակցություններ են, քաղաքական տարբեր ուժեր են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գաղափարախոսությունը, իր ծրագրերը: Եվ եթե համագործակցություն ասելով` հասկանում ենք կոալիցիա, ապա այդտեղ բավականին հարցեր պետք է համապատասխանեցվեն եւ գնան մի ուղղությամբ: Չէ որ Ձեր նշած կոալիցիոն գործընկերը վերցնում է ոչ միայն պորտֆելների պատասխանատվությունը, այլ նաեւ` ամբողջ երկրի:
– Ամեն դեպքում, հիմնական խոսակցությունները ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի եւ Դավիթ Լոքյանի շուրջ է, որոնք ընկալվում են որպես նախարարների ամենահավանական թեկնածուներ...
– Ես խոսակցություններով չեմ առաջնորդվում, այլ փաստերով: Բոլորի մեջ էլ տեսնում եմ իրենց հնարավորությունները, իրենց ուժերը: Նրանք բավականին կայացած մարդիկ են, բայց կան շատ այդպիսի մարդիկ: Այնպես որ, երբ կքննարկվի այս հարցը, ես ձեզ խոստանում եմ շատ մանրակրկիտ ասել` ով եւ ինչու համար կստանձնի որեւէ պաշտոն:
«ԻՆՉ Է, ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ»
– ԱԺ "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավորները բազմիցս նշել են, որ իրենք չեն ստացել կոալիցիայի մաս կազմելու առաջարկ: Ե՞րբ կգա նրանց հերթը:
– Մեր դռները բաց են բանակցությունների համար, եւ մենք բոլորին ենք առաջարկել: Ինչ է, գրավոր առաջարկությո՞ւն են ուզում: Մենք ասել ենք, որ ով բանակցելու բան ունի, մեր կուսակցության դռները բաց են, կարող են գալ, քննարկել:
– Այսինքն` ՀՅԴ-ն իր նախաձեռնությա՞մբ է որոշել բանակցել կոալիցիայի մաս դառնալու վերաբերյալ:
– Մեր հորդորին արձագանքել է Դաշնակցությունը, եւ մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել նրանց հետ: Պարտադիր չէ, որ համագործակցությունը միայն լինի կոալիցիա կազմելով, սահմանադրական բարեփոխումների ժամանակ էլ է եղել այդ համագործակցությունը, ինչն աստիճանաբար վերաճել է, որ պետք է լինի նաեւ քաղաքական համագործակցություն:
– Իսկ այդ համագործակցությունը ենթադրո՞ւմ է, որ կբավարարվեն ՀՅԴ-ի հայտնի 7 կետից բաղկացած պահանջները:
– Սա էլ է բանակցության թեմա, բայց մենք նախապայմաններով չենք առաջնորդվում: Մենք ունենք այն, ինչ ունենք:
«ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ` ԿԱՅԱՑՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ»
– Կհաստատե՞ք այն տեղեկատվությունը, որ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կլինի ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուն:
– Քննարկվում է նաեւ նրա թեկնածության հարցը, իսկ ով կլինի ամենահավանական թեկնածուն, պարզ կդառնա խմբակցության նիստից հետո:
– Եվս մեկ հարց Ազատության հրապարակում տիրող իրավիճակի մասին. ընդդիմության այդ թեւը նախատեսում է համազգային միտինգներ իրականացնել: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ինձ անհանգստացնում է նրանց ճակատագիրը` կայացման առումով: Եվ բոլորիս պետք է անհանգստացնի այդ խնդիրը: Իսկ այդ հանրահավաքները կլինեն նախորդների նման` անպտուղ, անարդյունք: Այնպես որ, մենք անհանգստացած ենք իրենց համար, որովհետեւ եղանակն անբարենպաստ է, ու այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվելու: Մենք նման հարցերով չենք հետաքրքրվում եւ ժամանակ էլ չունենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=163943&l=am/